‘Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցված Մեղրիի տարբերակը’

9695

Օգոստոսի 28-ին մեր կայքում լույս տեսած «Ղարաբաղում 2-րդ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է. Քոչարյանի կողմից համաձայնեցված «Ընդհանուր պետության» տարբերակի ամբողջական տեքստը» հոդվածով մենք սկսել են հոդվածների շարք, որի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե մինչ այժմ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ինչպիսի փաստաթղթեր են եղել բանակցային սեղանին:

Ընդ որում, ներկայացնում ենք միայն այն առաջարկները, որոնք արժանացել են հայկական կողմերի միակ հայկական կողմի՝ Հայաստանի հավանությանը՝ դրանք դիտարկել որպես բանակցային հիմք: Ինչո՞ւ ենք շարքը սկսել Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո սեղանին եղած փաստաթղթերից: Շատ պարզ պատճառով. մինչեւ Քոչարյանի նախագահությունը, ԼեւոնՏեր-Պետրոսյանի ժամանակ, բանակցային փաստաթղթերի էությունը հայտնի է եղել, սակայն, 1998 թվականի իշխանափոխությունից հետո Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց մյուս թիմակիցները, Տեր-Պետրոսյանին մեղադրելով «պարտվողանկանության» «Ղարաբաղը ծախելու», «հող տալու» մեջ, հայտարարել են, թե իրենք կարգավորման ավելի լավ տարբերակներ կբերեն:

1998 թվականից սկսած՝ իշխանական քարոզչությունը ԼՂ հարցում զբաղված է եղել բացառապես մի բանով՝ նախկիններին «հող տվողներ» հռչակելով, իսկ իրենց հայտարարելով «հող պահողներ»: Այսպիսով, մի կողմից՝ հանրության շրջանում հիմնախնդրի խաղաղ՝ բանակցային կարգավորման շուրջ ձեւավորվել են թյուր պատկերացնումներ, այն է՝ խաղաղ, բանակցային կարգավորումը հնարավորէ կամ պետք է լինի առանց փոխզիջման (որովհետեւ,ըստ քարոզչության՝փոխզիջման կողմնակիցը «դավաճան» է), եւ մյուս կողմից էլ՝ հանրությանը միամիտի տեղ դնելով՝ զբաղված են եղել բացահայտ ստելով: Հանրությունից գաղտնի բանակցել են փոխզիջումային՝ ավելի վատ, ավելի զիջողական տարբերակների շուրջ, սակայն, դրանք չգաղտնազերծելով՝ հռչակել են որպես իրենց հաղթաթղթեր:

Հենց այս տեղեկատվական սուտը ցրելու համար էլ մենք հերթով հրապարակում ենք Քոչարյանի կողմից հավանության արժանացած եւ բանակցային փաստաթղթի կարգավիճակ ստանալու համաձայնություն ստացած փաստաթղթերը՝ հետեւությունները թողնելով ընթերցողին:

Առաջինը, ինչպես նշեցինք, մենք հրապարակել ենք Քոչարյանի նախագահ դառնալուց հետո հավանության արժանացած, այսպես կոչված՝«Ընդհանուրպետության»տարբերակը:

Դրան հավանություն էին տվել Հայաստանն ու ԼեռնայինՂարաբաղը (Հայաստանի անունից՝Քոչարյանը, Ղարաբաղի անունից՝ ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանը), սակայն այն հետագայում մերժվեց Ադրբեջանի կողմից: Նշենք, որ 1998 թվականի առաջարկը վերջինն է եղել, որ պաշտոնապես ներկայացվել է եռակողմ՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան ֆորմատով: Դրանից հետո բոլոր առաջարկներն արդեն ներկայացվել են բացառապես երկկողմ՝Հայաստան-Ադրբեջան ձևաչափով՝ այդպիսով դուրս թողնելով Ղարաբաղը բանակցային գործընթացից եւ դեֆակտո՝ հիմնախնդրի էությունը ազգերի ինքնորոշման իրավունքի դաշտից տեղափոխելով երկու անկախ երկրների միջեւ տարածքային վեճի դաշտ:

Երկրորդ փաստաթուղթը, որը ներկայացվեց կողմերին՝ արդեն միայն Հայաստանին ու Ադրբեջանին, դուրս էր հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից: Այն բացառապես ամերիկյան նախաձեռնությունէր, եւ Ռոբերտ Քոչարյանին ու  Ադրբեջանի այն ժամանկվա նախագահ Հեյդար Ալիեւին ներկայացվեց ամերիկյան ՔիՈւեսթում՝ ստանալով այդպիսով Քի-Ուեսթյան տարբերակ ոչ ֆորմալ անվանումը: Այն ժողովրդի շրջանում հայտնի է նաեւ որպես Մեղրիի տարբերակ, քանի որ, ի տարբերություն կարգավորման մյուս բոլոր տարբերակների, այս փաստաթղթով քննարկման առարկա էր դարձել նաեւ Հայաստանի միջազգայնորեն տարածք համարվող Մեղրիի շրջանը ամբողջությամբ, կամ` իրենց պնդման՝ դրա մի հատվածը:

Հայաստանն ու Ադրբեջանը ՔիՈւեսթում համաձայնել են քննարկումները շարունակել այս փաստաթղթի շրջանակներում, սակայն, այն հետագայում կյանքի չի կոչվել Ադրբեջանի կողմից մերժվելու պատճառով:

Այս տարբերակի մասին ամենահավաստի վկայությունները բազմաթիվ են։ Ի դեպ, փաստաթղթի մասին հիշատակումներ է արել նաեւ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը: Մեջբերում տիկին Դեմիրճյանի՝ Ա1+-ին  տված հարցազրույցից. «Մեղրիի խնդրով Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. Այդօրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. Եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝դրա համար է»:

Փաստաթղթի որոշ հատվածների շուրջ 2001 թվականին հարցազրույց է տվել նաեւ այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ հաստատելով, որ փաստաթղթով վերադարձվում են «բոլոր օկուպացված տարածքները»՝ բացի Լաչինից, եւ որ, այո, «խոսքը գնում է նաեւ ադրբեջանցիներին ինչ-որ կապ տալու Նախիջեւանի հետ»:

Օսկանյանի հարցազրույցի այդ հատվածի սղագրությունն ու տեսանյութը կարող եք տեսնել նյութի վերջում:

Ստորեւ՝ փաստաթուղթն ամբողջությամբ, որը տպագրվել է «Հայկականժամանակ» օրաթերթում՝ 2008 թվականի փետրվարի 9-ի և13-ի համարներում:

 

 

***

  

Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետու­թյունը իրենց միջեւ աոկա հակա­մարտությունը մշտական հիմքի վրա լուծելու, ինչպես նաեւ ան­կախ ազգային զարգացման ու խաղաղության, կայունության ու իրենց ժողովուրդների եւ իրենց տարածաշրջանի բարգավաճ­ման ապահովման համար անհ­րաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով պայմանավորվեցին ներքոշարադրյալի մասին.

հոդված 1

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնա­յին Ղարաբաղի Ինքնավար Մար­զի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությա­նը։ Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաննե­րում, ինչպես նշված է Ա հավել­վածում) փոխանցվում է Ադրբե­ջանի Հանրապետությանը։

հոդված 2

Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) անհա­պաղ փոխանցվում են Ադրբեջա­նի Հանրապետության քաղաքա­կան եւ վարչական վերահսկողու­թյան ներքո։

հոդված 3

Աույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պե­տության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փո­խանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք։

հոդված 4

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հա­յաստանն սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդա­մի, Ֆիզուլիի, Զեբրայիլի, Կու­բաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Ձանգելանի եւ Ղազախի շր­ջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն Համա­ձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։ Այդ ուժերի հետքաշման եւ տեղա­փոխման պլանավորումն ու իրա­կանացումը կկատարվի միջազ­գային դիտորդական ուժերի աջակցությամբ 10-11 հոդված­ների դրույթներին համապա­տասխան։

հոդված 5

Աույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկս­վում է Մեղրիի շրջանի բնակչու­թյան եւ ներկայումս Աղդամի, Ֆի­զուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Ձանգելանի, Քելբաջարի եւ Շա­հումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։ Այդ տեղափո­խության պլանավորումն ու իրա­կանացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 10-11 հոդվածներին հա­մապատասխան։ Մեղրիի շրջանը առաջին հերթին կբնակեցվի այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քա­ղաքացիներով։ Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր քաղաքացիների տեղափոխ­ման համար եւ պետք է համագոր­ծակցի մյուս պետության եւ մի­ջազգային դիտորդական առա­քելության հետ։ Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բնակավայրերի եւ մյուս ենթակա­ոուցվածքների պաշտպանությու­նը փոխանցվող շրջաններում նպատակ ունենալով կանխել դրանց ապամոնտաժումը, վնա­սումը կամ ավերումը։

հոդված 6

Ադրբեջանը եւ Հայաստանը ող­ջունում են միջազգային հանրու­թյան պարտավորությունը՝ աջակցելու այն ռեսուրսների հա­մախմբմանը, որոնք անհրաժեշտ են ներքին մակարդակով տեղա­փոխվող անձանց շուտափույթ վերադարձը ապահովելու հա­մար։ Յուրաքանչյուր պետություն ջանքեր է գործադրում երկրի ներսում վերաբնակված իր քաղա­քացիների արագ վերադարձին աջակցելու ուղղությամբ։ Յուրա­քանչյուր պետություն հրավիրում է Փախստականների գործերով գերագույն հանձնակատարին (ՓԳԳՀ), Կարմիր խաչի միջազ­գային կազմակերպությանը (ԿԽՄԿ) եւ այլ համապատասխան կազմակերպությունների մոնիտորինգ իրականացնելու, այդ տեղափոխությունների կատար­ման գործում օգնություն եւ աջակ­ցություն ցուցաբերելու համար։

հոդված 7

Սույն Համաձայնագրի ստորագ­րումից անմիջապես հետո երկու պետություններն էլ կիրականացնեն ականազերծման միջոցա­ռումներ՝ նպատակ ունենալով պայմաններ ստեղծել միջազգա­յին դիտորդական առաքելության գործունեության ծավալման եւ քաղաքացիական բնակչության անվտանգ վերադարձի ապա­հովման համար։ Երկու պետու­թյուններն էլ, ըստ անհրաժեշտու­թյան, դիմում են միջազգային դի­տորդական առաքելությանը եւ միջազգային այլ մարմինների ականազերծմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հա­մար։ Միջազգային դիտորդական առաքելությունը երկու պետու­թյուններին էլ աջակցություն կցու­ցաբերի ականազերծման միջո­ցառումներ իրականացնելու գոր­ծում տեխնիկական աջակցու­թյան եւ գործունեության կոորդի­նացման միջոցով։ Երկու պետու­թյուններն էլ միջազգային դիտոր­դական առաքելությանը կտրա­մադրեն ականների տեղաբաշխ­ման եւ դրանց տեսակների մա­սին իրենց տրամադրության տակ եղած տեղեկությունները։

հոդված 8

Յուրաքանչյուր պետություն հրա­ժարվում է մյուս պետության հան­դեպ ունեցած այն պահանջնե­րից, որոնք բխում են Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտու­թյունից։ Յուրաքանչյուր պետու­թյուն պատասխանատվություն է ստանձնում մյուս պետության հանդեպ իր քաղաքացիների ու­նեցած այն պահանջների կար­գավորման համար, որոնք բխում են այդ հակամարտությունից, ինչպես նաեւ ծագում են սույն Հա­մաձայնագրի կատարման շրջա­նակներում։

հոդված 9

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում վերացվում են բոլոր տեսակի արգելանքներն ու շրջա­փակումները։ Ադրբեջանն ու Հա­յաստանը մյուս պետություններին կոչ են անում վարվել նույն կերպ։

հոդված 10

Սույն Համաձայնագրի ժամանա­կին իրականացումն ապահովելու նպատակով երկու պետություն­ներն էլ սույնով Եվրոպայի անվ­տանգության ու համագործակ­ցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) եւ Բարձր մակարդակի պլանավորման նրա խմբին հրա­վիրում են ստեղծել միջազգային դիտորդական առաքելություն՝ սույն Համաձայնագրի դրույթնե­րի իրականացման համար։ Ադր­բեջանն ու Հայաստանը համա­ձայնության են գալիս միջազգա­յին դիտորդական առաքելության ստեղծման շուրջ այն ժամանա­կահատվածի համար, որ անհրա­ժեշտ է սույն Համաձայնագրի իրականացման համար, բայց ամեն դեպքում ոչ պակաս, քան մեկ տարով։ Ադրբեջանն ու Հա­յաստանը երաշխավորում են. ա) միջազգային դիտորդական առաքելության եւ նրա սարքավո­րումների ու տեխնիկայի ազատ տեղաշարժը իրենց համապա­տասխան տարածքներում, դրանք կտրել անցնելու, ինչպես նաեւ մեկից մյուսն անցնելու հնա­րավորություն, բ) հարգալից վե­րաբերմունք միջազգային դի­տորդական առաքելության ան­դամների եւ նրանց պահա­կախմբի նկատմամբ, ինչպես նաեւ նրանց կառույցների եւ սար­քավորումների պահպանվածություն, գ) միջազգային մարդասի­րական իրավունքի նորմերի պահպանում։

հոդված 11

Ադրբեջանն ու Հայաստանը հա­մաձայնում են, որ միջազգային դիտորդական առաքելությունը բաղկացած լինի ԵԱՀԿ անդամ պետություններից, բայց դրանց կազմի մեջ չեն մտնի Ադրբեջանի Հանրապետությանը եւ Հայաս­տանի Հանրապետությանը սահ­մանակից որեւէ պետության կամ Մինսկի խմբի համանախագահ պետությունների անձնակազմեր։

հոդված 12

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ադր­բեջանն ու Հայաստանը բանակ­ցություններ կսկսեն հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լիամասշտաբ եւ բնականոն դի­վանագիտական հարաբերու­թյուններ հաստատելու ուղղու­թյամբ։

հոդված 13

Սույն Համաձայնագիրը ստորագ­րելուց անմիջապես հետո Ադրբե­ջանն ու Հայաստանը կստեղծեն Համատեղ հանձնաժողով (Հա­մաձայնագրի քաղաքացիական կողմերը) եւ Զինվորական հանձ­նաժողով (Համաձայնագրի ռազ­մական կողմերը)՝ դրանցից յու­րաքանչյուրին միջազգային դի­տորդական առաքելության մաս­նակցությամբ, նպատակ ունենա­լով ապահովել իրադրության կարգավորման միջոցառումներ, ներառյալ վստահության ամ­րապնդման միջոցառումների մշակումը, սահմանամերձ շր­ջանների, մաքսատների կառա­վարումը, տրանսպորտային հա­մագործակցությունն ու ուղիղ օդային հաղորդակցության հաս­տատումը։

հոդված 14

Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետու­թյունը համաձայնում են այն բա­նի շուրջ, որ սույն հակամարտու­թյան կապակցությամբ կալանված բոլոր անձինք պետք է ազատվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում, որ մահացածների աճյունները պետք է վերադարձ­վեն, որ անհետ կորած անձանց առնչությամբ պետք է հետաքն­նություններ անցկացվեն նպա­տակ ունենալով պարզել նրանց անձը, գտնվելու վայրն ու ճակա­տագիրը։ Այս պարտավորության կատարումն ապահովելու նպա­տակով սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հե­տո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով։ Ադրբեջանն ու Հայաստանը ԿԽՄԿ-ին, ՓԳԳՀ-ին եւ մյուս միջազգային գերատես­չություններին հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս հարցում։

հոդված 15

Ադրբեջանն ու Հայաստանը հա­մաձայնում են ապահովել ազգա­յին հուշարձանների ու կողմերից յուրաքանչյուրի համար մշակու­թային, պատմական, կրոնական կամ էթնիկ նշանակություն ունե­ցող վայրերի սպասարկումն ու պահպանությունը։ Այս պարտա­վորության կատարումն ապահո­վելու նպատակով սույն Համա­ձայնագրի ստորագրումից անմի­ջապես հետո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով։ Ադր­բեջանն ու Հայաստանը կրթու­թյան, գիտության եւ մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության գործակալու­թյանը (ՅՈւՆԵԱԿՕ) հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս հարցում։

հոդված 16

Ադրբեջանը երաշխավորում է Հա­յաստանի իրավունքը գոյություն ունեցող ճանապարհային եւ եր­կաթուղային միջանցքների միջո­ցով պահպանելու տրանսպոր­տային եւ առեւտրային կապերը Իրանի Իսլամական Հանրապե­տության հետ, ինչպես նաեւ ապագայում ապրանքների ու սպա­սարկումների տարանցման հա­մար հաղորդակցության նոր են­թակաոուցվածքների ստեղծման իրավունքը։ Այդ գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր մաքսային եւ տրանսպորտային օրենքներով ու դրույթներով։

հոդված 17

Ադրբեջանն ու Հայաստանը իրար հետ հարաբերություններ կպահ­պանեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում շա­րադրված սկզբունքներին եւ միջազգա­յին իրավունքի մյուս համապատասխան դրույթներին համապատասխան։ Մաս­նավորապես, նրանք համաձայնում են լիովին հարգել միմյանց ինքնիշխան իրավահավասարությունը, վեճերը կար­գավորել խաղաղ միջոցներով եւ ձեռն­պահ մնալ այնպիսի գործողություննե­րից, որոնք սպառնալիքի միջոցով, ուժի կիրառմամբ կամ որեւէ այլ եղանակով ուղղված կլինեն մյուս պետության տա­րածքային ամբողջականության կամ նրա քաղաքական անկախության դեմ։

հոդված 18

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտ­նում երկու երկրներում հանրաքվեների միջոցով դրա ընդունումից հետո։ Ադրբե­ջանն ու Հայաստանը մինչեւ այդպիսի հանրաքվեների անցկացումը ժամանա­կին կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը իրենց սահմանադրություննե­րին ու օրենքներին համապատասխան, նպատակ ունենալով ապահովել այդ կերպ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Յուրաքանչյուր կողմը, մյուս կող­մին կիրազեկի այն մասին, որ այդ քայլե­րը ձեռնարկված են։ Հանրաքվեներն անցկացվում են միաժամանակ։ Ադրբե­ջանն ու Հայաստանը ԵԱՀԿ-ին կխնդրեն միջազգային այլ կազմակերպություննե­րի համագործակցությամբ դիտորդա­կան հսկողություն իրականացնել այդ հանրաքվեների նախապատրաստման եւ անցկացման նկատմամբ։

Կնքված է      ում 1999թ.                              ին երկու օրինակից, ընդ որում՝ օրինակները համազոր են։

Ադրբեջանի Հանրապետության կող­մից

Հայաստանի Հանրապետության կող­մից           

 

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈԻԹՅԱՆ ԼՈԻԾՄԱՆ ՄԱԱԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈԻԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈԻԹՅԱՆ ՄԱԱԻՆ

 

Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես սույն համաձայնության վկաներ հայտա­րարում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի համարձակ ջանքերին մեր լիակատար աջակցության մասին, որոնք շարադր­ված են սույն Համաձայնագրում, ինչպես նաեւ մեր մտադրության մասին եռան­դուն ջանքեր գործադրելու դրա դրույթնե­րի ու արարողակարգերի պահպանումն ու կատարումը ապահովելու համար։ Մենք ԵԱՀԿ-ին եւ Բարձր մակարդակի պլանավորման խմբին կոչ ենք անում անհապաղ ստեղծել նպատակային խումբ միջազգային դիտորդական առա­քելության խնդիրներն ու պարտականու­թյունները սահմանելու համար։ Այդ նպա­տակային խումբը նոր Զինվորական հանձնաժողովի շրջանակներում Ադրբե­ջանի ու Հայաստանի հետ համատեղ կզ­բաղվի իրենց հայրենիք զորքերի վերա­դարձի հարցերի մանրամասն մշակմամբ՝ անհրաժեշտության դեպքում նե­րառելով զինվորական տեսակետից պայմանավորված անցումային բուֆերային գոտիների ստեղծման հարցը, որոնք գոյություն կունենան սույն Համա­ձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից վաթսունօրյա ժամանակահատվածի ըն­թացքում, ինչպես նաեւ այն լրանալուց հետո։ Նպատակային խումբը նաեւ ջան­քեր կգործադրի երկու պետությունների միջել եւ ամբողջ տարածաշրջանում թա­փանցիկության ու վստահության ամ­րապնդմանը նպատակամղված անվ­տանգության ոլորտի համագործակցու­թյան նոր ձեւերի առաջքաշման ուղղու­թյամբ եւ կնպաստի ականազերծման միջոցառումների կոորդինացմանը։

Մենք հավաստում ենք մեր պարտա­վորությունը միջազգային ջանքեր գործադրելու տարածաշրջանի տնտեսա­կան վերականգնմանը անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատա­կով։ Դա կներառի աշխատանքը միջազ­գային առաջատար ֆինանսական հաս­տատությունների, Միավորված ազգերի կազմակերպության ու նրա մասնագի­տացված հիմնարկությունների եւ ոչ կա­ռավարական կազմակերպությունների հետ։ Այս կապակցությամբ սույն Համա­ձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջա­պես հետո մենք կապահովենք դոնորնե­րի միջազգային խոշոր խորհրդաժողովի անցկացումը։

Մենք հայտարարում ենք, որ սույն Համաձայնագրի պայմանները, մասնա­վորապես միջազգային նոր սահմաննե­րը խախտող ամեն մի գործողություն կդիտարկվի որպես պոտենցիալ սպառ­նալիք միջազգային անվտանգությանն ու կայունությանը։ Նման գործողություն­ների դեպքում մենք անհապաղ քննու­թյան կառնենք դրանց էությունը եւ անհ­րաժեշտ վերաբերմունքը, ներառյալ հնարավոր դիմումը Միավորված ազգե­րի կազմակերպության Անվտանգու­թյան խորհրդին եւ պատժամիջոցների ու լրացուցիչ քայլերի մասին հարցի քն­նարկումը նպատակ ունենալով հասնել սույն Համաձայնագրի դրույթների կա­տարմանը։

Սույն Համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կհիմնի նոր մշտական մարմին, որի կազմի մեջ կմտնեն ներկայումս Մինսկի խմբի համանախագահներ հանդիսացող պետու­թյունների ներկայացուցիչները եւ գոր­ծող նախագահի ներկայացուցիչը սույն Համաձայնագրի իրականացման մոնիտորինգի եւ դրա իրագործումն արագաց­նելու եւ ամրապնդելու միջոցառումների քննարկման նպատակով։ Այդ մարմինը իր խորհրդակցությունները կանցկացնի ըստ անհրաժեշտության, բայց ոչ պա­կաս, քան տարին մեկ անգամ։

Եւ, վերջապես, մենք ԵԱՀԿ-ին ու Մի­ավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին հրավիրում ենք ընդունելու բոլոր համապատաս­խան բանաձեւերը, որոնք կարող են օգ­տակար լինել այս պատմական հաշ­տության համաձայնության արագ ու արդյունավետ իրականացումն ապահո­վելու համար։

 

Ռուսաստանի Դաշնության կողմից

Ֆրանսիայի կողմից

ԵԱՀԿ գործող նախագահի կողմից

Թուրքիայի Հանրապետության կողմից

ԱՄՆ կողմից

Եվրոպական Միության կողմից

  

Օսկանյանի հարցազրույցը (2001 թվական)

 


Լրագրող — Ճի՞շտ է, որ պայմանագրով նախատեսվում է, որ հայերը ադրբեջանցիներին վերադարձում են 7 շրջաններից 6-ը:

Օսկանյան- Գիտեք, եթե Ղարաբաղի կարգավիճակի լուծումը լինի այնպիսին, ինչպիսին  որ մենք ձգտում ենք դրան, այո, այդպիսի բան կա: Այո, այդ 6 տարածքները, բացի Լաչինի շրջանից, պայմանագիրը, կամ խաղաղության այդ փաստաթուղթը ենթադրելու է, որ վերադարձվելու է Ադրբեջանին:

Լրագրող- Ճի՞շտ է, որ Լաչինի շրջանը Ղարաբաղի հետ միասին ստանում է ինքնակառավարման կարգավիճակ (self goverment):

Օսկանյան- Որովհետեւ սա իսկապես հարցի էությունն է, ես չեմ պատասխանի դրան, միայն կարող եմ ասել այն, ինչ մի քիչ առաջ էլ ասացի. Լաչինը եւ Ղարաբաղը կունենան նույն կարգավիճակը, Լաչինը կունենա նույն կարգավիճակը, ինչը որ  կունենա Ղարաբաղը:

Իսկ թե Ղարաբաղն ինչպիսի կարգավիճակ կունենա, ահավասիկ այստեղ գալիս է դիվանագիտության գաղտնիության հարցը, եւ ես այդ հարցին չէի  պատասխանի:

Լրագրող- Ճի՞շտ է, որ որպես փոխհատուցում, ըստ «Էկոնոմիստի»՝ Ադրբդջանը ստանում է միջազգայնորեն վերահսկվող ճանապարհ դեպի Նախիջեւան:

Օսկանյան- Մենք խոսեցինք դրա մասին, իրոք, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծվում է այնպես, ինչպես որ մենք ենք ուզում, եւ իրոք, այն փաթեթը, ի վերջո, ընդունելի է դառնում բոլոր կողմերի համար, մենք ասացինք, որ այո՝ խոսքը գնում է նաեւ ադրբեջանցիներին ինչ-որ կապ տալու Նախիջեւանի  հետ: Դա մենք չենք ժխտում, դա սեղանի վրա է, բայց այս պահին դեռ վաղ է ասել, թե դա ինչպիսի ձեւ եւ բովանդակություն կստանա: …

…Ինչքան էլ ցավալի լինի, եթե մենք ստանում են Ղարաբաղի՝ մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն:

 

Նախորդ հոդվածը‘Մադուրո. Արևմուտքը կփորձի արդարացնել ռազմական ներխուժումը Վենեսուելա’
Հաջորդ հոդվածը‘Էկվադորի նախագահը Մադուրոյին կոչ է անում խոստովանել, որ իր երկրում լուրջ ճգնաժամ կա’