‘Ռետրո մամուլ. Դաշնակցության երիտթեւը հեղափոխության կոչ է անում’

20539

(Ռետրո մամուլ շարքի մասին)

Շարունակելով մեր շարքը՝ այսօր ներկայացնում ենք 1919-ին Երեւանում հրապարակվող «Շանթ» թերթի խմբագրականը: Ինչո՞վ է այն հետաքրքիր: «Շանթը» Հայ հեղափոխական դաշնակցության աշակերտական միության օրգանն էր, խմբագիրը՝ 19-ամյա Հայկ Ասատրյանը: Պաշտոնական այս տեղեկանքը, սակայն, շատ քիչ բան է ասում թերթի բովանդակության մասին:

Նախ՝ «աշակերտական»-ն այստեղ պետք է հասկանալ ոչ թե դպրոցական իմաստով, այլ որպես երիտասարդական միություն: Խաբուսիկ տպավորություն կարող է թողնել նաեւ թերթի՝ Դաշնակցության պաշտոնական օրգան լինելը: Չնայած իշխող կուսակցության երիտթեւին պատկանելուն՝ «Շանթը» քննադատում է Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունն ամենաարմատական դիրքերից: Թերեւս չեմ չափազանցի, եթե ասեմ, որ երիտասարդ դաշնակների այս քննադատությունը շատ ավելի հեռուն է գնում, քան այն ժամանակվա պաշտոնական ընդդիմության՝ մենշեւիկների, էսեռների եւ ժողովրդականների ընդդիմախոսությունը: Ընդհանրապես, ի պատիվ Առաջին Հանրապետության՝ պետք է ասել, որ չնայած բազմաթիվ թերությունների, հենց իշխող ուժը ներկայացնող մամուլն է հաճախ եղել կառավարության քննադատության առաջին գծում: Բայց նույնիսկ այս իրողությունը հաշվի առնելով՝ «Շանթը» առավել արմատական է բոլորից:

«Շանթ»-ի՝ դաշնակցական օրգան լինելը խաբուսիկ կարող է լինել նաեւ մի այլ տեսակետից: Չնայած ժամանակի Դաշնակցության մամուլում ձախ՝ սոցիալիստական դիրքերից հանդես եկողները քիչ չեն, բայց «Շանթն» այս իմաստով էլ է ծայրահեղ՝ նրա ձախությունը գրեթե չի տարբերվում կոմունիստական երանգից: Միակ տարբերությունն, իհարկե, ազգային հարցն է, բայց նույնիսկ այս հարցում թերթն ունի սովորականից տարբեր դիրքեր՝ համարելով, որ ազգը նույնանում է աշխատավոր դասակարգին, եւ հայրենքին էլ պատկանում է միայն վերջինիս: Մի խոսքով, եթե «Շանթի» վրա դաջված չլիներ Դաշնակցության անունը, կարելի էր պատկերացնել, որ կարդում ենք կոմունիստական մի թերթ: Այս առումով թերթի ներկայացրած դիրքորոշումը, թերեւս, կարող ենք կոչել «ազգային բոլշեւիզմի» մի կորցրած հնարավորություն:

Վերջապես, «Շանթը» հետաքրքիր է նաեւ իր խմբագրով: Հայկ Ասատրյանի անունը չգիտեմ ընթերցողներից քանիսին ինչ ասաց, բայց իմացողները թող չզարմանան, որ սա այն նույն Հայկ Ասատրյանն է, որ 1930-ականներին Բուլղարիայում դարձավ Նժդեհի աջ ձեռքը, տարոնականություն կոչված շարժման հիմնական գաղափարախոսը, ի վերջո՝ 1935-ին վտարվեց ՀՅԴ-ից, 1940-ականներին եղավ գերմանացիների հետ համագործակցության փորձերի մասնակիցներից, ապա ձերբակալվեց Բուլղարիան գրաված սովետների կողմից, նետվեց բանտ եւ մահացավ 1956-ին՝ ազատվելուց անմիջապես անց:

Նրանից մնացել է բավականին հետաքրքիր տեսական ժառանգություն, որը եթե, մի կողմից՝ արտահայտում է ժամանակի ոգին, մյուս կողմից էլ՝ ինքնատիպության խորը կնիք ունի: Նրա երկերի Հատընտիրը հապարակվել է Երեւանում 2004 թ.՝ Մուշեղ Լալայանի խմբագրությամբ: Հատկապես հետաքրքիր են Հայկական լեռնաշխարհի քաղաքական, ռազմական, պատմական իմաստավորմանը նվիրված նրա հոդվածները, իսկ «Հայաստանը արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գիրքը, թեեւ գրվել է նաեւ գերմանացիների աչքում հայերին դրական կողմից ներկայացնելու միտմամբ, սակայն մեր նոր շրջանի ազատագրական պայքարի ուշագրավ վերլուծություններ է պարունակում: Ինչպես տեսնում ենք, Ասատրյանի աշխարհայացքը ժամանակի ըթնացքում շատ է փոխվել՝ գրեթե կոմունիստականից մինչեւ ազգայնական եւ հակաբոլշեւիկյան: Առավել հետաքրքիր է, ուրեմն, նրանց, ովքեր ծանոթ են նրա ուշ շրջանի գրվածքներին, ծանոթանալ նաեւ երիտասարդ տարիքի հայացքներին: Պետք է ասել, որ չնայած աշխարհայացքային արմատական տարբերությունների՝ երիտասարդ եւ հասուն տարիքի Հայկ Ասատրյանի մոտ նույնն են մնում կիրքը, գրչի տաղանդը, վճռականությունը եւ ինքնատիպությունը:


ՕՐՀԱՍԸ ՊԻՏԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԱՑՆԻ

Սառն անարդարութիւնների և արիւնոտ հակասութիւննևրի մի սառն ու արիւնոտ պատմութիւն է ապրում հայ ժողովուրդը։

Ինքնավար Հայաստանում… դեմոկրատիայի արիւնով և աշխատանքի վաստակով այլանդակօրէն յագեցած բոլոր պաշտօնեայ-լիազօրներն ու խեղաթիւրւած չարչի-բուրժուաներն յղփանքի ե զեղխութեան չնաշխարհիկ օրեր են վայելում…

Ինքնավար Հայաստանում… պարտւած, յուսահատ, թափառական և յեղափոխական մտածողութիւնից զուրկ դեմոկրատիան վախկոտ ու անգիտակ թաւալւում է տրտունջների և ստրկական հակումների սև գալարաններում…

Աշխատաւորական Հայաստանում… աշխատաւորր մեռնում է մի կտոր գարշ հացի համար և յղփացած քաղքենին ապագայ Հայաստանի լայն սահմաններ է ծրագրում և դրանով էլ հանգստացնում իր գարշելի հոգու ողորմելի խիղճը…

Եւ ու՜ր է սակայն մեր ժողովրդի փրկութեան ելքը…

Բուրժուական հոգեբանութեամբ սրբագործւած և քաղքենիական «ազնւութեամբ» երաշխաւորւած հացի ու արդարութեան խոստումներն են միայն ծանրացել մեռնողների հոգուն, ծանրացել են, որպէս անէծք և ստախօսութիւն ոճրագործ շրթունքների, որպէս արհամարհանք ու հեգնանք վայրագ հոգիների.

Եւ գիւղերում խաւարի և լռութեան մէջ մեռնում է… մեռնում ու մեռնում հայ մուրացկան աշխատաւորութիւնը։

Մայրաքաղաքում ցոփ հարստի անառակապատում ապրանքի պատերի տակ, փողոցների պիղծ մայթերի վրայ, ոճրապատում սակարաններում և ամենուր հոգեվարք է և հառաչանք սովալլուկ այրիների, որբերի…

Երկու հարիւր օր է, որ այս անիծեալ հեքիաթը ծանր մղձաւանջի պէս իջել է մեր աշխարհի բութ և անզգայ հոգիների վրայ։

Երկու հարիւր օր է… և ո՛չ մի մաքուր խիղճ ջղաձգութիւնից չսասանւեց, ո՛չ մի յեղափոխական գիտակցութիւն չցցւեց աշխատաւորութեան «բարեկամների» ստրկական հոգիներում, ո՛չ մի խիզախ, անաղճատ մտածողութիւն չհանդգնեց մեռնողների փրկութեան ուղիղ ճանապարհը մատնանշել…

Ինչու՞… ինչու՞… ինչու՞…

Ւնչու՞ բոլոր մեռնողների մէջ չգտնւեց յեղափոխական խիզախը, որ դուրս գար մուրացիկ ստրկութեան երկաթեայ օղակից, որ իր կեանքի տխուր վերջալոյսին քաղցր գալարումների մէջ ջղաձգային կատաղութեամբ կուշտի տունը հրդեհէր, աւերէր ու աւարէր, գէթ մէկին վիրաւորէր կամ սպանէր, գէթ աշխարհի սրիկայ աստւածներին հայհոյէր, գէթ մի խանութի ցուցանակի

ապակին ջարդէր…

Ինչու՞ այս այլանդակ կարգերի դէմ մի կազմակերպւած ապստամբութիւն, մի կործանարար ընդվզում չհեղինակեց Հայաստանի զրկւած և ապերախտօրէն մահւան մատնւած աշխատաւորութիւնը։

Անողոք ճակատագիր… միայն գթութեան մրմունջներ, մուրացկանի նււոցներ են լսւում։ Դժգոհ և վախկոտ տատանումներ, աղերսող կմախքներ և սովահար, այլանդակ դիակներ են տեսնւում։

Եւ ու՞ր է սակայն մեր ժողովրդի փրկութեան ելքը…

Երկու հարիւր օր է, որ ինքնավար Հայաստանում, հայ ընչազուրկ աշխատաւորութիւնը ստրուկ, անկազմակերպ ու մուրացիկ մի ամբոխի սև ճակատագրին հլու գնում է դէպի գերեզմանը յավերժական խայտառակութեան։

Երեսնամեայ յեղափոխական մրրկածուփ խիզախումների փառահեղ էջերից յետոյ երբէք մեր պատմութիւնը այսքան անօթապարտ ստրկական ու ապերախտ փաստեր չպիտի արձանագրէր…

Հեղափոխական սերունդների հոգում հայկական այս զազիր ողբերգութիւնը արհամարհանքի կարեկցանք միայն կարող է յարուցել։

Եւ յիրաւի ապրելու ո՛չ մէկ իրաւունք չունի այն ամբոխը, որ միայն մուրալ գիտէ, որ քաղցի տագնապների մէջ իր կուրութիւնը հաւանում է և ուրիշի սառն գթութեան, ո՛չ խլելու մասին աղոտ հասկացողութիւն անգամ չունի։

Եւ պիտի սպառւի այս ժողովուրդն անփառունակօրէն, եթէ կուռ ու կատաղի գալարումով ոտքի չկանգնի, արիւնով ու կռվով խլելու իր գոյութեան իրաւունքը…

Քաղցի օրհասը պիտի յեղափոխականացնի մեռնողներին։

Այն ժողովուրդը, որ քաղցի ճիրաններում չի յեղափոխականանում, ստրուկ է և պիտի մեռնի։  

«Շանթ» #11, 1919, 11 մարտի

Խմբագրական

Նախորդ հոդվածը‘Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ’