‘Ռիչարդ Կիրակոսյան. Պետք է մեր ժողովրդավարությունը համեմատենք մեր սպասելիքների հետ’

1132

Ես այլևս ամերիկյան կառավարությունում չեմ աշխատում և չպետք է պաշտպանեմ նրանց, բայց որպես Ամերիկայի քաղաքացի՝ ես հիասթափված եմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շնորհավորեց Սերժ Սարգսյանին:

«Առաջին հայտարարությունն ուղղված էր Հայաստանի ժողովրդին, բայց եթե մենք կարդանք նախագահ Օբամայի հղած ամբողջ ուղերձը, ապա այն ամբողջությամբ շնորհավորանք չէ Սարգսյանին: Այնտեղ հիշեցվում և վերահաստատվում են այս ընտրություններում եղած խնդիրները: Բայց Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի խնդիրների առնչությամբ Հայաստանի դիրքորոշման առումով դա ավելի ուժեղացրեց Հայաստանի դիրքը»,- ասաց Կիրակոսյանը՝ կարծիք հայտնելով, որ, հավանաբար, նամակը գրել է ո՛չ Օբաման,  ու նա տեղյակ էլ չէր, որ նման նամակ է ուղարկվել: «Այլ կերպ ասած՝ Մոզամբիկի նախագահն էլ է նման նամակ ստանում»,- նշեց քաղաքագետը:

Նրա համոզմամբ՝ մենք ավելի մեծ խնդիր ունենք լուծելու և պետք է այլևս հոգնած լինենք և ուշադրություն չդարձնենք, որ մեր ժողովրդավարությունը չափում են նրանով, թե ինչ են ասում նախագահ Պուտինը կամ նախագահ Օբաման, այլ պետք է մեր ժողովրդավարությունը համեմատենք մեր սպասելիքների հետ:

«Ավելի կարևոր հարց է, թե ինչ է մտածում Հայաստանի նախագահը, այլ ոչ թե այս կամ այն երկրի նախագահը: Նույն մոտեցումն է ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Մենք գիտենք, որ դա տեղի է ունեցել, և պետք չեն օտար նախագահներ, որ ասեն, թե դա տեղի է ունեցել: Եթե ամերիկացիները չեն ընդունում, ամոթ իրե՛նց, ոչ թե մեզ»,- հայտարարեց Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Սերժ Սարգսյանին նախագահ վերընտրվելու կապացությամբ շնորհավորեց պետքարտուղարի մակարդակով, որին ավելի ուշ հաջորդեց նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձը:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ընդդիմադիրները գրավել են Ռաքքա քաղաքը և ավերել նախագահի արձանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել. Այն կօտարվի «Տանգո» ՓԲԸ-ին’