‘«Ռոյալ էքշըն», կամ՝ վարչապետը «գաղտնի» գրոհում է’

1740

Եւ մեկ էլ,

Որպեսզի ճշմարտությունը չդառնա զուռնա,

Պետք է ասել, որ նա –

Ճիշտ է, զզվում է սոցիալիզմից ոնց որ գլիստից,

Բայց –

Երեւակայո՞ւմ եք –

Դեմ չէ –

Է՛բերտին –

Սոցիալիստի՛ն…

Ե. Չարենց

«Տիրապետողների դեմքը»

 

Իշխանական կուլիսներն այս օրերին ե՛ւ բազմամարդ էին, ե՛ւ բազմաձայն: Ինչպես ասում են` այստեղ շունը տիրոջը չէր ճանաչում, եւ միակ հարցը, որ զբաղեցնում էր Բաղրամյան 26-ի արտիստական կազմի բորբոքված միտքը` հետեւյալն էր. վերջապես՝ ո՞վ շահեց սեպտեմբերյան իրադարձություններից, արդյո՞ք շեֆը: Եւ եթե նա` այդ ինչպե՞ս պատահեց, որ ռեժիսորի ուղղությամբ, եւ բոլոր կողմերից, հիմնականում հոտած ձվեր ու լխկած լոլիկներ են հիմա բեմ նետում…

Նրանք, ովքեր համեմատաբար երկրորդական դերեր են խաղում արքունիքում, առհասարակ շլմորած են եղել իրենց չիմացության մեջ, իսկ նրանք, որոնց ռեժիսորը թույլ է տվել երեւակայել, թե առաջին պլանի սուպերհերոս են, արդուզարդի սենյակում սկսել են հընթացս նո՛ր էքշընի կամ գործողության նախապատրաստվել՝ այդով շփոթեցնելով նաեւ սեփակա՛ն երկրպագուներին…

Բայց որտե՞ղ է,  վերջապես, թաղված շան գլուխը` կհարցնեք:

Կհուշենք, իհարկե, խաղը պարզ է: Բայց մինչ այդ նկատենք, որ արդեն մոտ մի շաբաթ, նախ` սեփական թիմի խուճապը նվազեցնելու եւ իրավիճակն առավել վերահսկելի դարձնելու նպատակով, ապա նաեւ` հետագա խաղին արժանահավատություն հաղորդելու կանխավարկածով, Տիգրան Սարգսյանի շրջապատը մտածված տեղեկատվական արտահոսք է կազմակերպում` դեռ չխաղարկված գործողության վերաբերյալ:

Զուգահեռ` արտիստական խմբին համոզում են, թե՝

ա. չնայած չորս տարի համատեղ խաղի մեջ էինք եվրոպական արտիստների հետ, միաժամանակ եւ խիստ գաղտնի` խաղում էինք նաեւ ռուսների հետ,

բ. քանի որ Երեւան-Վիլնյուս տարածությունը գնալով կրճատվում էր, նպատակահարմար էր խաղը մեծ էկրան բարձրացնել ռուսների՛ մասնակցությամբ, միաժամանակ` եվրոպական փողերի կլլման հարցը չհանելով օրակարգից…

գ. իրավիճակը վերահսկվում է, եւ շահողն, անշուշտ, Սերժ Սարգսյանի՛ արտիստական խումբն է,

դ. չնայած դրան` քաղաքականից զատ՝ լուրջ սոցիալական խնդիրներ էլ կան, եւ որպեսզի նախ չտապալենք սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության վերարտադրումը, ապա նաեւ` ծանր ձմռան շեմին լրի՛վ չզրկվենք ցանկալի դոլարներից ու եվրոյից, հարկավոր է կրկին մոլորեցնել միաժամանակ բոլորին` խիստ բնական կերպով խաղարկելով արքա-փոխարքա հակասության էքշընը: Արդյունքում՝ մի ձեռքով երեք ձմերուկ կբռնեն. ձմեռը կհանեն առանց սոցիալական բունտի, սահմանադրական փոփոխությունները կիրականացնեն` Սերժին վարչապետ, երկիրը` խորհրդարանական դարձնելով, գուցե հնարավոր լինի` Պուտինի մոտ էլ ռուսամետ Սերժի գինը թանկացնեն…

Հասկանալի է, չէ՞` ինչ է կատարվում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կառավարության նիստում ՄՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ փաթեթի կազմման հարցում թաքնվեց հայտնի տիկնոջ թիկունքում, որոշել է լայն հանրության սեփականությունը դարձնել իր «արեւմտյան տվայտանքները»` Սերժ Սարգսյանի օրհնությամբ որոշակիորեն իր վրա վերցնելով  «փեսայական», այսինքն` մեդիա դաշտն ուղղորդելու գործառույթները…

Համաձայն այս սցենարի` շատ շուտով նաեւ կստեղծվեն եւ արդե՛ն իսկ ստեղծվել են, այսպես կոչված՝ նոր e-տեղեկատվական խողովակներ, որոնք փութաջանորեն կթունավորեն հանրային միտքը` հետեւյալ լժե-կաղապարներով.

ա. իշխանությունը պատռեց իր դիմակը, որի տակ ռուսական դեմք էր /սա արվում է որպես ալիբի` հիշյալ տեղեկատվական խողովակը տիրապետողի իրական դեմքը թաքցնելու համար, իսկ ահա եվրոպացի գործընկերներից ոչինչ չի թաքցվի, եւ ողբը, թե արեւմտամետ վարչապետը հակասության մեջ է ռուսոֆիլ նախագահի հետ, կշարունակվի թափ ստանալ/

բ. ընդդիմություն չկա, իսկ Տեր-Պետրոսյանի նշած հայաստանակենտրոնությունն  ընդամենը ռուսամետությունը ծածկելու քող է եւ տրյուկ, որով, իբր, պիտի առհավետ թաքցվի իշխանություններին ռուսական գիրկը մղելու` ՀԱԿ-ի պահվածքը…

գ. այնպիսի պատասխանատու պահ է երկրի համար, որ ինչ արել` արել են: Հիմա պիտի ՀԱԿ-ն իր մեջ ուժ գտնի` ՀՅԴ-ի եւ Ժառանգության հետ միասին համաժողովրդական ընդվզման գնալու, դեպի իր դաշտ ներգրավի նաեւ քաղաքացիական ակտիվիստներին, իսկ որ ամենակարեւորն է` այս կերպ գուցե հնարավոր լինի ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ  ձեւավորել վարչապետական լեռնաշխարհում:

Նայիվ-գեղջկական օպերացիա է, այնպես չէ՞:

Բայց տես, որ վարչապետի արեւմտյան ողբն այնպե՛ս փափկացրեց ամերիկյան դեսպանի ու USAID-ի գործընկերերի սրտերը, որ սրանք հերթական անգամ, միանգամի՛ց բացեցին իրենց դրամապանակները` պուտինյան սոցիալիզմից, ինչպես գլիստի՛ց զզվող արեւմտամետի առաջ:

Ոչինչ, եթե կամենան չորս կողմ նայել, գուցե նաեւ կտեսնեն, որ տիգրանսարգսյանական լիբերալիզմը միշտ էլ ընդամենը բանկային ակտիվ է եղել նրա համար, իսկ իրականում Վազգեն Սարգսյանի հոգեզավակը Եվրասիայի էլ չէ՛, խորը Ասիայի եւ Սինգապուրի սիրահար է:

Մի առիթով, երբ դեռ ԿԲ-ում անբասիր կենսագրության տիրոջ կենսագրություն էր կերտում, անձա՛մբ նկատեց, որ եթե իրեն մնար` Սինգապուրի օրինակով մեզ մոտ էլ կկտրեր գողի ձեռքը:

Ափսոս, որ մենք գոնե մի տասը րոպեով Սինգապուր չենք: Մյուս կողմից էլ` կհասցնե՞նք այդ կարճ ժամանակամիջոցում գոնե կառավարությունը «կռնատել»…

 

Հ.Գ. Բայց կկարողանա՞ Տիգրան Սարգսյանը սուպերհերոսի իր խաղն առաջ տանել` կհարցնեք: Սերժ Սարգսյանը համոզված է, որ վարչապետն ամենահարմա՛ր խաղաքարտն է իր ու հայտնի Ֆլեշի սիրած խաղասեղանի վրա: Ի դեպ, հենց այդ պատճառով ու նրան հավելյալ նյարդայնացնելու ու առավել հավատարիմ դարձնելու պատրվակով է նախագահականը ժամանակ առ ժամանակ հայտնի Արմեն Սարգսյանի վարչապետության  տեսլականը պտտում նրա քթի առաջ: Այնպես որ` թվացյալ առաջին պլանում, թե ոչ` նա միշտ էլ Սերժի «ագռավի վալետը» կմնա, ինչպես նրան անհույս խաղամոլներից մեկն էր բնորոշել: Տիգրան Սարգսյանը երբե՛ք չի համարձակվի սեփական խաղով արքայի հետ մրցել:

Այնպես որ, մանավանդ մեռելոցների օրերին, ուշադի՛ր լինենք բարեպաշտ սերնդի հոգաբարձուի քայլերի նկատմամբ. դրանք մեզ շա՛տ բան կարող են պատմել Բարսեղ Բեգլարյանի փողերով էկրանավորվող «Ռոյալ էքշընի» վերաբերյալ…

Գոհար Սիմոնյան            

 

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներն այցելել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին’
Հաջորդ հոդվածը‘Eminem-ի մանկության բնակարանը հանվել է աճուրդի’