Ռետրո. Ու՞մ է պետք պաթոլոգիկ ստախոսի ներողությունը

1098

Վարդան Օսկանյանի կերպարի մասին լիակատար պատկերացում կազմելու համար, նպատակահարմար ենք համարում ևս մեկ անգամ ընթերցողին ներկայացնել 2011թ. մայիսի 12-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հետևյալ հոդվածը:

iLur

Ո՞ւմ է պետք պաթոլոգիկ ստախոսի ներողությունը

 Ս.թ. փետրվարի 28-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ Վարդան Օսկանյանը, խոսելով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում իր խաղացած դերի մասին, արել է հետեւյալ հայտարարությունը. «Ես ինձ այդ օրը համարում եմ կանխարգելման փորձ անող ինչ-որ անհատ, ոչ թե մասնակից, մեղսակից, որ ուզում է ժողովրդին խաբել։ …Ես ներողություն խնդրելու բացարձակ խնդիր չունեմ։ Ներողություն կարելի է խնդրել, բայց ներողությունը, որպեսզի ազնիվ ներողություն լինի, անկեղծ ներողություն լինի, նախ ես պետք է հավատամ, որ ինչ-որ սխալ բան եմ արել։ Երբ ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել, ներողություն խնդրելը անազնիվ կլինի։ Թե չէ կարելի է ներողություն խնդրել, այս հարցը փակել, նույնիսկ հերոսանալ, որ վերջիվերջո մեկը կա այս հասարակության մեջ, որ ներողություն է խնդրում։ Բայց այդ ներողությունը անկեղծ չի լինի, ազնիվ չի լինի, որովհետեւ դա սուտ կլինի, որովհետեւ ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել։ Նախ ասեմ, որ եթե ես զգայի, որ սխալ բան եմ անում, այդ ժամանակ չէի անի։ Սա է իրականությունը»։ Մեկ ամիս անց մոտավորապես նույնը նա կրկնել է «Ա1+» հեռուստակայանին տված հարցազրույցում (31.03.2011)։

Բարեբախտաբար, պահպանվել է մի հույժ վավերական փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս պարզել, թե որքանով է այս վերամբարձ հայտարարությունը համապատասխանում իրականությանը կամ, արդյոք, Օսկանյանը, իր գործածած արտահայտությամբ, ժողովրդին խաբելու մտադրություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Այդ փաստաթուղթը 2008թ. մարտի 1-ի երեկոյան ժամը 6-ին տեղի ունեցած նրա մամլո ասուլիսի տեսագրությունն է։ Այժմ փորձենք մեկ առ մեկ վերհանել այդ ասուլիսում Վարդան Օսկանյանի կատարած անհամար պնդումները, որոնք այլ կերպ, քան պետական պաշտոնյային անվայել բացահայտ ստերի շարան` չի կարելի կոչել։

1. Սուտ համար մեկ. «Ճիշտ չէ այն լուրը, որ (Ազատության հրապարակում) ոստիկանությունը ոչ ադեկվատ ուժ է օգտագործել ցուցարարների նկատմամբ»։  Դեպքերից ընդամենը մի քանի ժամ անց Օսկանյանն ինչպե՞ս կարող էր իմանալ՝ ոստիկանությունն ադեկվա՞տ, թե՞ ոչ ադեկվատ ուժ է գործադրել։ Այդպիսի պատասխանատու հայտարարություն նույնիսկ գլխավոր դատախազը չէր կարող անել, որովհետեւ ադեկվատության կամ ոչ ադեկվատության պարզաբանումը ամիսների մանրակրկիտ հետաքննության խնդիր է, որն իրադարձություններից երեք տարի հետո անգամ դեռեւս լուծված չէ։

2. Սուտ համար երկու. ըստ Օսկանյանի՝ ոստիկանությունը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակ է եկել` ստուգելու այն օպերատիվ տեղեկությունները, «որ այնտեղ զինամթերք է կուտակված կամ պայթուցիկներ, եւ ելնելով հասարակության անվտանգությունից, նման քայլ է առնվել ոստիկանության կողմից»։ Այսինքն, Օսկանյանն առաջ է քաշում Ազատության հրապարակում ոստիկանության կողմից զննություն կատարելու վարկածը։ Սակայն այդ վարկածը լիովին հերքվում է նույն օրվա կեսօրին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանի կողմից դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ, որի համաձայն՝ ոստիկանական գործողությունը կատարվել է «սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ հարկադիր դադարեցնելու նպատակով»։

3. Սուտ համար երեք. Ազատության հրապարակում ոստիկանության դեմ «եղել է մեծ դիմադրություն, նաեւ օգտագործելով սառը զենք, որը ոստիկանությունը արդեն հանրության առաջ ներկայացրեց, հեռուստատեսությամբ դուք տեսաք, եւ դրա արդյունքում է, որ այդ բախումները ոստիկանության եւ այդ մարդկանց միջեւ տեղի են ունեցել»։ Եթե զենք ասելով` Օսկանյանը նկատի ունի գործողությունից հետո Ազատության հրապարակում ոստիկանության տեղադրած ու «հայտնաբերած» երկաթի կտորները, ապա ինչո՞ւ հետաքննությունը դրանցից թեկուզ մեկը չկարողացավ կապել շարժման որեւէ մասնակցի հետ եւ ընդհանրապես ընդդիմության որեւէ ներկայացուցչի մարտի 1-ին զենք կրելու, հրազեն կամ նռնակ օգտագործելու, մեքենա հրկիզելու, խանութ թալանելու եւ նույնիսկ անօրինական հանրահավաք անցկացնելու մեղադրանք չառաջադրեց։

4. Սուտ համար չորս. Մյասնիկյանի արձանի մոտ «հավաքվածները նաեւ որոշ հարձակողական գործողություններ են արել՝ ոստիկանի մեքենա են շուռ տվել, քաղաքապետարանի լուսամուտներ են ջարդվել, մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգություններ կան։ «Վիվասելի» շենքի լուսամուտներն են ջարդվել, եւ որքան ես եմ ինֆորմացված, նույնիսկ մարդիկ են ներխուժել շենք»։ Օսկանյանն անպարկեշտաբար լռության է մատնում այն, որ շուռ տրվելուց առաջ ոստիկանական մեքենան մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել ցուցարարներին, եւ որ որոշ սադրիչների կողմից շենք ներխուժելու փորձերը կանխվել են հենց ցուցարարների կողմից՝ Սասուն Միքայելյանի եւ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ։

5. Սուտ համար հինգ. «Այս պահի դրությամբ, ինչքանով տեղյակ եմ, եւ հետագայում ձեզ լրացուցիչ կտեղեկացնեմ, որեւէ քաղաքական գործիչ, որպես այդպիսին, ձերբակալված չէ. այդ մասով քաղաքական դեմքեր չկան»։ Հակառակ այս կատեգորիկ պնդման, մարտի 1-ի ցերեկվա ընթացքում արդեն ձերբակալված էին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՀՀՇ վարչության անդամներ Արամ Մանուկյանը, Դավիթ Առաքելյանը, Լեւիկ Խաչատրյանը, Հովհաննես Ղազարյանը, Վահագն Հայոցյանը, Աշոտ Մանուկյանը, «Այլընտրանք» կազմակերպության անդամներ Դավիթ Մաթեւոսյանը, Վարդգես Գասպարին, ինչպես նաեւ Մուշեղ Սաղաթելյանը եւ ուրիշներ։ Ընդ որում, Դ. Առաքելյանը, Լ. Խաչատրյանը, Հ. Ղազարյանը, Վ. Հայոցյանը եւ Մ. Սաղաթելյանը նաեւ դաժան ծեծի էին ենթարկվել ոստիկանական բաժանմունք ուղեկցվելու ճանապարհին ու բուն բաժանմունքում։

6. Սուտ համար վեց. «Նախագահի ցանկությունն է բացարձակապես ուժ չկիրառել. առաջին օրվանից դա է եղել, բայց եթե իրավիճակը շարունակի սրվել, արդեն օրենքի շրջանակներում, Սահմանադրության շրջանակներում, կարծում եմ, որ համապատասխան քայլեր կառնվեն»։ Օսկանյանը թաքցնում է, որ դեռեւս փետրվարի 23-ին Ռ. Քոչարյանը բողոքի ցույցերը որակել էր որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ» ու սպառնացել ուժ գործադրել ընդդիմության նկատմամբ։ Թաքցնում է նաեւ, որ նույն օրը ՀՀ Պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը հրաման էր արձակել ապօրինի զինվորական կառավարման մարմին ստեղծելու եւ Երեւանում բանակի զորամիավորումներ կենտրոնացնելու մասին, իսկ փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Մ. Մարուքյանը քրեական գործ էր հարուցել «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ»։ Հետեւաբար, Օսկանյանի այն պնդումը, թե իբր նախագահի ցանկությունն է բացարձակապես ուժ չկիրառել, ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ խաբեություն։

7. Սուտ համար յոթ. «Վերջին մի քանի օրերի ընթացքում բարձրաստիճան եվրոպական պաշտոնյաներ այցելեցին Հայաստան՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդի նախագահ Յան Կուբիչը, ԵԱՀԿ գործող նախագահ Կաներվան եւ ԵՄ-ի Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբին։ Բոլորն էլ ե՛ւիշխանությունների հետ են հանդիպել, ե՛ւ նաեւ ընդդիմության, եւ ես հստակ գիտեմ, որ բոլորի ուղերձը բոլորին եղել է այն, որ հարցը պետք է տեղափոխել քաղաքական դաշտ։ Ուրիշ ընտրանք չկա»։ Մեր կատարած ստուգումներից պարզել ենք, որ նշված անձանց կողմից ընդդիմությանն ուղղված նման պատգամ չի եղել եւ չէր էլ կարող լինել, քանի որ խաղաղ ցույցերը գտնվում էին հենց քաղաքական դաշտում։ Իսկ եթե, ինչպես հավաստիացնում է Օսկանյանը, այդպիսի պատգամ փոխանցվել է իշխանություններին, ապա «հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու» ձեւակերպման տակ նրանք ակներեւաբար նկատի են ունեցել իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիությունը։ Այս առումով չափազանց պերճախոս է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսի՝ 2008թ. փետրվարի 29-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի հետեւյալ հատվածը. «Ես իրավունք չունեմ խորհուրդներ տալու, բայց մի անձնական դիտարկում. մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան։ Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով։ Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այս երկրի քաղաքական գործիչները։ Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ»։

8. Սուտ համար ութ. «Վարչապետի կոչը՝ բանակցելու կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ, վերաբերում է բոլորին, առանց բացառության։ …Գնդակը Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշտում է։ Ես չեմ ուզում լրացուցիչ ինչ-որ պարտավորություն կամ մեղադրանք դնել որեւէ մեկի վրա, բայց այդպես է իսկապես։ Ինը թեկնածուներից ինքն է,որ իր ձեռքը չի մեկնում, չի ուզում քաղաքական դաշտ տեղափոխվել»։ Սուտն այստեղ այն է, թե իբր Տեր-Պետրոսյանը չի ուզել քաղաքական դաշտ տեղափոխվել։ Իսկ ինչ է, նա գործել է քրեակա՞ն դաշտում։ Այդ դեպքում Օսկանյանը բարի պիտի լիներ ասել, թե Տեր-Պետրոսյանն ի՞նչ օրենք է խախտել կամ ինչպիսի՞ հանցանք է գործել. որ բողոքի ցույցե՞ր է կազմակերպել, որ չի ճանաչել Սերժ Սարգսյանի լեգիտիմությո՞ւնը, որ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հայցով դիմել է Սահմանադրական դատարա՞ն, որ չի համաձայնել մաս կազմելու կոալիցիոն կառավարությա՞նը։ Մի՞թե Օսկանյանին թվում է, թե ինքը բարոյական այն մեծ հեղինակությունն է, որին իրավունք է վերապահված Տեր-Պետրոսյանին ստիպել հաշտվելու կեղծված ընտրությունների փաստի հետ ու հաճախորդ-թեկնածուների նման արբենալու բռնազավթիչներից ու ավազակներից կազմված կառավարությանն անդամակցելու հաճույքից։ Սա դեռ քիչ է. նա նույնիսկ համարձակվում է Տեր-Պետրոսյանի կեցվածքը դատապարտելի համարել, նշելով, որ «բանակցության, երկխոսության, համագործակցության, կոալիցիոն կառավարություն ստեղծելու» հարցում «հիմնական խնդիրը կայանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մերժողականության մեջ։ Բայց այդ քաղաքական գործընթացը կա։ Ձեռքը բոլորին մեկնված է, եւ այդ ձեռքի մերժումը ինքնին արդեն… դատապարտելի է եւ դրա փոխարեն նման գործողությունները ընդհանրապես անհանդուրժելի են եւ դատապարտելի»։

Վարդան Օսկանյանի խնդրո առարկա մամլո ասուլիսում, վերը թվարկվածներից բացի, արտառոց ստերի մի ուրիշ, ավելի ցնցող շարան են կազմում Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքին վերաբերող դատողությունները, որոնք սպառիչ պատկերացում են տալիս նախկին արտգործնախարարի կատարյալ իրավական անգրագիտության մասին։

9. Սուտ համար ինը. «Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, դա նույնպես իրականությանը չի համապատասխանում։ Տնային կալանք Տեր-Պետրոսյանի նկատմամբ չկա, բայց իր անձի հետկապված կան անվտանգության խնդիրներ»։ Եւ այսպես, մինչ Հայաստանի իրադարձություններին վերաբերող գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերն արձանագրում են, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է դե ֆակտո տնային կալանքի տակ, Օսկանյանը տասնյակ հայ եւ օտար լրագրողների առաջ, առանց աչքերը թարթելու, հայտարարում է, թե դա չի համապատասխանում իրականությանը։ Այնինչ փաստ է, որ մարտի 1-ից մինչեւ մարտի 25-ը Տեր-Պետրոսյանի առանձնատան երկու դարպասները հսկվում էին գեներալ Գրիգորի Սարկիսյանի ղեկավարած ծառայության շուրջ 30 սպաներով ու զինվորներով, որոնք խուզարկում էին ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները եւ համապատասխան մատյանում գրանցում նրան այցելող բոլոր անձանց, այդ թվում` տասնյակ արտասահմանյան դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների անունները։ Տեր-Պետրոսյանին միայն մեկ անգամ է թույլատրվել, Սարկիսյանին ենթակա չորս ավտոմատավորների ուղեկցությամբ, դուրս գալ տնից՝ Սահմանադրական դատարանում հայտարարությամբ հանդես գալու համար, այն էլ դատարանի հատուկ կարգադրությունից եւ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի գրավոր հավաստիացումից հետո (այս ամենի մասին մանրամասն տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, էջ 233-234)։Տեր-Պետրոսյանի տնային կալանքի փաստը Օսկանյանից հետո փորձել է հերքել նաեւ Ռ. Քոչարյանը՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանում «նման իրավական ռեժիմ չկա»։ Ճիշտ է, Հայաստանի Քրեական օրենսգրքում իսկապես այդպիսի հոդված չկա. բայց այդ դեպքում մենք գործ ունենք մի ավելի աղաղակող սահմանազանցության՝ Տեր-Պետրոսյանի նկատմամբ կիրառված «հակաիրավական ռեժիմի» հետ։ Ուստի չի կարելի չհամաձայնել Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, որ իր տեղաշարժի սահմանափակումն ընկնում է Քրեական օրենսգրքի «Առեւանգում» հոդվածի տակ։ Եթե Օսկանյանին «տնային կալանք» հասկացության փոխարեն ավելի հաճելի է թվում այս գնահատականը, դա արդեն իր ճաշակի խնդիրն է։

10. Սուտ համար տասը. «Մեր օրենքը՝ պետական պաշտոնյաների (նախկին-ներկա) պաշտպանության օրենքը, շատ հստակ դրույթներ ունի։ Դրանցից մեկը հետեւյալն է, որ եթե պաշտպանողները՝ անվտանգության սպաները, եթե վտանգ են զգում այն անձի նկատմամբ, որին նրանք պաշտպանում են, նրանք պարտավոր են պարտադրել այդ անձին տեղափոխվել այդ վտանգի վայրից, եւ այսօր նրանք ուղղակի իրականացրել են իրենց պարտականությունը»։ Ուշադրություն. Օսկանյանն իր ասուլիսում առաջին անգամ օգտագործում է «օրենք» բառը։ Սակայն օգտագործում ու անզգուշաբար հայտնվում է խայտառակ վիճակում։ Բանն այն է, որ նրա հիշատակած «ՀՀ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության մասին» առ 2008թ. մարտի 20-ը գործող օրենքում այդպիսի դրույթ գոյություն չունի։ Այսինքն չկա մի հոդված, որի համաձայն՝ «անվտանգության սպաները… պարտավոր են պարտադրել պաշտպանության ենթակա անձին տեղափոխվել վտանգի վայրից», առավել եւս նրան արգելափակել մի այլ վայրում, թեկուզ իր առանձնատանը։ Ինչո՞վ բացատրել, ուրեմն, Օսկանյանի այս մերկապարանոց հայտարարությունը, որը կարելի է համարել նրա ստերի գլուխգործոցը. պարզ մարդկային թյուրիմացությա՞մբ, սխալ իրավաբանական խորհրդատվություն ստացած լինելու հանգամանքո՞վ, թե՞ ամեն գնով վարչախմբի բացահայտ հանցագործությունը կոծկելու նպատակով։ Համենայն դեպս, որ սա պատահականություն չէ, երեւում է նրանից, որ Օսկանյանի իրավաբանական «նենգափոխումները կամ սայթաքումները» չեն ավարտվում այսքանով, ինչում ընթերցողը կհամոզվի, հետեւելով սույն հոդվածի շարունակությանը։

11. Սուտ համար տասնմեկ. «Այս պահի դրությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է տանը։ Նա ազատ է տնից դուրս գալ, բայց այստեղ կա իր անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություն։ Այդ սպաները, ուղղակի ելնելով ստեղծված իրավիճակից, չեն կարող Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցել իր ցանկացած վայրը, …այդ սպաները ուղղակի իրավունք չունեն ուղեկցել Տեր-Պետրոսյանին նման վայր»։ Օսկանյանը մի կողմից հավաստիացնում է, թե «Տեր-Պետրոսյանը ազատ է տնից դուրս գալ», իսկ մյուս կողմից՝ թե անվտանգության սպաները «իրավունք չունեն ուղեկցել նրան»։ Ինչպես տեսնում ենք, «օրենք»-ի փոխարեն նա այս անգամ օգտագործում է «իրավունք» բառը, սակայն ի տարբերություն նախորդ դեպքի, զլանալով նշել, թե ո՛ր օրենքով է սահմանված այդ իրավունքը։ Ո՛չ նրա կողմից վերը հիշատակված օրենքում, ո՛չ էլ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» առ 2008թ. մարտի 20-ը գործած օրենքում, ի մեծ դժբախտություն Օսկանյանի, կրկին այդպիսի դրույթ չկա, ինչի համար նրան միայն կարելի է ցավակցել։

12. Սուտ համար տասներկու. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը անձամբ ստորագրի փաստաթուղթ, սա ընդունված պրոցեդուրա է, որ ինքը հրաժարվում է անվտանգությունից եւ ինքն իր վրա է վերցնում իր անձի անվտանգության պատասխանատվությունը, անվտանգության ծառայությունները պատրաստ են այդ փաստաթուղթը ընդունել եւ հրաժարվել արդեն Տեր-Պետրոսյանին անվտանգություն տրամադրելուց, որից հետո Տեր-Պետրոսյանը ամբողջությամբ կարող է ազատ լինել իր տեղափոխումների մեջ։ Բայց դա պետք է լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Այդ առաջարկությունը եղել է Առաջին նախագահին։ Ինքը, մինչեւ այս պահի դրությամբ, ինչքան ինձ են փոխանցել, մերժել է։ Ինքը պնդել է, որ անվտանգությունը պետք է ուղեկցի իրեն»։  Սույն ծավալուն դատարկաբանությունն, Օսկանյանի իրավագիտակցության մասին պատկերացում կազմելու առումով, այնքան պերճախոս է, որ ինչ-որ բան հասկանալու համար հարկ է այն բաժանել երկու մասի։

ա. Նախ՝ անկախ իրավիճակից ու այլ արտակարգ հանգամանքներից, որեւէ մեկը իրավունք ունե՞ր, արդյոք, Լեւոն Տեր-Պետրոսյանին զրկել իր անվտանգության ապահովումից։ Եւ եթե ուներ, ապա Հայաստանի ո՞ր օրենքում է դա գրված, կամ Աստվածաշնչի ո՞ր գրքում է այդ իրավունքը սահմանված։ «ՀՀ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» 2003թ. դեկտեմբերի 3-ին ընդունված եւ մինչեւ 2008թ. մարտի 20-ը գործած օրենքի 6.3 հոդվածում հստակորեն արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն»։ Մոտավորապես նույն ձեւակերպումն առկա է նաեւ 1996թ. փետրվարի 19-ից մինչեւ 2008թ. մարտի 20-ը ուժի մեջ եղած «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում. «Հոդված 6.5. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն»։Նշված օրենքներում պաշտոնաթող նախագահի անվտանգության ապահովմանը վերաբերող որեւէ այլ դրույթ չկա, ինչը նշանակում է, որ քանի դեռ այդ օրենքները գործում էին, Տեր-Պետրոսյանին, մինչեւ իր կյանքի ավարտը, ոչ ոք չէր կարող զրկել անձնական անվտանգության պետական պաշտպանությունից։ Հետեւաբար, թե՛ Օսկանյանի առաջարկները, թե՛ գեներալ Սարկիսյանի գործողությունները բացարձակապես հակաօրինական էին։

բ. Նույնքան հակաօրինական էր նաեւ անձնական անվտանգության ապահովումից հրաժարվելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու` Լեւոն Տեր-Պետրոսյանին արված լկտի առաջարկը, որովհետեւ 2008թ. մարտի 1-ի դրությամբ գործող օրենքներում նման հոդված գոյություն չուներ։ Տեր-Պետրոսյանն, իհարկե, պետք է կտրականապես մերժեր այդ առաջարկը, այլապես կնմանվեր ավազակապետության պարագլուխներին, որոնց համար օրենք խախտելը ջուր խմելու պես բան է։ Իսկ եթե այդպիսի փաստաթուղթ ստորագրեր անգամ, միեւնույն է, նրան չէր կարելի զրկել թիկնազորից, որովհետեւ, ինչպես տեսանք նախորդ կետում, պետությունը պարտավոր էր ցմահ ապահովել նրա անվտանգությունը։ Թերեւս հասկանալով օրենքի տեսակետից Տեր-Պետրոսյանին արված առաջարկի խախուտությունը, Օսկանյանը փորձում է այն հիմնավորել «սա ընդունված պրոցեդուրա է» անհեթեթ դատողությամբ։ Ի՞նչ է նշանակում «ընդունված պրոցեդուրա»։ Որտե՞ղ է այն ընդունված կամ ո՞ր օրենքով է այդ պրոցեդուրան սահմանված։ Տպավորություն է ստեղծվում, որ Օսկանյանը պետությունը շփոթում է նախնադարյան կիսավայրենի համայնքի կամ իր հոր դուքանի հետ, որոնք իսկապես առաջնորդվում էին ընդունված պրոցեդուրաներով կամ սովորույթներով։ Մինչդեռ պետություններն, ի գիտություն Օսկանյանի, Բաբելոնի թագավոր Համմուրաբիի ժամանակներից սկսած (մ.թ.ա. 18-րդ դար), կառավարվում են օրենքներով։

Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ 2008թ. մարտի 1-ին թույլ տրված իրավախախտումներն այնքան աղաղակող էին, որ մարտի 20-ին եւ ապրիլի 29-ին ՀՀ Ազգային Ժողովը հարկադրված եղավ, նշված օրենքներում կատարված համապատասխան փոփոխություններով, հետին թվով սրբագրել, օրինականացնել դրանք՝ այսպիսով անուղղակիորեն խոստովանելով նրա տնային կալանքի հետ կապված բացահայտ կամայականությունն ու սահմանազանցությունը (բեսպրեդելը)։ Այդ փոփոխություններում տեղ գտան թե՛ պաշտոնաթող նախագահի անվտանգության ապահովման կասեցման, թե՛ ընդհանրապես դրա դադարեցման, եւ թե՛ դրանից հրաժարվելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու դրույթները։ Վերջիններիս օրինականության խնդիրը, սակայն, ուրիշ խոսակցության առարկա է, քանի որ անմիջականորեն չի վերաբերում Օսկանյանին, եթե, իհարկե, հաշվի չառնենք անհեթեթագույն այդ դրույթներն առաջին արտաբերողը լինելու չարաբաստիկ հանգամանքը։

Այս ամենից հետո Վարդան Օսկանյանը չի խորշում հայտարարել, թե 2008թ. մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղքի որեւէ բաժին չունի, մոռացության տալով իր ասուլիսում տեղ գտած փողոցային մակարդակի ստախոսություններն ու օրենքի տառին ու ոգուն հակասող ողորմելի մտավարժանքները։ Ինչ վերաբերում է նրա իրավագիտական դատողություններին, ապա դրանք արդեն պետք է գնահատել ոչ թե սովորական մարդուն, այլ պետական պաշտոնյային վայել որակների տեսակետից։ Այդ դատողությունները, կամ ավելի ճիշտ` դատարկաբանությունները, ինչպես տեսանք, մատնում են Օսկանյանի կատարյալ իրավական անգրագիտությունը եւ իրավագիտակցության լիակատար բացակայությունը, ինչն արտառոց ու վրդովեցուցիչ է հատկապես տասը տարի Հայաստանի ամենապատասխանատու պետական պաշտոններից մեկը զբաղեցրած անձի պարագայում։ Ասում են՝ Օսկանյանն ավարտել է ԱՄՆ Ֆլեթչերի համալսարանը։ Թեկուզ միայն  նման անգրագիտություններ թույլ տվող շրջանավարտ տալու համար, այդ համալսարանն արժե փակել։

Բայց գուցե այս մեղադրանքներն արդարացի՞ չեն, եւ Օսկանյանը ո՛չ անպարկեշտ, ո՛չ ստախոս, ո՛չ էլ անգրագետ է, այլ ընդամենը հանգամանքների զոհ, որին իր նախագահն ստիպել է ստանձնել անշնորհակալ մի դեր, որը կսազեր ոչ թե արտաքին, այլ ներքին գործերի նախարարին կամ գլխավոր դատախազին։ Օսկանյանն ինքն էլ խոստովանում է, որ նախնական պայմանավորվածությամբ մարտի 1-ի ասուլիսը պետք է անցկացներ Ռոբերտ Քոչարյանը, որը, սակայն, վերջին պահին մտափոխվել ու այդ գործը հանձնարարել է իրեն։ Քոչարյանն, անշուշտ, իր էությանը հավատարիմ, միանգամայն ճիշտ է վարվել. ինչո՞ւ պիտի համայն աշխարհի առջեւ այդքան սուտ խոսեր, երբ դա կարելի էր անել անգլերեն խոսող Օսկանյանի շուրթերով։ Վերջինս նաեւ տվյալ պահին, աշխարհին խաբելու, հիմարացնելու եւ մեր ժողովրդին մոլորեցնելու առումով, ամենահարմար անձն էր, որովհետեւ, մանավանդ միջազգային հանրության վրա, ներքին գործերի կամ գլխավոր դատախազի խոսքը ոչ միայն որեւէ տպավորություն չէր թողնի, այլեւ հակառակ ազդեցությունը կունենար։

Պետք է խոստովանել, որ Օսկանյանը փայլուն կերպով կատարեց իր վրա դրված պարտականությունը, ինչը նշանակում է, որ նա մարտի 1-ի տխրահռչակ ասուլիսը վարելու գործը ստանձնել է ոչ թե ստիպողաբար, այլ հստակ նպատակադրությամբ։ Ասուլիսից առաջ նա, անտարակույս, տեղյակ է եղել, որ Քոչարյանն արդեն որոշել է, իշխանությունների կողմից մոբիլիզացված քրեական բանդաների սադրանքները պատրվակ բռնելով, գնդակոծել խաղաղ ցուցարարներին ու արտակարգ դրություն հայտարարել։ Հետեւաբար, Օսկանյանի խնդիրն էր, թեկուզ բացահայտ ստերի, թեկուզ խայտառակ իրավաբանական աճպարարությունների, թեկուզ սեփական հեղինակության վերջնական ոչնչացման գնով, արդարացնել վարչախմբի հետագա գործողությունները եւ նախապատրաստել իրադարձությունների զարգացման պաշտոնական վարկածը. այն է` որ Ազատության հրապարակում ոստիկանությունն ադեկվատ ուժ է գործադրել, որ ցուցարարները սառը զենք են կրել, որ նրանք կատաղի դիմադրություն են ցույց տվել ու բախումներ հրահրել, որ առճակատման ու բախումների պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի մերժողականությունն է, որ գնդակը վերջինիս դաշտում է, որ անցանկալի դեպքերի կանխումը կախված է նրա երկխոսելու պատրաստակամությունից, որ ընդդիմության նպատակը իշխանության բռնի յուրացումն էր եւ այլն։

Օսկանյանը, փաստորեն, ջանադրաբար լուծել է իշխանությունների կողմից նախապես ծրագրված, բայց դեռեւս չիրականացած ոճրագործության՝ ժողովրդի սառնասիրտ սպանդի քարոզչական ապահովման կարեւորագույն խնդիրը։ Ավելին, մամուլում հրապարակված հավաստի տեղեկությունների համաձայն, լինելով Քոչարյանի ղեկավարած օպերատիվ շտաբի ամենաակտիվ անդամներից մեկը, նա անձամբ մասնակցել է այդ ոճրագործության ծրագրի մշակմանն ու գործադրմանը։ Եւ այս ամենից հետո առանց ամաչելու հայտարարել, թե ինքը որեւէ առնչություն չունի այդ ոճրագործության հետ, հավասարազոր է այն բանին, որ այսօր էլ նա շարունակում է պարտակել այդ ոճրագործությունը։ Նա ոչ միայն հերքում է իր մեղքը, այլեւ ազդարարում, որ ընդհանրապես 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ որեւէ սխալ չի գործել, որի համար պարտավոր լիներ ներողություն խնդրել ժողովրդից։ «Երբ ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել,- ասում է նա,- ներողություն խնդրելը անազնիվ կլինի», ակամա հայտնվելով անմեղսունակի դերում։ Մարդը չի զգում, ի՞նչ կարող ես անել։

Հ.Գ. Օրերս «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, իրավապահ մարմիններին Սերժ Սարգսյանի իջեցրած հայտնի հանձնարարականի առիթով, բավականին «նյարդացած», մարտի 1-ի իրադարձություններին անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ ոճրագործության մեղքը, բնականաբար, ամբողջությամբ բարդելով ընդդիմության եւ նրա առաջնորդի վրա (10.05.2011)։ Բայց թե ինչու է նա դրանից այդքան «նյարդացած», անհասկանալի է։ Եթե մեղավորն իսկապես ընդդիմությունն է, ապա առաջինը հենց ինքը պիտի շահագրգռված լիներ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման հարցում։ Սակայն, չգիտես ինչու, նրա փոխարեն, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ երեք տարի շարունակ պահանջում է այդ իրադարձությունների անկախ միջազգային հետաքննություն։ Ինչեւէ, սա ուրիշ խոսակցության առարկա է, որին թերեւս անդրադառնանք մի այլ առիթով։

Աննա Հակոբյան

12 մայիսի, 2011թ.

Նախորդ հոդվածըՊատժամիջոցներ` Ռուսաստանի 147 քաղաքացիների նկատմամբ
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի ԱԱՊԽ․ Մեդվեդչուկը հարցաքննվում է