‘Ռոբերտ Քոչարյանի ինքնարդարացման հերթական խղճուկ փորձը’

3972

Ս.թ. մարտի 4-ին Ռոբերտ Քոչարյանը, թաքնվելով իր խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի թիկունքում, 2rd.am կայքի միջոցով մի խղճուկ փորձ է կատարել հերքելու Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում իր հասցեին հնչեցված հետեւյալ երկու մեղադրանքները (iLur.am. 01.03.2015).

ա. 1998 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը։

բ. Միաժամանակ Քոչարյանական վարչախումբը արտաքին քաղաքականության մեջ թույլ տվեց մի ավելի կոպիտ ձախողում. մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի առարկայի։

Չխորանալով Քոչարյանին հատուկ փաստերի աղավաղման, դեմագոգիայի եւ բացահայտ ստախոսության անատոմիայի մեջ՝ iLur.am-ը նպատակահարմար է համարում այդ ողորմելի հրապարակմանն արձագանքել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեռեւս տարիներ առաջ հրապարակված սպառիչ կամ, ավելի ճիշտ, սպանիչ պատասխաններով.

ա. Պատմաբանների հանձնաժողովի մասին

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի իշխանությունների ամենամեծ սխալը եղել է այն, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից պահանջեց աշխարհից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այստեղ մեր մտավորականությունը ուշագնաց եղավ ուրախությունից ու ոգեւորությունից։ Ցնծություններ եղան, ձոներ հնչեցին Ռոբերտ Քոչարյանի հասցեին` ինչ տղա էր, ցավը տանեմ, չվախեցավ, գնաց ՄԱԿ-ի ամբիոնից ինչ ասես ասաց: Այդ մարդիկ չեն էլ հասկանում ՄԱԿ-ը ինչ է: Ի՞նչ պիտի անեին Ռոբերտին, ինչ կուզեր կասեր ՄԱԿ-ի ամբիոնից, պիտի կախեի՞ն, սպանեի՞ն, բանտարկեի՞ն։ ՄԱԿ-ի ամբիոնն ամենաչվախենալու տեղն է, որտեղ ցանկացած, ամենահետին վախկոտը կարող է ձեւանալ ամենամեծ հերոս: ՄԱԿ-ի ամբիոնից բոլոր երկրների ղեկավարներն ինչ ուզես ասում են: Այսքան Իրանին քննադատում են՝ Ահմադինեժադը գնում է ՄԱԿ-ի ամբիոնից ամբողջ աշխարհին ձեռնոց է նետում, Վենեսուելայի նախագահ Չավեսը ծաղրածության էր վերածում ՄԱԿ-ի ամբիոնը`ձեռ առնելով Ամերիկայի նախագահին: Խրուշչովը կոշիկով խփում էր ՄԱԿ-ի ամբիոնին: Հիմա Ռոբերտ Քոչարյանը գնացել այդպիսի բան է արել: Անդրանի՞կն է, Նժդե՞հն է, Սասունցի Դավի՞թը: Եւ ի՞նչ ստացավ այդ տղայության դիմաց: Ես սա համարում եմ տղայություն, վատ, էժան դիվիդենտներ շահելու մի հնարք, որովհետեւ դա անլուրջ քայլ էր: Եթե Հայաստանն ուզում էր ՄԱԿ-ում բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դա պետք է աներ ըստ ՄԱԿ-ի արարողակարգի: Հայաստանը պետք է կազմեր մի հրաշալի դոսիե, պաշտոնական արարողակարգով դիմեր ՄԱԿ-ին, եւ ՄԱԿ-ը չէր կարող այդ հարցը չքննել: Ռոբերտ Քոչարյանը չպահանջեց, որ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը քննի Հայոց ցեղասպանության հարցը եւ դատապարտի այդ Ցեղասպանությունը: ՄԱԿ-ը այնպիսի կազմակերպություն է, որն իր անդամ երկրների դիմումները պարտավոր է ընդունել քննարկման։ Կընդուներ քննարկման, կքվեարկեին, կանցներ` կանցներ, չէր անցնի` չէր անցնի, բայց կքննարկվեր։ Քոչարյանը չարեց այդ բանը, փոխարենը մի թատրոն խաղաց, մի խեղկատակություն արեց, որը հետո վերածվեց չափազանց մեծ աղետի հայ ժողովրդի համար: Հենց որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետության անունից պահանջեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան պատասխան քայլ կատարեց: Մինչև 1998 թվականը Թուրքիան մեզանից երբեք չի պահանջել պատմաբաննների հանձնաժողով ստեղծել Ցեղասպանության լինել-չլինելը պարզելու համար: Չի պահանջել եւ չէր էլ կարող պահանջել, որովհետեւ մենք այդպիսի խնդիր մեր արտաքին քաղաքականության մեջ չենք էլ դրել: Իսկ հենց Ռոբերտ Քոչարյանը դա դարձրեց մեր արտաքին քաղաքականության հիմնաքարը, Թուրքիան ձիու քայլ կատարեց, ասաց` շատ լավ, ասում եք` Ցեղասպանությո՞ւն, դեմ չենք, եկեք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք այդ հարցը` եղե՞լ է Ցեղասպանություն, թե՞ ոչ: Ռոբերտ Քոչարյանն իբր թե խորամանկ պատասխան տվեց, թե գիտեք ինչ` եկեք, մենք մեր հարաբերությունները կագավորենք, սահմանները բացենք եւ հետո ոչ թե այդպիսի մի հանձնաժողով, այլ մի մեծ կառավարական հանձնաժողով ստեղծենք, որտեղ կքննենք բոլոր հարցերը: Այսինքն՝ նա համաձայնեց ստեղծել այդ հանձնաժողովը, բայց ոչ թե առանձին, այլ` կառավարական, պետական հանձնաժողովի կազմում: Եւ Շվեյցարիայում ստորագրված արձանագրություններում հենց դա էլ արձանագրվեց. միջկառավարական հանձնաժողովում ստեղծել հայ եւ թուրք պատմաբանների ենթահանձանաժողով, որը պետք է քննի Ցեղասպանության լինել-չլինելու հարցը: Նալբանդյանը ստորագրեց, Սերժ Սարգսյանն էլ հավանություն տվեց։ Ավելին՝ հայտարարեցին, թմբկահարեցին, թե սա փայլուն համաձայնություն է, թե սա բխում է, ես բառացի եմ հիշում՝ «հայ ժողովրդի, Հայաստանի եւ Ղարաբաղի շահերից», թե այն բացարձակապես չի հակասում մեր ազգային շահերին» (Լեւոն Տեր-Պետրոսյանի 2012թ. ապրիլի 20-ի ելույթից):

«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել: Թուրքիան մեր առջեւ երբեք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարց չի դրել. թե՝ եկեք քննենք, տեսնենք Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ չի դրել: Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց: Մենք ՄԱԿ-ի ամբիոնից դատարկ ելույթ չենք ունեցել եւ չենք պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ դատարկ: Որովհետեւ եթե Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց այդ հարցը, դա միայն մի ելույթի խնդիր չպետք է լիներ: ՄԱԿ-ը ունի հարց բարձրացնելու ընթացակարգ։ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի լիարժեք անդամ, կարող է բարձրացնել ցանկացած հարց՝ պաշտոնապես մշակված ու փաստաթղթավորված։ Եւ ՄԱԿ-ն իրավունք չունի չքննարկելու այդ հարցը: Ուրեմն՝ ի՞նչ էր դա, ընդամենը մի ելույթ, տղայություն, որ ցույց տա, թե տեսեք՝ ինչ քաջ եմ, ինչ հերոս եմ։ ՄԱԿ-ում ինչ ուզես՝ կարող ես ասել. Ահմադինեժադը գնում ՄԱԿ-ի ամբիոնից ինչ ուզես ասում է, իսկ Չավեսը նույնիսկ սատանա է փախցնում, ծուխ է անում, որ Բուշի ուրվականը հեռանա այդ ամբիոնից… Եւ ի՞նչ: Այդ տղայության գինն ի՞նչը եղավ: Այդ տղայության գինը եղավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Թուրքերն ասացին՝ շատ լավ, դուք բարձրացնո՞ւմ եք այդ հարցը, դե հիմա եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք, տեսնենք՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ մեզ չէին ասում: Որովհետեւ հիմք չունեին ասելու: Եթե ասեին, ես կպատասխանեի՝ այդ ի՞նչ եք խոսում, մենք Ցեղասպանության հարցը բարձրացրե՞լ ենք: Սփյո՞ւռքն է բարձրացրել՝ գնացեք Սփյուռքի հետ խոսեք: Հայաստանը, որպես պետություն, ընդհանրապես չպիտի մասնակցեր այդ գործընթացին։ Դրանով միայն վնասեց, դրանով միայն սփյուռքահայերի արդար, քաղաքացիական պահանջը վերածեց միջպետական քաղաքականության խնդրի եւ փաստորեն գեոպոլիտիկ շահերի առարկա դարձրեց: Մեր ժամանակ էլ են շատ երկրներ ճանաչել Ցեղասպանությունը, բայց ոչ մեր պահանջով։ Ոչ մի երկիր Հայաստանի իշխանությունների պահանջով չի ճանաչել Ցեղասպանությունը եւ երբեք չի ճանաչի: Որեւէ երկիր դա կարող է անել երկու պարագայում. առաջին՝ եթե այդ երկրում կա ուժեղ հայկական համայնք, որը, հատկապես ընտրությունների ժամանակ,  խնդիր է ստեղծում իր իշխանությունների համար, եւ նրանք ընդառաջում են։ Երկրորդ՝ եթե աշխարհաքաղաքական նկատառումներով դա իրենց ձեռնտու է, իրենց պետք է:» (Լեւոն Տեր-Պետրոսյանի 2012թ. մայիսի 1-ի ելույթից):

բ. ԼՂՀ-ն կարգավորման գործընթացից դուրս դնելու մասին

«Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին։ Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին։ Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւ 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւ Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որեւէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական (Օսկանյանին վերագրվածը առավել եւս, գուցեեւ՝ առաջին հերթին վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին – iLur.am)։

Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւ Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւ Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած՝ Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւ դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում եւ արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետեւանքները ծանր են նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա» (Լեւոն Տեր-Պետրոսյանի 2009թ. սեպտեմբերի 18-ի ելույթից)։

Հ.Գ. Ավելորդ չէ հիշեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ 2010թ. մարտին արած հայտարարությունն այն մասին, որ «Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը» (Հայկական ժամանակ», 30.03.2010)։ Ինչպես ասում են՝ Finita la Comedia!

iLur.am. 5.03.2015

Նախորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Երևանը կյանքի որակով 183-րդն է աշխարհի խոշոր քաղաքների շարքում. ցանկում 223 քաղաք կա’