Ռոնալդու․ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է ինձ

196

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված սկանդալային հարցազրույցում հայտարարել է, որ մանչեսթերյան ակումբը դավաճանել է իրեն։

«Ես զգում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է ինձ։ Այս հարցազրույցը տալիս եմ, որպեսզի մարդիկ իմանան ճշմարտությունը։ Այո, ես ինձ զգում եմ դավաճանված, այդպես է եղել նաեւ անցած մրցաշրջանում։

Ակումբ վերադառնալուց հետո երեք մարզիչի հետ եմ աշխատել։ Ուլե-Գունար Սուլշերն իմ ընկերն է, նրա նկատմամբ միայն հարգանք եմ զգում։

Ռալֆ Ռանգնիկը 10 տարուց ավելի մարզչական աշխատանք չէր կատարել։ Այդ դեպքում՝ ինչպես էր նա ղեկավարելու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ես նրա մասին նույնիսկ չէի լսել։

Էրիկ տեն Հագին չեմ հարգում, քանի որ նա էլ ինձ չի հարգում։ Եթե դու ինձ չես հարգում, ես երբեք քեզ չեմ հարգի։ Երկու մրցաշրջան է բոլոր անհաջողությունների մեղավոր ինձ են ներկայացնում։

Ես հիասթափված էի, երբ հասկացա, որ ակումբը չունի վերականգնողական նոր տեխնոլոգիաներ, ջակուզի, ջրային եւ մերսման համակարգեր, ժամանակակից մարզասարքեր, սննդի առաջադեմ համակարգ։ Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբում ոչ մի առաջընթաց չի եղել։ Ես տեսա այն ամենը, ինչ հիշում էի 20-23 տարեկանից։

Պիկասոն ասում էր՝ որեւէ բան վերականգնելուց առաջ պետք է այն քանդել։ Եթե ակումբը սկսի ինձնից, ոչ մի խնդիր։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը», երկրպագուներին, որոնք միշտ ինձ են աջակցում։ Բայց եթե նրանք ցանկանում են առաջընթաց, պետք է շատ բան փոխեն»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է dailymail-ը։

Նախորդ երկու խաղերում Ռոնալդուն հայտավորված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Նա Պորտուգալիայի հավաքականի կազմում կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը

Նախորդ հոդվածըԿրակել են հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հաջորդ հոդվածըՍտամբուլում ռումբ տեղադրելու կասկածանքով մեկ մարդու են ձերբակալել