‘Ռոնալդուն՝ ընդդեմ Իբրահիմովիչի. ԱԱ 2014-ը նրանցից մեկը բաց կթողնի’

990

ԱԱ 2014-ի վիճակահանությանը մնացել է ընդամենը 20 օր, իսկ մինչ այդ դեռևս պետք է ի հայտ գան «Մունդիալի» վերջին 11 մասնակիցները՝ 5 հավաքական ԱՖրիկայից, մեկը՝ Օվկիանիա-Հյուսիսամերիկյան պայքարի արդյունքում, և մեկ հավաքական էլ Ասիա- Հարավային Ամերիկա հակամարտությունում: Գումարած, իհարկե, նաև Եվրոպական գոտու անցումային 4 խաղերը: Եվ եթե հենց առաջին խաղերից հետո, ինչպես և սպասվում էր, մեքսիկացիները և ուրուգվայցիները, 99 %- ով ապահովեցին դեպի Բրազիլիա ուղեգրերը, ապա այսօր եվրոպական 8 հավաքականներ կսկսեն պայքարը«Մունդիալի» 4 տեղերի համար: Ընդամենը 4 օրվա ընթացքում պարզ կդառնան «Մունդիալի» բոլոր մասնակից հավաքականները: Եվ հաջորդ ամռանը մեն, ամեն դեպքում, ստիպված կլինենք «Մունդիալին» հետևել առանց Ռոնալդուի կամ Իբրահիմովիչի, իսկ հնարավոր է՝ նաև առանց «Ոսկե գնդակի» ֆավորիտ համարվող Ֆրանկ Ռիբերիի:  

Պորտուգալիա — Շվեդիա

Ժամը 23:45

Կրիշտիանո Ռոնալդուն՝ ընդդեմ Զլատան Իբրահիմովիչի. որքան էլ որ հենց իրենք խաղացողները փորձեն հերքել, այս հավաքականների արդյունքը մեծապես կախված է, թե ինչպես հանդես կգան «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից երկուսը, ովքեր երևի թե այս պահին գտնվում են իրենց ֆուտբոլային կարիերայի լավագույն մարզավիճակում:

Երկու հավաքականներն էլ սովոր են անցումային խաղեր անցկացնելու, բայց եթե շվեդները հենց սկզբից պետք է ընդունեին, որ գերմանացիներին շրջանցելն անհարին է, ապա պորտուգալացիները, կարելի է ասել, ձախողեցին խմբային փուլը՝ առաջ թողնելով Կապելլոյի Ռուսաստանին: Պորտուգալիայում այս կազմի համար 2014-ի «Մունդիալը» համարվում է  որևէ լուրջ հաջողության հասնելու վերջին հնարավորությունը, քանի որ պատկերացնել, որ 2018-ին Ռուսաստանում 33-ամյա Ռոնալդուի գլխավորությամբ նրանք ավելին կարող են անել՝ բարդ է:

«Ոսկե գնդակի» համար քվեարկությունը ավարտվում է անմիջապես հանդիպումից հետո, և թե՛ Ռոնալդուն, թե՛ Իբրահիմովիչը, ամեն ինչ կանեն լրագրողների, ազգային հավաքականների մարզիչների և ավագների ձայները ստանալու համար: Իբրահիմովիչը կարծում է, որ «Ֆուտբոլի երկրպագուները Բրազիլիայում ցանկանում են տեսնել հենց իրեն», իսկ շվեդների դարպասապահ Վիլանդը նշում է, որ «շատ լավ է հիշում 2004-ի Կրիշտիանոյի արդյունքները և կփորձի այնպես անել, որպեսզի բոլորը ևս մեկ անգամ տեսնեն նրան այս զույգի երկրորդ խաղից հետո»: Այս խոսքերը ևս մեկ անգամ հաստատում են այն կարծիքը, որ շվեդները առաջին հանդիպումում առավելապես փորձելու են պաշտպանվել, իսկ հաղթանակի մասին կմտածեն ամսի 19-ին: Նշենք, որ մինչ այս թիմերը հանդիպել են 15 անգամ՝ 6 հաղթանակ տարել են շվեդները, 3՝ պորտուգալացիները, 6 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:

Ուկրաինա — Ֆրանսիա

Ժամը 23:45

Ֆրանսիացիները չեն թաքցնում իրենց ֆավորիտի կարգավիճակը, իսկ Ֆրանկ Ռիբերին ընդհանրապես հայտարարում է, որ «որևէ այլ արդյունք, բացի իրենց հաղթանակից, նա չի պատկերացնում»: Ուկրաինացիներին առաջին խաղում ցանկալի արդյունք գրանցել կարող են օգնել երկրպագուները և եղանակային պայմանները՝ հանդիպման ընթացքում սպասվում է մինչև 0 С: Վերջին անգամ թիմերը հանդիպել են հենց Ուկրաինայում, անցյալ Եվրո 2012-ի խմբային փուլում, որտեղ ֆրանսիացիները ամեն կերպ գերազանցեցին իրենց մրցակցին: Չնայած դրան՝ վերջին Եվրոյից հետո Դեշամը համեմատաբար նոր թիմ է կառուցում, որտեղ մեծ դեր ունեն Պոգբան և Մոտուիդին: Ուկրաինացիները կփորձեն առաջին հանդիպումը ավարտել թեկուզ գոլազուրկ ոչ-ոքի՝ հույսը դնելով արտագնա խաղում գոլի վրա:

Հունաստան — Ռումինիա

Ժամը 23:45

Երևի թե ամենաանհետաքրքիր դիմակայությունը եվրոպական ացնումային խաղերի զույգերում: Հույները 2004-ի ֆանտաստիկայից հետո իրականում միայն նահանջի տեղ ունեին, ինչը և տեղի է ունենում, ոչ միայն հավաքականի, այլև ակումբային թիմերի հետ: Իսկ Ռումինիայի հավաքականում ներկայումս չկա ոչ Մուտուի, ոչ է,լ առավել ևս՝ Հաջիի կամ 90-ականների հրաշալի հավաքականի այլ աստղերի՝ Պետրեսկուի կամ Գիկա Պոպեսկուի կարգի գեթ մեկ խաղացող: Ռումինացիները առաջին հանդիպմանը մոտենում են առանց իրենց Վլադ Կիրիկեշի, ով վնասվածք ստացավ «Պրեմեր լիգայի» վերջին «Նյուքասլի» դեմ խաղում, ինչը մեծացնում է փայլուն մարզավիճակում գտնվող, «Օլիմպիակոսի» հարձակվող Միտրոգլուին գոլային շարքը շարունակվելու հավանականությունը: Բայց, միևնույն է՝ եթե Պիցուրկեի սաները կարողանան դիմանալ հույն երկրպագուների ճնշմանն ու սադրանքների չենթարկվեն, պատասխան խաղին կարող են մոտենալ հստակ ֆավորիտների կարգավիճակով:

Իսլանդիա — Խորվաթիա

Ժամը 23:00

Ընտրական փուլը երկու հավաքականներն էլ լավ չանցկացրին՝ ընգրկված լինելով ոչ ամենաբարդ խմբերում: Անցումային խաղերի իրավունք երկու հավաքակններին պարգևեց «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ակվիլանին՝ վերջին րոպեին հավասարեցնելով Դանիա — Իտալիա խաղի հաշիվը: Ամեն դեպքում՝ թիմերը այստեղ են և պայքարում են «Մունդիալ» մեկնելու համար: Այն, ինչ երազանք էր իսլանդական ֆուտբոլի լեգենդ Էյդուր Գուդյոնսենի համար, կարող են ի կատար ածել ոչ պակաս տաղանդավոր Սիգտորսոն — Սիգուրդսոնը զույգը: Խորվաթները ներկայումս բավականին խոցելի տեսք ունեն, և այս պահին նրանց առավելությունը իսլանդացիների նկատմամբ միայն փորձն է և երկու աստղային խաղացողները՝ Մոդրիչն ու Մանջուկիչը:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյին հատուկ լիազորություններ է տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Արտահերթ նիստ նախաձեռնած ուժերը քննարկում են հետագա քայլերը ‘