‘Ռետրո մամուլ. Հայոց լեզվի խնդիրը Առաջին Հանրապետության օրերին’

21046

Երկու խոսք: 19-20-րդ դարի հայ մամուլը: Իլուրի նոր շարքը

Այս հրապարակմամբ նոր շարք ենք սկսում՝ ներկայացնելով անցած եւ նախանցած դարերի հայկական մամուլի ուշագրավ հրապարակումները: Դրանց մեծ մասն իսպառ մոռացված է այսօր եւ հայտնի է միայն նեղ մասնագիտացում ունեցող գիտնականներին: Բայց վստահ ենք, որ հետեւելով մեր շարքին՝ կհամոզվեք, թե հաճախ որքան արդիական, որոշ դեպքերում՝ անսպասելի, իսկ այլ դեպքերում էլ՝ զարմանալիորեն ծանոթ են այն խնդիրները, տեսակետները եւ բանավեճերը, որոնք ընթացել են մեզնից 50, 100, 120 եւ այլն տարիներ առաջ: Հայոց լեզվի կարգավիճակը, Ղարաբաղյան հարցը, թուրքերի հետ հաշտեցման հնարավորությունը կամ անհնարինությունը, պետական պաշտոնյաների փչացման աստիճանը, ընտրությունների կեղծումը, արտաքին քաղաքական կողմնորոշումը եւ բազմաթիվ այլ ծանոթ, շա՜տ ծանոթ խնդիրներ…..: Իսկ մյուս կողմից՝ կարո՞ղ եք պատկերացնել, որ «Մշակ» թերթը 1918-ին առաջարկում էր Հայաստանը կցել ….Ադրբեջանին, կամ շատե՞րն են արդյոք տեղյակ, որ 1920-ականների երկրորդ կեսի դաշնակցական մամուլի առաջատարները օրվա հրամայական էին համարում հայ-թուրքական հաշտությունը՝ անիրատես ռոմանտիկներ կամ ՍՍՀՄ գործակալ համարելով այդ տեսակետի քննադատներին: Ի վերջո, պարզապես հետաքրքիր է տեսնել, թե ի՛նչ էին գրում թերթերը, օրինակ, Սարդարապատի ճակատամարտի կամ Կարսի անկումից առաջ եւ հետո, ռուսական եւ օսմանյան հեղափոխությունների օրերին, Սեւրից եւ Լոզանից անմիջապես անց, Րաֆֆու եւ Շիրվանզադեի վեպերի հրապարկման օրերին եւ այլն, եւ այլն:

Մեր սկզբունքը լինելու է հնարավորինս հավասարապես ներկայացնել ամեն տվյալ ժամանակի հակոտնյա տեսակետները եւ քաղաքական հոսանքները՝ կողմերից ոչ մեկին նախապատվություն չտալով: Մեր միակ սահմանափակումը ձեռքի տակ ունեցած նյութի քանակն է: Օգտվելու ենք Հայաստանի Ազգային գրադարանի կողմից վերջին տարիներին շարունակաբար թարմացվող թվայնացված արխիվից: Այս անչափ կարեւոր գործի համար, ի դեպ, բոլորս պետք է շնորհակալ լինենք դա իրականացնողներից: Եվ քանի որ այդ արխիվի բովանդակությունը, բնականաբար, ամբողջական չէ, եւ դրանում այս կամ այն պարբերականի թվայնացման առաջնահերթությունը մենք չենք որոշում, ապա պետք է օգտվենք նրանից, ինչ կա: Չնայած իրականացված է ահռելի քանակի գործ, բայց դեռ պակասում են շատ կարեւոր օղակներ: Ինչեւէ, եղածն էլ բավական է՝ առանց որեւէ խնդրի իրականացնելու մեր նախագիծը:

Սկզբնական շրջանում կկենտրոնանանք հիմնականում 20-րդ դարի առաջին քառորդի վրա՝ ժամանակ, որը, մի կողմից՝ լեցուն է դրամատիկ իրողություններով, մյուս կողմից էլ՝ թերեւս ամենահարուստն ու բազմազանն է ոչ միայն հասարակական հոսանքների, այլեւ մտքի եւ տաղանդների տեսակետից: Այն սերունդը, որն ապրեց եւ գործեց այդ շրջանում, թերեւս էլ երբեք չկրկնվեց մեր պատմության մեջ (նույնը կարելի է ասել նաեւ համաշխարհային մասշտաբով՝ հազիվ թե կա ավելի հետաքրքիր եւ ողբերգական շրջան մարդկության նոր պատմության մեջ, եւ միաժամանակ՝ ավելի բազմատաղանդ սերունդ, քան 20-րդ դարի առաջին կեսինը):

Շարքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր մեր կայքի համար այս բավականին բարդ շրջանում բարոյական եւ հոգեբանական աջակցություն են ցուցաբերել, եւ մյուս կողմից՝ նրանց, ովքեր մի քանի ամիս է սպասում են Իլուրի «մահվանը», բայց այդպես էլ մուրազը փորներում  մնաց: Հուրախություն շատերի եւ ի հեճուկս սակավների՝ ոչ միայն կանք, այլեւ միշտ հետամուտ ենք նոր մտահղացումների եւ նախագծերի:

*           *           *

Մեր շարքը սկսում ենք հայերիս մեջ, ցավոք, գրեթե մշտական՝ հայոց լեզվի կարգավիճակի եւ հայերենի ու ռուսերենի փոխհարաբերության խնդրից: Խնդիրը եղել է խիստ արդիական 1880-ականներին, 1900-ականներին, ապա եւ Առաջին Հանրապետության տարիներին: Ներկայացնում ենք այս խնդրին նվիրված «Հայաստանի աշխատավոր» թերթի խմբագրականը:

Երկու խոսք «Հայաստանի աշխատավոր»-ի մասին: Այն եղել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական եւ Երեւանի քաղաքային կոմիտեի օրգան: Չնայած դրան՝ թերթը հաճախ քննադատել է ՀՀ կառավարությանը՝ հիմնականում ձախ դիրքերից: Ընդհանրապես, ինչպես եւ Թիֆլիսի «Աշխատավորը», այն ներկայացրել է Դաշնակցության ձախ թեւի տեսակետները: Մյուս կողմից՝ ազգային հարցում թերթը սուր պայքար է մղել ոչ դաշնակցական ձախ հոսանքների՝ մենշեւիկների եւ էսեռների դեմ, որոնց համար, օրինակ, հայոց լեզվի հարց բարձրացնելը դատապարտելի «նացիոնալիզմ» էր: Իսկ «աջ թեւից» «Հայաստանի աշխատավորը» բանակռիվների մեջ է մտել «բուրժուական» ժողովրդական կուսակցության դեմ:

«Հայաստանի աշխատավորը» խմբագրել է ժամանակին հայտնի գործիչ եւ հրապարակախոս Վահան Խորենին (Տեր-Գեւորգյանը, 1884-1920)՝ Գեւորգյան ճեմարանի, Հալեի համալսարանի բժշկական եւ Լայպցիգի համալսարանի պատմափիլիսոփայական բաժինների շրջանավարտ, դոկտոր, Ներսիսյան վարժարանի դասախոս, ՀՀ խորհրդարանի պատգամավոր 1919-ից: 1920-ին նա գնդակահարվել է բոլշեւիկների կողմից Զանգեզուրում, ուր ուղարկվել էր ՀՀ կառավարության կողմից հատուկ առաքելությամբ:

 «Հայաստանի աշխատաւոր» #47, 1919, 27 ապրիլի

Խմբագրական

Երեւան, 27 ապրիլի

Որքան էլ ցաւալի, բայց դառն ու տխուր փաստ է, որ Հայաստանի հանրապետութեան պետական լեզուն օտար և ժողովրդի մեծամասնութեանը անհասկանալի լեզու է։ Այդ դեմոկրատական-պետական անոմալիան, մայրենի և ժողովրդին հասկանալի լեզւի վտարումը պետական հաստատութիւններից մեր կառավարութեան գլխավոր արատներից մէկն է։

Այդ և մի շարք այլ պատճառներով է, որ մեր հանրապետութիւնը որոշ պետական գոյն չունի, որ դա միայն անունով է Հայաստան։ Այլապէս չգիտես՝ թէ ինչ երկիր ու պետութիւն է այս։

Եւ որովհետև մեր անկախացման և ուրոյն պետութիւն ստեղծելու գլխավոր գործոններից մէկն էլ լեզւի ազգայնացում պետականացումն ենք համարում, ուստի և մենք յամառ պայքար պիտի մղենք դրա համար։ Տեխնիքական և ժամանակաւոր դժւարութիւնները մեզ համար վերջնական արդարացումն չեն։

Յամառ կերպով և տեղի ու անտեղ ռուսերէնի գործածութիւնը մենք հայերէնը իւրացնելու բարի կամքի բացակայութեամբ և ուղղակի չկամութեամբ ենք բացատրում։ Երբ անգամ մինիս. գրասենեակների կառավարիչներ օտարազգիներ են հրավիրւում նաև այսօր, մենք այդ ակներև անբարեացակամութիւն ենք համարում դէպի հայ դեմոկրատիայի լեզուն, դէպի նրա քաղաքացիական իրաւունքները։

Հայաստանի հայ քաղաքացին նրա հիմնարկութիւնների մէջ պէտք է հայերէն բացատրւի։ Սա մի տարրական դեմոկրատական պահանջ է։ Նա իրեն այստեղ իր տանը և հարազատ միջավայրում պէտք է զգայ։ Մինչդեռ մեր քաղաքացիների 80 տոկոսը, մանաւանդ ամբողջ տաճկահայութիւնը, իրեն այստեղ չհասկացւած, խորթ ու անհարազատ է զգում։ Այսպիսի աննորմալութիւն լինել չի կարող։ Մեր պ. պ. մինիստրներն ու նրանց գրասենեակի կառավարիչները և այլն պէտք է ընդունեն, որ նախ այս պետութիւնը Հայաստան է և ապա որ նրա մէջ ապրող հարիւր հազարաւոր՝ ռուսերէն և ոչ մի բառ չհասկացող տաճկահայերն ու հայ գիւղացիներն էլ Հայաստանի ռամկավար հանրապետութեան քաղաքացիներ են։

Ուստի և մենք պահանջում ենք, որ՝ թէկուզ աստիճանաբար, բայց անյապաղ ու հաստատապէս հայերէնը պետականացւի և գլխաւոր գործածական լեզուն դառնայ բոլոր հաստատութիւններում։

Նախորդ հոդվածը‘Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է’
Հաջորդ հոդվածը‘Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում’