‘«Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները’

1378

Առայժմ չհաստատված տվյալների համաձայն, «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները: Այդ մասին ԱրմԻնֆոյին հաղորդել է Հայաստանի նավթային բիզնեսին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի համաձայն, ձեռք են բերվել «Միկա Լիմիթիդ» ընկերության ոչ միայն ավտոլցակայանները, նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները: Ճիշտ է, այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չի ստացել:

Ավելի վաղ «Միկա Լիմիթիդ» ընկերության սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր իր բոլոր ակտիվներից, այդ թվում նավթային բիզնեսից ձերբազատվելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանն ընդունել էր «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել էին տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել էին համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրումից հետո Իգոր Սեչինը հայտարարել էր, որ այդ նախագծի իրագործումը կնպաստի ռետինի արտադրության արդյունաբերական համալիրի  վերականգնմանը Հայաստանում, կհորացնի երկրի տնտեսությունն ու արդյունաբերական հնարավորությունները` համաշխարհային ասպարեզում նրա մրցունակությունը բարձրացնելու նպատակով:

Գործարար Միխայիլ Բաղդասարովը 2001 թվականին հիմնադրել էր «Միկա Լիմիթիդ» ՓԲԸ, «Հադրութի գինու գործարան» ՊՓԲԸ, ոսկերչական արտադրություն «Միկա-Ղարաբաղ» ՓԲԸ-ում: «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ ձեռք էր բերել «Արմավիա» ՍՊԸ կապիտալում 100 տոկոս մասնակցություն, ինչպես նաև «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը: «Ֆորբս» հանդեսի վարկածի համաձայն, Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր և ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում:

Նախորդ հոդվածը‘Հոգեբուժարաններում անվճար իրավաբանական օգնություն կտրամադրվի’
Հաջորդ հոդվածը‘ «Սաքուլիկենց» ենթարկված ոստիկաններին Վովա Գասպարյանը նկատողություն է հայտարարել’