‘Ռոսելի հրաժարականը, կամ ինչից հետո սկսեց խորտակվել կատալոնական «Տիտանիկը»’

1888

Եվ այսպես, «Նեյմարը կկործանի Բարսան» միտքը չիրագործվեց խաղադաշտում, բայց էացվեց նրանից դուրս:  «Օպերացիա Նեյմարի» մանրամասները ստիպեցին հրաժարական տալ Սանդրո Ռոսելին:

Հունվարի 20-ին դատարանն ընդունեց «Բարսելոնա» ակումբի սոցիո (ակումբի անդամ) Ժորդի Կասասի հայցը՝ կապված Նեյմարի տրանսֆերի վրա ծախսված գումարների հետ: GoBarça շարժման հիմնադիրը պահանջում էր ակումբից պարզաբանել, թե որքան է իրականում արժեցել Նեյմարը. ակումբը պնդում էր, որ 57 մլն €, իսկ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ 38 մլն ավելի՝ 95 մլն: 24 ժամ անց La Vanguardia-ն տեղեկատվություն տարածեց  այն մասին, որ Բարսայի 53-րդ նախագահ Սանդրո Ռոսելը մտադիր է ակումբի տնօրենների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել և հրաժարական ներկայացնել: Այն իրականություն դարձավ ընդամենը 10 ժամ հետո: Եւս 4 ժամ հետո «Բարսելոնայի» մամլո ասուլիսների համար նախատեսված Ռիկարդ Մաշենսի անունը կրող սրահում, որտեղից վերջին տարիներին հայտարարվել էր Բարսայի մի քանի խորհրդանիշների՝ Գվարդիոլայի, Աբիդալի, Տիտո Վիլանովայի՝ ակումբը լքելու մասին, հայտվեց ինքը Ռոսելը:

Մամլո ասուլիսի մեկնարկը ձգձվում էր, և չէր բացառվում, որ Ռոսելի հրաժարականը կհրապարակվի պաշտոնական հաղորդագրության տեսքով: Բայց Ռոսելը, այնուամենայնիվ, հայտնվեց Խոսե Մարիա Բարտոմեուի՝ այդ պահին դեռևս ակումբի փոխնախագահի ուղեկցությամբ:

Լրագրողներին մինչ մամլո ասուլիսի մեկնարկը տեղեկացվել էր, որ հարցեր տալու հնարավորություն չի լինելու: Ռոսելը ներկայացավ բավականին հանգիստ՝ մի մարդու նման, ով գոնե այդ պահին հստակ պատկերացնում է իր անելիքը, և կարդաց պաշտոնական հաղրոդագրությունը, որտեղ նա հիշեցրեց անցած 3 տարիների հաջողությունները, տառապանքը, և որտեղ որպես հրաժարականի պատճառ նշեց, որ «Նեյմարի տրանսֆերը ավելացրեց մեր հակառակորդների ատելությունը», ինչը հասկանալով՝ ակումբի շահը ավելի վեր դասելով և ցանկանալով պահպանել գործարքի կոնֆիդենցիալությունը, ինքը որոշեց գնալ այսպիսի քայլի, հատկապես՝ «ընտանիքի հասցեին ստացած սպառնալիքներից հետո», իսկ վերջում ավելացրեց, որ տնօրենների խորհուրդը ակումբի հաջորդ նախագահ է նշանակել Խոսե Մարիա Բարտոմեուին, և որ «հաշվի առնելով իրենց թիմին սոցիոների կողմից 2010-ի նախագահական ընտրություններում ցուցաբերված հսկայան աջակցությունը, Բարտոմեուն այս պաշտոնում կմնա մինչև իր մանդատի ավարտը՝ 2016-ի հունիս»:

Ռոսելի խորամանկությունը և նրա կողմից վարած քաղաքականության աններելի սխալները մինչ «Օպերացիա Նեյմարը»

Այն, որ մադրիդյան (եթե ավելի խորքային ուսումնասիրենք խնդիրը, կարող է պարզ դառնալ, որ ոչ միայն մադրիդյան) կողնորոշում ունեցող մամուլը սկսել է հակաբարսելոնյան արշավ, և որ Բարսան ապակայունացնելու փորձերը հաջողության են հասնում, կարելի էր նկատել մրցաշրջանի սկզբից: Ընդ որում ՝ապակայունացման համար հիմնական թիրախ էր ընտրվել Մեսսի -Նեյմար հակամարտությունը, որոնց ետևում, համապատասխանաբար, թաքնված էր Լապորտա — Ռոսել հակամարտությունը: Այդ ամենը կարելի էր հասկանալ, քանի որ Բարսայում Մեսսիի հայտնվելուց հետո կատալոնացիները նվաճել էին 2,1 իսկ «մադրիդիստները՝» 6 տիտղոս, այդ թվում՝ Բարսան 3 անգամ նվաճել էր ՉԼ-ի գավաթը, իսկ «Ռեալը»՝ 0:

Ռոսելը, իհարկե, ակումբի ղեկավարման 3 տարիների ընթացքում գործեց բազմաթիվ սխալներ՝ փորձելով ձերբազատվել Լապորտայի ստվերից, ինչը հանգեցրեց նրան, որ Բարսայի երկրպագուները սկսեցին պնդել, որ Ռոսելի հետ Բարսան կորցրել է «ավելին, քան ակումբ համարվելու» արտոնությունը:

Նախ, Ռոսելը որոշում կայացրեց, որ «Բարսելոնայի» մարզաշապիկը այլևս «կույս» չի լինելու, և Unicef-ը փոխարինեց գովազդով՝ Qatar Foundation, իսկ հիմա արդեն՝ Qatar Airways: Զրկեց Յոհան Կրույֆին Բարսայի պատվավոր նախագահի պաշտոնից: Բաց թողեց ակումբի պատմության ընթացքում ամենաշատ տիտղոսների հասրած մարզչին՝ չկարողացավ գտնել նրան փոխարինող, վստահեց Վիլանովային՝ տեղյակ լինելով նրա առողջական խնդիրներից, և հայտնեց այնպիսի իրավիճակում, երբ թիմը երկու ամիս մնացել էր առանց մարզչի: «Կանտերայում» Բարսա Բ-ի մարզիչ նշանակեց Էուսեբիո Սակրիստանին, ով շատ հեռու է նույնիսկ միջին մասնագետ համարվելուց: Չերկարաձգեց Աբիդալի պայմանագիրը՝ ֆրանսիացու ապաքինումից հետո, ստիպեց նրան արտասվել հրաժեշտի մամլո ասուլիսի ժամանակ: Բացի դա չկարողացավ երկարաձգել Վալդեսի հետ պայմանագիրը, և 3 տարիների ընթացքում այդպես էլ ձեռք չբերեց այդքան անհրաժեշտ կենտրոնական պաշտպանի:

Լապորտայի ժամանակաշրջանի«Բարսելոնայի» նախկին տնօրենների խորհրդի անդամները տեղափոխվեցին «Մանչեստեր Սիթի», իսկ ահա «Բավարիայից» կրած ընդհանուր 7-0 պարտությանն արձագանքեց ընդամենը Նեյմարին ձեռք բերելով:

Եվ հենց այստեղ է, որ սկսվեց ամենահետաքրքիրը: Ըստ «Սանտոսի»՝ «Բարսելոնան» խաղացողի համար իրենց վճարել էր 17 մլն €, և հենց այստեղ ծագեց առաջին հարցը, իսկ ու՞մ հաշվին է տեղափոխվել մնացած 40 մլն €-ն : Ժորդի Կասասը, հարցազրույց տալով El Pais-ին, նշել էր, որ հենց այս խնդիրն էր դրդել նրան անհանգստանալ ակումբում տեղի ունեցած գաղտնի գործարքներով: Ըստ մադրդիյան  El Mundo-ի՝ ահա թե որքան գումար էր վատնվել «Օպերացիա Նեյմարը» իրագործելիս, որը, հետաքրքիր է, որ չի հակասում Ռոսելի այն խոսքերին, թե Նեյմարը արժեցել է 57 մլն €. բայց ինչ-որ պատճառով այն ստացել էր «Օպերացիա Նեյմար» անվանումը:

Այսպես, 95 մլն € բաշխվել է հետևյալ կերպ: 40 մլն € ստացել է «Նեյմար և Նեյմար» ընկերությունը, որը պատկանում է խաղացողի հորը: 17 մլն € ստացել է «Սանտոսը» խաղացողի տրանսֆերային իրավունքների համար, որից 10 մլն €-ն ստացել էր դեռևս 2011-ին՝ որպես ավանս, որի մասին նշված էր կատալոնական թիմի բյուջեի տարեկան հաշվետվությունում, և որի մասին կխոսենք ավելի մանրամասն: Եվս 7,9 մլն €՝ ակումբի 3 երիտասարդ խաղացողների տրանսֆերների հարցում Բարսային նախապատվության իրավունք ընձեռելու համար: Բացի դա՝ բրազիլական ակումբին է փոխանցել ևս 9 մլն €, թիմերի միջև ընկերական հանդիպումներ կազմակերպելու նպատակով, որոնցից առաջինը տեղի ունեցավ ամռանը: Անձամբ Նեյմարի հաշվին փոխանցելով 20 մլն €՝ այս գումարը, ի միջի այլոց, որևէ կապ չունի խաղացողի տարեկան աշխատավարձի հետ , որը այս տարի կկազմի մոտ 19 մլն €: Բրազիլացու մաքուր աշխատավարձը կազմում է 11 մլն  €, բայց պայմանագրում ներառված են մի քանի բոնուսային միլիոններ, օրինակ՝ այն դեպքում, եթե Նեյմարը խաղա մարզչի ընտրած դիրքում, բրազիլացին ավտոմատ կերպով կստանա 2 մլն € ավել:

Ճիշտ են El Mundo-ի հրապարակած թվերը թե ոչ, կպարզի դատարանը, որտեղ Ռոսելը, առանց որևէ կերպ կաշկանդվելու, կարող է շարունակել պնդել, որ խաղացողը արժեցել է հենց 57 մլն €: Բայց առավել  հետաքրքիր է խաղացողի համար 2011-ին վճարված ավանսը:

Ըստ Punto Pelota հաղորդաշարի, նաև բրազիլական և արգենտինական մի քանի լրագրողների՝ Նեյմարի տրանսֆերը շատ մոտ է եղել չիրագործվելու: «Սանտոսի» և Բարսայի միջև բանակցությունների ավարտական փուլում հայտնվել է Ռոսելի հակառակորդ Լապորտայի տնօրենների խորհրդի մի քանի անդամների կողմից ներկայումս ղեկավարվող «Մանչեստեր Սիթին», որը պատրաստ է եղել վճարել Բարսային «Սանտոսին» վճարված ավանսի խախտման դեպքում ամրագրված փոխհատուցումը՝ 30 մլն €, կամ նրանց վաճառել Մեսսիի մոտ ընկեր Սերխիո Ագուերոյին, ինչը թույլ կտար Բարսային ամռանը ձեռք բերել նաև բարձրակարգ կենտրոնական պաշտպան Նեյմարի համար նախատեսված գումարով: Բայց Ռոսելը, ով սևեռված է բրազիլացիների վրա, և ում Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ռիկարդո Տեյշեյրայի հետ կատարած մեքենայությունների համար սպառնում է 8 տարի ազատազրկում, որոշել է «Բավարիայից» 7-0-ն «փափկեցնել» բոլորովին նոր աստղով՝ նախընտրելով Նեյմարին Ագուերոյից: Պատահական չէ, որ Ագուերոն «Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգեց Նեյմարի՝ Բարսա տեղափոխությունը պաշտոնապես հայտարարվելուց մեկ օր հետո:

Հ.Գ. Ջենարո Գատուզոն, Ֆաբիո Կանավարոն և ԱԱ 2006-ի մի քանի այլ հաղթողներ ևս բազմիցս խոսել են այն մասին, որ իրենց՝ «ծերունիներին», «Մունդիալում» հաղթել օգնեց իտալական ֆուտբոլում տեղի ունեցած սկադալից՝ «Կալչիոպոլիից» հետո միահամուռ լինելու ցանկությունը: «Բարսելոնան» մրցաշրջանի կարևորագույն փուլ է թևակոխում այնպիսի քաոսային ենթակառուցվացքային իրավիճակում, որում չէր եղել 2003-ից հետո: Ի տարբերություն իտալացի ծերունիների՝ Բարսայի «ծերունիները» շատ ավելի «կուշտ» են և ոչ բավարար հանդուգն՝ նմանատիպ սցենար կրկնելու և ՉԼ-ն նվաճելու համար: Բայց առաջին մարտահրավերը բավականին տրամադրող է՝ ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչում «կուլեները» հանդիպելու են երևի թե այս պահին իրենց մարզավիճակով «Բավարային» գերազանցող նախկին «բարսելոնիստների» կողմից ղեկավարվող «Մանչեստեր Սիթիին»: 

Նախորդ հոդվածը‘Գրոհ ոստիկանության վրա. Եգիպտոսում երրորդ պայթյունն է որոտացել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրես. ՍԴ-ի որոշումը պայքարի մասնակիցների առաջին ձեռքբերումն է ‘