‘«Ռոսնեֆտը» կհրաժարվի «Նաիրիտից». Մամուլ’

947

«Հրապարակի» տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին սպասվում էր «Ռոսնեֆտ» պետական ընկերության նախագահ Իգոր Սեչինի և «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսանդր Միլլերի այցը Հայաստան։ «ՀայՌուսգազարդ»–ում նույնիսկ արդեն պատրաստվել էին հանդիսավոր ընդունելության, սակայն հյուրերը չեկան։ Ըստ ՌԴ ֆինանսական շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ պատճառն այն է, որ ռուսական կողմից վերջերս արգելակվել է «Նաիրիտը» ՌԴ նավթային խոշորագույն ընկերությանը հանձնելու գործարքը:

 Կործանված «Նաիրիտի» խնդիրը, իբրև օր օրի աճող չարորակ ուռուցք, շարունակում է մթնեցնել Հայաստանի վարչապետի աշխատանքային առօրյան։ 70 մլն դոլարից, որը գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթին» վերցրեց՝ գրավադրելով գործարանն ԱՊՀ «Մեժգոսբանկում», 2006 թվականից հասել է, տարբեր գնահատականներով, 250-300 մլն դոլարի։ Այս պարտքը ռուսները պարբերաբար պահանջում են ՀՀ կառավարությունից։ Մեր տեղեկություններով՝ հարցը բարձրացվել է ՀՀ վարչապետի առաջ նրա մոսկովյան վերջին այցի և ՌԴ փոխվարչապետ Շուվալովի հետ հանդիպման ժամանակ, սակայն կրկին հետաձգվել է անորոշ ժամանակով, պատճառաբանությամբ, որ «Նաիրիտի» խնդրով այլևս զբաղվելու է Ազգային ժողովը։

Թերթը նաև հիշեցնում է, որ Աժ տնտեսական հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի սկզբին վերջապես դրական եզրակացություն էր տվել դեռևս անցյալ տարի ՀՅԴ խմբակցության ներկայացրած որոշման նախագծին՝ «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու մասին, և այն մտել է 5-րդ գումարման Աժ 4-րդ նստաշրջանի օրակարգ։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Հյուրանոցն ի՞նչ է, որ Վիգեն Սարգսյանը չունենա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Զորի Բալայանի նամակը անպատասխան կմնա. Մամուլ’