‘Ռետրո Մամուլ. Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Զոհվել է Մոնթեն’

3028

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ բնականաբար ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափոկումների: Այդուհանդերձ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ըթնացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը, դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:

1993 հունիսի 15

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ գնդակոցվել են Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի շրջանի գյուղերը: Հայկական ուժերը հակահարվածում են: Կան զոհեր: Զոհվել է Մոնթե Մելքոնյանը:

Մեկնաբանություն գրառումների հեղինակի կողմից. հաղորդագրությունից երեւում է, որ նախորդ օրը սկսված մարտերը շարունակվում են, եւ դատելով ամեն ինչից, ծավալվում է հայկական կողմի գործողությունը Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ:

Շարքի առաջին նյութն` այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Բարեփոխիչ, միջուկային բանակցող. ԻԻՀ-ն նոր նախագահ ունի ‘
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն`միացյալ ընդդիմության թեկնածու’