‘Ռոբերտ Քենեդի. ԻՊ-ը Քաթարի գազի համար ԱՄՆ պայքարի արդյունքն է’

1396

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու հարցում ԱՄՆ-ի կամպանիայում վճռորոշ նշանակություն է ունեցել Քաթարից դեպի Եվրոպա գազատարի շինարարությունից հրաժարվելը, գրում է ԱՄՆ նախկին նախագահի զարմիկը՝ իրավաբան և հրապարակախոս Ռոբերտ Քենեդի կրտսերը Politico ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեր կռիվը Բաշար Ասադի դեմ չի սկսվել 2011 թ. «արաբական գարնան» խաղաղ քաղաքացիական բողոքից: Այն սկսվել է 2000 թ., երբ Քաթարն առաջարկեց 10 միլիարդ դոլար արժողությամբ գազատար կառուցել Սաուդյան Արաբիայով, Հորդանանով, Սիրիայով և Թուրքիայով»,- գրում է Քենեդին:

Այդ գազատարը Պարսից ծոցի սուննի թագավորություններին կօգներ վճռական գերազանցություն ձեռք բերել գազի համաշխարհային շուկայում և կուժեղացներ Քաթարը, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենասերտ դաշնակիցն է, համոզված է հեղինակը: Նա ընդգծում է, որ հենց այդ երկրում են տեղակայված ամերիկյան երկու խոշոր ռազմակայանները և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության կենտրոնակայանը:

Պաշտպանելով Ռուսաստանի շահերը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվել է ստորագրել գազատարի շինարարության պայմանագիրը և ընտրություն կատարել հօգուտ Իրանից դեպի Լիբանան գնացող խողովակաշարի: Այդ նախագծի շնորհիվ դեպի Եվրոպա գազի գլխավոր մատակարար էր դառնում ոչ թե Քաթարը, այլ շիական Իրանը, ինչը հակասում էր արաբական սուննի արևելքի շահերին, եզրակացնում է հոդվածի հեղինակը: Քաթարի նախագծից Ասադի հրաժարվելուց անմիջապես հետո ԱՄՆ-ի, Սաուդայան Արաբիայի և Իսրայելի հետախուզական ծառայությունները սկսեցին ապստամբություն կազմակերպել Սիրիայում՝ վարչակարգը տապալելու համար, և ֆինանսավորել ընդդիմությանը: Քենեդին ներկայացնում է գաղտնի զեկույցների տվյալներ: Նրա խոսքով՝ ԿՀՎ-ն 6 միլիոն դոլար է տրամադրել բրիտանական Barada հեռուստաալիքին՝ Ասադի տապալման օգտին հաղորդումներ պատրաստելու համար: Ընդ որում, նշում է Քենեդին, սիրիական վարչակարգը շատ ավելի չափավոր էր, քան սուննի միապետությունները: Սիրիան առաջադեմ աշխարհիկ պետություն էր՝ բազմակարծիք վերնախավով, իսկ Ասադը հանդես էր գալիս ազատականացման օգտին և ԿՀՎ-ին անհրաժեշտ տեղեկատվություն էր հաղորդում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

2013 թ. սուննի միապետները, որոնց նավթագազային շահերը վտանգված էին, Վաշինգտոնին առաջարկում են փակել ծախսերը, եթե ԱՄՆ-ը տապալի Սիրիայի առաջնորդին: Քաթարը, որն ամենից շատ էր շահագրգռված Ասադի տապալմամբ, ապստամբների պատրաստման համար ներդնում է 3 միլիարդ դոլար և Պենտագոնին հրավիրում գրոհայիններին մարզելու իր տարածքում: «Չնայած արևմտյան լրատվամիջոցներում գերակշռում էր բռնակալ Ասադի դեմ չափավոր արաբական ապստամբության պատկերը, ամերիկյան հետախուզության ստրատեգները հենց սկզբից էլ գիտեին, որ գործում են արմատական ջիհադիստների ձեռքերով, ովքեր, ամենայն հավանականությամբ, Սիրիայի և Իրաքի սուննի շրջաններում իրենց համար կստեղծեն նոր խալիֆաթ»,- գրում է Քենեդին:

Հետապնդելով Ամերիկայի գազային ու նավթային շահերը՝ Մերձավոր Արևելքում վարչակարգերը փոխելու համար ԿՀՎ-ն օգտագործում էր ջիհադիստներին իր ստեղծման առաջին իսկ օրվանից՝ 1947 թ.: Ըստ Քենեդու՝ ամերիկյան ղեկավարությունը համարում էր, որ արմատական կրոնական ուժերը հուսալի հակակշիռ են Սովետական Միության ազդեցությանը: 1957 թ. ԱՄՆ-ն արդեն մեկ անգամ Սիրիայում հեղաշրջման և դեմոկրատական ճանապարհով ընտրված աշխարհիկ կառավարությունը տապալելու անհաջող փորձ էր արել, բայց դրանով չբավարարվեց: ԻՊ «նավթային հանցախմբի» ստեղծումը ամերիկյան միջամտության երկար պատմության արդյունքն է, եզրակացնում է Քենեդին:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բլատտերի և Պլատինիի որակազրկումը կրճատվել է 2 տարով’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց անձի պաշտամունքի մասին և Խրուշչովի դերը’