‘Ռետրո մամուլ. «Սովետական Հայաստան». Չարտոնված ցույց՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու պահանջով’

1901

Երբ 2008 թվականի Համաժողովրդական Շարժման մեկնարկից սկսած ամեն օր կարդում էինք՝ հայկական պատասխանատու ԶԼՄ-ների եւ Ոստիկանության լրատվական ծառայության մատուցած լրատվությունը՝ ընդդիմադիր ակտիվիստների եւ նրանց դեմ «պայքարի» մասին, շատերը չէին հավատում, որ հնարավոր է անընդհատ նման կեղծ տեղեկատվություն տարածել:   

Մինչդեռ ընդդիմության դեմ պայքարի նման ձեռագիրը նոր չէ: Ահա մի լուր՝  «Սովետական Հայաստան» թերթի 1988 թվականին հրապարակված համարներից մեկից: Իշխանական լրատվամիջոցները, ինչպես տեսնում ենք, իրենց գործելաոճը չեն փոխել: Նրանք, փաստորեն, լավ ուսուցիչներ ունեին: 

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Դեկտեմբերի 11-ին Երեւանում, քաղաքի մի մեծ խումբ բնակիչներ, խախտելով պարետային ժամով սահմանված սահմանափակումները՝ չարտոնված ցույց կազմակերպեցին՝ պահանջելով ազատ արձակել այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին եւ ակտիվիստներին՝ Ա. Հակոբյանին, Բ. Արարքցյանին, Կ. Վարդանյանին, Ս. Գեւորգյանին, Վ. Մանուկյանին, Լ. Տեր-Պետրոսյանին, որոնք կալանվել են գործող օրենսդրության համապատասխան:
Ցուցարարները Հոկտեմբերյան պողոտայի (այժմ՝ Տիգրան Մեծի պողոտա — խմբ.) եւ Նար-Դոսի փողոցի հատման վայրում կանգնեցվեցին զինվորական ստորաբաժանումների եւ միլիցիայի կողմից: Նրանց առաջարկվեց չխախտել հասարակական կարգը եւ ենթարկվել քաղաքում մտցված կարգուկանոնին եւ ցրվել: Սակայն բազմակի դիմումները նպատակին չհասան: Ավելին, այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեի որոշ ակտիվիստներ հանդես եկան հրահրիչ կոչերով: Ի պատասխան զինվորական հրամանատարության օրինական պահանջների՝ ցույցի մասնակիցներն սկսեցին քարեր նետել զինծառայողների վրա: Զինվորական ստորաբաժանումները հարկադրված եղան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակաիրավական գործողությունները կասեցնելու համար:
Զինվորական հրամանատարությունն ու Հայկական ՍՍՀ Ներքին գործերի մինիստրությունը դիմում են Երեւանի եւ այն բնակավայրերի բնակիչներին, որտեղ գործում է պարետային ժամը՝ կոչ անելով չենթարկվել պրովոկացիաների եւ այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեի «պարագլուխների» հրահրիչ կոչերին, խստիվ պահպանել սահմանված կարգը, ողջախոհություն, բարձր պատասխանատվություն հանդես բերել մեր հանրապետության ժողովրդի համար այս դժվար օրերին:

 

«Սովետական Հայաստան», 12, դեկտեմբրի, 1988 թվական

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի ձախերը պահանջում են բանտ վերադարձնել Սաֆարովին’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդևն առաջարկում է Pussy Riot-ի աղջիկներին ազատ արձակել’