‘Ռետրո մամուլ. Պետք է բացառվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը ‘

2113

Նախագահական ընտրությունների առիթով սկսված բուռն քննարկումները մեծ մասամբ հանգում են նրան, որ արդեն իսկ կա կանխորոշված ու անառարկելի մեկ թեկնածու՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, եւ փնտրում են, թե ով է լինելու նրա հիմնական մրցակիցը: Թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը համարվում կանխորոշված հավակնորդ, ո՞ր արժանիքների համար՝ անհասկանալի է ու ավելի քան տարօրինակ: Տարօրինակ է, քանզի նրա քաղաքական կենսագրությունն ու բնութագիրը պետք է հիմք դառնային նրա անունն այդ հարթության վրա ընդհանրապես չքննարկելու, նրա թեկնածության մասին ընդհանրապես չխոսելու համար: Իսկ եթե ֆորմալ առումով կարող էր խոսվել, ապա միայն այնքանով, որքանով կարող է խոսվել ՀՀ ընտրական իրավունք ունեցող երկու միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրի մասին, բայց նրանց մեջ էլ՝ ամենավերջում՝ երկումիլիոնմեկերորդը: Բայց ահա, հասարակական քննարկումները, իշխանական, նաեւ ընդիմադիր մամուլն ակամա, անհասկանալի մի տրամաբանությամբ արդեն քանի ամիս է՝ լծվել են հնարավոր երկումիլիոն թեկնածուներից հենց վերջինից Նախագահի պաշտոնի թիվ 1 հավակնորդ կերտելու գործին:

Նրա կերպարը բնութագրող փաստերն ակնհայտ ցուցադրում են, որ այս թեկնածությունը քննարկելն իրոք անհեթեթություն է:

ա) Սերժ Սարգսյանը Երեւանի համալսարանի հեռակա բանասիրական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո անցել է ակտիվ աշխատանքի կոմերիտական, ապա  կոմունիստական կուսակցական համակարգում՝ 10 տարվա հաջող կարիերայով հասնելով մարզկոմի առաջին քարտուղարի (տխրահռչակ Կեւորկովի) օգնականի պաշտոնին: 1988 թվականից, ինչպես բոլորը՝ Լեռնային Ղարաբաղում, դարձել է Ղարաբաղյան շարժման մասնակից, ապա՝ Հայոց համազգային շարժման անդամ, այսինքն՝ արմատապես վերանայել է իր քաղաքական ու գաղափարական հայացքները: Այնուհետեւ հաջողությամբ շարունակել է իր կարիերան Շարժման իշխանության տարիներին, որեւէ տեղում՝ ո՛չ իր գործունեությամբ, ո՛չ գաղափարական սկզբունքների առումով կասկածի տեղիք չտալով: 1998-ի հեղաշրջումից հետո էլ նա երբեւէ չի ակնարկել, թե արդեն այլ քաղաքական սկզբունքներ եւ գաղափարական հայեցակարգ է դավանում: 2003 թվականին, խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, նա մտավ “ցեղակրոն” դավանող Հանրապետական կուսակցություն՝ դառնալով նրա քաղաքական խորհրդի նախագահը, իսկ Ա. Մարգարյանի մահից հետո՝ միանձնյա առաջնորդը: Այսինքն՝ իր ողջ գիտակից «քաղաքական կյանքի» ընթացքում Սերժ Սարգսյանը երեք՝ միմյանց տրամագծորեն հակադիր ու հակոտնյա գաղափարական սկզբունքներ է դավանել. ծայրահեղ ձախ ու ապազգային՝ կոմունիստական, ապա՝ չափավոր ազգային եւ ազատական-ժողովրդավարական, ապա՝ ծայրահաղ աջ՝ ռասիստական-ֆաշիստական (Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը բնորոշող “ցեղակրոնը” “ռասիզմ” բառի հայերեն տարբերակն է): Եթե նա իրականում իր կյանքում ոչ մի քաղաքական գաղափարախոսություն չի դավանել եւ դրանք օգտագործել է սեփական կարիերայի համար, ուրեմն ցուցադրել է քաղաքական սկզբունքների ու հայեցակարգի բացարձակ բացակայություն: Իսկ եթե այդպես չէ, եւ նա ամեն անգամ իրոք փոխել է իր քաղաքական համոզմունքները, ուրեմն՝ այսօր գործ ունենք թիվ 1 ռասիստի հետ: Երկու դեպքում էլ՝ թե՛ որպես անսկզբունք կարիերիստի, թե՛ որպես համոզված ռասիստի, նրան պետք է հեռու պահել անգամ ամենահետին քաղաքական պաշտոնից, էլ ուր մնաց՝ քննարկել նրա թեկնածությունը նախագահական պոստի համար:

բ) Ղարաբաղյան պատերազմի տարիներին Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում էր՝ Պաշտպանության կոմիտեի ղեկավար, ապա՝ ԼՂՀ պաշտպանության նախարար: Այսինքն՝ նա այն մարդն է, որը բոլորից լավ ու ամբողջությամբ գիտի, թե ինչպես սկսվեց եւ ընթացավ պատերազմը, ինչպես իրականացվեցին հաղթանակները եւ Ղարաբաղի փրկությունը: Նա շատ լավ գիտի, թե այդ ամենը, բացի մարդկայինից, նաեւ ինչ նյութական ու ֆինանսական ռեսուրսներ արժեցավ Հայաստանին: Շատ լավ գիտի, որ նյութական ու ֆինանսական այդ ռեսուրսները բավարար էին, որպեսզի նույն այդ տարիներին Հայաստանը լիուլի իրեն ապահովեր ոչ միայն հոսանքով ու ջերմությամբ, այլեւ կրկնակի բարձր կենսամակարդակով: Այդ ամենը քաջ իմանալով՝ նա գեթ մեկ անգամ չսաստեց նրանց, ովքեր այս տարիներն անամոթաբար սկսեցին կոչել «ցրտի ու խավարի տարիներ»։ Ավելին՝ այսօր հենց նրա անմիջական վերահսկողությամբ գործող լրատվամիջոցները (իսկ դա միեւնույնն է թե՝ ինքը) այդ տարիները կրկին կոչում են «ցրտի ու խավարի տարիներ»: Սա, մեղմ ասած, ուրացում է, ուրացում՝ ամենաստորին մակարդակով: Մեկ այլ օրինակ. ով-ով, բայց Սերժ Սարգսյանն իր զբաղեցրած պաշտոնների բերումով այն եզակի մարդկանցից է, որոնք հիանալի գիտեն, թե ի սկզբանե ինչպիսին է եղել բանակի ստեղծման, նրա ապահովման ու ձեռք բերած հաղթանակների մեջ ՀՀ Նախագահ-գլխավոր հրամանատարի ներդրումը: Սերժ Սարգսյանին հարց ուղղենք. 1992 թ. ձմռանն այդ ի՞նչ պատահեց, եւ ո՞ւմ շնորհիվ, որ, նախ՝ Ղարաբաղում մյուս գործիչների մեջ կտրուկ բարձրացավ իր եւ Ռ. Քոչարյանի տեսակարար կշիռը եւ դե ֆակտո ստատուսը, երկրորդ՝ Ղարաբաղը ձեռք բերեց ուժի կտրուկ գերակշռություն, ու մայիսին հնարավոր դարձան առաջին, ապա նաեւ հաջորդ վճռական հաղթանակները: Քանի՞ անգամ է նա, որպես այդ ամենին քաջ տեղեկացված անձ, թեկուզ մեկ բառով սաստել, երբ ուրիշների կողմից կեղծվել ու եղծվել են այդ տարիների իրողությունները, սեփականաշնորհվել հաղթանակները: Թե՞ հարմար պահին ինքն էլ է մասնակից եղել «անտեր» հաղթանակների ու վաստակի այդ թալանին: Վերջին 10 տարվա ընթացքում, երբ նա բազմաթիվ առիթներով խոսել է անցած այդ տարիների, հաղթանակների, բանակի մասին եւ այլն, որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ նա արտասանած լինի Հանրապետության Առաջին նախագահի անունը: Եւ այս ամենը պետք է կոչել պարզ ուրացո՞ւմ, թե՞ արդեն՝ անբարո արարք: Ուրեմն՝ ինչպե՞ս կարող է ուրացող եւ անբարո վարքագծի տեր մարդու անունը քննարկվել որպես ՀՀ Նախագահի հնարավոր թեկնածու: Դա չի՞ վիրավորում ՀՀ քաղաքացիներիս արժանապատվությունը:

գ) 1997 թ. վերջին, 98-ի սկզբին, որպես «հայտնի մարմիններից» մեկի ղեկավար, Սերժ Սարգսյանը մասնակից եղավ իրականացված պետական հեղաշրջմանը: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ «բանավեճում» նրանք պնդում էին, որ պետք է խույս տալ խաղաղ կարգավորման որեւէ ծրագրից (ինչպես փուլային, այնպես էլ փաթեթային) եւ վարել խնդրի «ակտիվ սառեցման» քաղաքականություն: Նրանք համարում էին, որ այդ կերպ կարելի է հասնել 8000 քառ. կմ տարածքով (Լեռնային Ղարաբաղը եւ զբաղեցրած հարակից տարածքները՝ միասին) անկախ պետության միջազգային ճանաչմանը: Եւ շուրջ մեկուկես տասնյակ հիմնավորումներով բերում էին դրան հասնելու իրենց քաղաքական «հաշվարկները» (տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյան, “Ընտրանի”, էջ 647-660,- Ելույթ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, 1998թ հունվարի 8-ին): Շատ հետաքրքիր կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այսօր կրկներ այդ հաշվարկներն ու փաստարկները: Դրանք բոլորը շատ վաղուց հօդս են ցնդել, դրանց մասին հիմա ամոթ է խոսել: Ավելին՝ այս տասը տարվա ընթացքում լիակատար ու մեկ առ մեկ իրականացել է այն, ինչում հանրապետության Առաջին նախագահն այն ժամանակ այդպես էլ չկարողացավ համոզել նրանց: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն ունակ չէ ինքնուրույն քաղաքական հաշվարկների, այլեւ ունակ չէ ընկալել ուրիշների արած այդօրինակ հիմնավոր հաշվարկները:

Ի հեճուկս ոմանց, ովքեր համարում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է, եւ ի մխիթարություն ուրիշների, որոնք այդպես չեն համարում՝ ասեմ, որ գոյություն ունի քաղաքական պատվախնդրություն կամ արժանապատվություն, եւ քաղաքականությունը անբարոյականություն է դառնում, երբ դրանով զբաղվողը չունի այդ որակները: Մասնավորապես՝ երբ քաղաքական գործչի կարեւոր որեւէ նախագիծ կամ ծրագիր, հիմքում սխալ լինելով, տապալվում է, նա հրաժարական է տալիս, հաճախ՝ ընդհանրապես թողնում է քաղաքական ասպարեզը: Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ նրան վստահված ոլորտում հանցավոր անփութության հետեւանքով մեծ ու աղմկահարույց ձախողում, աղետ է տեղի ունենում։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի՝ աշխարհը ցնցած ոճրագործությունից հետո Սերժ Սարգսյանը, որպես պետական անվտանգության նախարար, պետք է անհապաղ հրաժարական տար։ Նա ոչ միայն դա չարեց, նա դա չարեց նույնիսկ այն բանից հետո, երբ հրաժարականը միաձայն պահանջում էր իշխող Հանրապետական կուսակցությունը, նույնիսկ՝ երբ բացեիբաց իրեն մեղադրում էին ոչ միայն հանցավոր անփութության համար, այլ նաեւ կասկածում, որ նրա ղեկավարած ծառայության եւ ոճրագործների միջեւ կապ է եղել։ Այդ կերպ կարո՞ղ էր վարվել որեւէ մեկը, եթե նա նվազագույն չափով քաղաքական արժանապատվություն ու պատվախնդրություն ունենար: Եւ այսօր այդ ո՞ր տրամաբանությամբ ենք տարրական քաղաքական հաշվարկ անելու անընդունակ եւ քաղաքական պատվախնդրությունից, արժանապատվությունից հեռու մարդու մասին խոսում որպես Հանրապետության Նախագահի թեկնածուի:

դ) Կրկին հիշենք այն ծրագիրը, որ Սերժ Սարգսյանը պաշտպանում էր 1998 թ. սկզբին. հասնել 8000 քառ. կմ տարածքով ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը: Եւ ահա, նույն տարվա նոյեմբերին Հայաստանն իր համաձայնությունը տվեց հակամարտության կարգավորման, այսպես կոչված՝ «Ընդհանուր պետության» տարբերակին, որտեղ, առաջին անգամը լինելով, նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Ոչ մեկը, այդ թվում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությանը «նախանձախնդիր» Սերժ Սարգսյանը, դրա դեմ չբողոքեց: Իսկ եւս մեկ տարի դրանից եւ մեկ ամիս հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո՝ 1999 թվականի նոյեմբերին, Քոչարյանն ստորագրեց Ստամբուլի խարտիան, որով միջազգային ամենաբարձր մակարդակի փաստաթղթով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սերժ Սարգսյանը դարձյալ դրան ոչ մի ռեակցիա չտվեց: Մեր վաստակած հաջողությունների ու ձեռքբերումների զգալի  մասն արդեն իսկ ի չիք է դարձել քոչարյանական վարչախմբի իշխանության 10 տարիների ընթացքում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի համար Լեռնային Ղարաբաղի քաղաքական խնդիր գոյություն չունի, այն ընդամենը միջոց է սեփական քաղաքական ու բիզնես կարիերան ապահովելու համար: Մինչեւ օրս այս մարդը, Ռ. Քոչարյանի հետ միասին, զբաղված է եղել Ղարաբաղը ծախելով՝ այս բառի ամենաուղղակի նշանակությամբ։ Հիմա նրա թեկնածությունը բնական ենք համարում ինչի՞ համար՝ որ հանուն իր կարիերայի ու հարստության՝ ավարտի՞ն հասցնի Ղարաբաղը ծախելու գործընթացը:

ե) Վերջին տարիներին գիտական ու գիտա-կրթական հաստատություններում, որպես կառավարման բարձրագույն մարմին, ընտրվում են լայն լիազորություններով օժտված խորհուրդներ, որոնց հաշվետու եւ ըստ էության՝ ենթակա են տնօրինությունները եւ ռեկտորատները։ Երեւանի պետական համալսարանն իր բարձրակարգ գիտական-դասախոսական անձնակազմով միշտ առանձնացել է, այստեղ աշխատել ու աշխատում են հանրապետության լավագույն գիտնականները եւ մասնագետները: Գրված, թե չգրված օրենքով միշտ պատշաճ է համարվել, որ մայր բուհի ռեկտորը լինի ակադեմիկոս: Բնական էր, որ այսպիսի մի հաստատության խորհրդի նախագահն էլ (ռեկտորից ավելի բարձր ստատուս) պետք է լիներ բարձրակարգ ու փորձառու գիտնական, ուսումնական պրոցեսին քաջատեղյակ անձ: Բայց ահա՝ Սերժ Սարգսյանը Համալսարանին պարտադրեց իր թեկնածությունը եւ դարձավ նրա խորհրդի նախագահը։ Այն ժամանակ տարբեր էին արտառոց այս քայլի մեկնաբանությունները։ Արտառոց, քանզի իր գիտական պոտենցիալով ու համարումով Գիտությունների ակադեմիայի կողքին կանգնած մի հաստատության՝ Համալսարանի խորհրդի նախագահ էր դառնում նույն բուհի հեռակա բանասիրականի պարզ մի շրջանավարտ, որն ամենահեռավոր կապ անգամ չունի գիտության ու ուսումնական պրոցեսի հետ, նույնիսկ իր մասնագիտությամբ երբեւէ չի աշխատել, եւ, դատելով նրա բանավոր խոսքից, երբեմնի մասնագիտությունից հետք չի էլ մնացել։ Ուրեմն ո՞րն էր Սերժ Սարգսյանի այս քայլի նպատակը։ Շատ պարզ. ցույց տալ, որ ինքը, հենց որպես այդպիսին, կարող է եւ պետք է լինի երկրի մայր բուհի ղեկավար մարմնի նախագահը՝ դրանով իսկ ստորացնելով ու նսեմացնելով նրա բարձրակարգ գիտական ու պրոֆեսորա-դասախոսական ողջ անձնակազմին, ի դեմս Համալսարանի՝ արտահայտելով իր արհամարհանքն ու քամահրանքը նաեւ հանրապետության գիտական մտավորականության նկատմամբ ընդհանրապես։

Ստորացնելու ու նվաստացնելու ձգտումը Սերժ Սարգսյանի մոտ հիվանդագին հոգեբանական երեւույթ չէ, այլ գիտակցված գործողություն, եւ ուղղված է ոչ միայն մտավորականության, այլեւ Հայաստանի ժողովրդի նկատմամբ ընդհանրապես։ Օրինա՞կ, փա՞ստ, խնդրեմ։ Մինչեւ 1998թ. ոչ ոք չգիտեր, կամ շատ քչերը գիտեին, որ Սերժ Սարգսյանն ունի Սաշիկ անունով եղբայր։ Ելնելով «եղբայրական ջերմ զգացումներից» եւ օգտագործելով իր պաշտոնական դիրքն ու անսահման հնարավորությունները՝ Սերժ Սարգսյանը կարող էր նաեւ իր՝ բնությունից համեստագույն ունակությունների տեր եղբորը շնորհքին բիզնեսի ու եկամուտի տեր դարձնել։ Դա ոչինչ։ Բայց ահա Սերժ Սարգսյանը որոշեց նրան դարձնել… պատգամավոր, Ազգային ժողովի անդամ։ Նախորդ գումարման Ազգային ժողովի ընթացքում նրա այս եղբոր «պատգամավորական գործունեությունն» ամփոփվեց մի քանի սկանդալներով եւ խիստ տեւական մի շրջան արտասահմաններում սեփական բիզնեսը կազմակերպելով։ Խորհրդարանական վերջին ընտրություններում Սերժ Սարգսյանը նրան պատգամավոր դարձրեց ոչ թե աննկատ, կուսակցական որեւէ ցուցակի անցողիկ մի համարի տակ խցկելով, այլ՝ բացահայտ, մեծամասնական ընտրակարգով։ Գորիսի գյուղերում միաբերան վկայում են, որ իրենց թեկնածուին նախընտրական հանդիպումների ժամանակ հնարավոր չեղավ մեկ բառ անգամ արտասանել տալ. նրա փոխարեն խոսում ու հարցերին պատասխանում էին համապատասխան գյուղապետերը։ Իսկ ընդհանրապես, քաջատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ սույն պարոնն իր միակ քաղաքական գիտելիքը ձեւակերպում է շատ կարճ՝ «արա, դու գիտե՞ս՝ ես ով եմ» նախադասությամբ։ Եւ խոսակիցն իսկույն հասկանում է… Իսկ մենք չե՞նք հասկանում, որ այս կերպ Սերժ Սարգսյանը, դարձյալ գիտակցաբար, իր արհամարհանքն է արտահայտում Հայաստանի ժողովրդի նկատմամբ, ստորացնում նրան՝ «դուք նմա՛ն պատգամավորի եք արժանի»: Եւ այդ ամբողջ ժողովրդին ուղղված արհամարհանքի, քամահրանքի ու ստորացման դիմաց որպես երախտագիտության նշա՞ն է, որ նա բոլորի կողմից համարվում է ՀՀ Նախագահի «նաղդ թեկնածու», եւ փնտրվում է «արժանի» հակառակորդ:

զ) Ամեն անգամ մամուլը ուշադրություն է դարձնում Սերժ Սարգսյանի արտասահմանյան ճամփորդություններին եւ շեշտում, որ, դրանք, որպես կանոն, անցնում են հայտնի խաղատնային կենտրոններով։ Միայն չի ակնարկվում, նաեւ արձանագրվում է խաղատներ այցելելու՝ Սերժ Սարգսյանի «հոբբին», երբեմն նաեւ «կրված» գումարը՝ միլիոնավոր դոլարներով: Եւ ոչ մի անգամ դա չի հերքվել: Անշուշտ, խաղատուն այցելելը հանցանք չէ։ Նույնիսկ կարեւորն այն չէ, թե որտեղի՞ց աշխատավարձով ապրող վարչապետին այդքան փողը (ականջդ կանչի, Սադոյան, մինչեւ հիմա հետաքննում է, թե ի՞նչ փողերով էր վարչապետ Հրանտ Բագրատյանը «Մարլբորո» ծխում): Իհարկե, երկրի Նախագահի թեկնածուի համար Սահմնադրությունը պարտադիր պայման չի համարում խաղամոլ չլինելը։ Բայց օրենքն այս դեպքի համար նմանօրինակ տասնյակ ու հարյուրավոր այլ բաներ եւս չի կարգավորում ու թողնում է մեր՝ հասարակության ճաշակին: Եւ ի՞նչ, մենք համարում ենք, որ խաղատներ այցելելու բուռն ցանկությունը կարեւոր հատկանի՞շ է Նախագահի թեկնածուի համար: Եթե հակառակն ենք համարում, ուրեմն առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված ընդհանրապես չպիտի հիշենք Սերժ Սարգսյանի անունը:

 

Թվարկվածը Սերժ Սարգսյանի «առաքինությունների» ամբողջական ցանկը չէ, անշուշտ, եւ ոչ էլ ամենակարեւորները, սակայն դրանցից յուրաքանչյուրն առանձին՝ բավարար հիմք է նրա թեկնածությունն ընդհանրապես չքննարկելու համար: Ուրեմն ո՞րն է նրան նախագահության թեկնածու համարելու հիմքը: Այն, որ նա նույն այդ հատկանշների շնորհիվ այսօր գործող վարչապե՞տ է: Բայց դա՝ համոթ եւ ի խայտառակություն մեզ բոլորիս: Հիմա ի՞նչ՝ պետք է մտածենք այդ ամոթն ու խայտառակությունը մաքրելո՞ւ մասին, թե՞ բնական համարենք, որ այն կարող է բարձրանալ նաեւ նախագահական աստիճանի:

 

ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«ՀԺ», 10.09.07

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն կանխել է դեղամիջոցների մաքսանենգ ներմուծման փորձը ‘
Հաջորդ հոդվածը‘Աշնանային զորակոչին ընդառաջ ստեղծվել է հանձնաժողով ‘