‘Ռոբերտ Քոչարյան. Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր’

1291

Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև:

Պարոն Քոչարյան, հանրության շրջանում Ձեր` նախագահական ընտրություններին մասնակցելու առումով որոշակի սպասումներ կային, սակայն դա տեղի չունեցավ: Որո՞նք էին Ձեր որոշման դրդապատճառները և ինչպե՞ս եք գնահատում ընթացիկ քաղաքական իրավիճակը:

— Քաղաքական իրավիճակն այնքան անհետաքրքիր է, որ այս հարցազրույցով հանդես գալու միակ պատճառը հարցազրույցի խոստումս է: Բնականաբար, գիտեմ, որ գալիք ընտրություններին իմ հնարավոր մասնակցության որոշակի սպասումներ կային: Թեև ես երբեք չեմ հայտարարել մասնակցելու մտադրության մասին, այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում որոշ բացատրություններ տալ գործողություններիս վերաբերյալ: Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ, որ դրդում էին ինձ ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:

Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ  և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը: 

Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս: 

Սրանք, իհարկե, հիմնարար գործոններ չեն, բայց ես համարեցի, որ դրանք էմոցիոնալ և էթիկական տեսանկյունից բավականաչափ ծանրակշիռ են: Այդ պատճառով էլ սահմանափակվում էի կարճ հարցազրույցներով, այն էլ միայն այն դեպքերում, երբ իրավիճակին չարձագանքելն ուղղակի անհասկանալի կլիներ:

Իսկ ի՞նչ կասեք հիմնարար գործոնների մասին: Ձեր նախորդ հարցազրույցներում Դուք խոսում էիք արտագաղթի, տնտեսական իրավիճակի և քաղաքական մրցակցության գործոնների մասին: Ինչպիսի՞ն է Ձեր այսօրվա գնահատականն այդ առումով: 

— Հիմնարար գործոնները, ցավոք, այսօր էլ լավատեսություն չեն ներշնչում: Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, և սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի: Ցածր ծնելիության և ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է: Պատահական չէ, որ միգրացիան երկրի առողջական վիճակի կարդիոգրամմա է համարվում:  

Տնտեսությունը սկսել է աճել, բայց արդյո՞ք այդ աճը կայուն կլինի նվազող ներդրումների պայմաններում, և որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ: Չէ՞ որ նույնիսկ ՀՆԱ-ի 2012թ. սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին (98%), հատկապես ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի ավելի քան եռակի աճի պայմաններում (այն էլ` պարտքի կառուցվածքի վատթարացմամբ): Ի դեպ, տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին և անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեև հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում:

Կառավարության հանգիստ ու հանդարտ ջանքերով շատ դժվար է լինելու կոտրել այս միտումները: Մեզ շատ ավելին է պետք: Այն, ինչը կմոբիլիզացնի հասարակությանը, հավատ կներշնչի և կմղի գործողությունների: Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» Կակայի հարցում պատրաստ է դիմել ծայրահեղ քայլի’
Հաջորդ հոդվածը‘Այս պահի դրությամբ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 6 կազմակերպություն’