‘ «Ռոսնեֆտ» ընկերույթունը մտադիր է 500 մլն դոլար ներդնել ՀՀ-ում նոր կաուչուկի գործարանի կառուցման գործում’

1512

«Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը մտադրություն է հայտնել շուրջ 500 մլն դոլար ներդնել Հայաստանում նոր կաուչուկի գործարանի կառուցման գործում: Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:

Նրա ասելով, ռուսական ընկերությունն այդ մասին հայտարարել է վերջերս Սոչիում Հայաստանի պատվիրակության հետ բանակցություններում, որի կազմում է եղել նաև Իսայանը: Նա հավելել է, որ նոր գործարանը նախատեսվում է կառուցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում («Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն է ԱՊՀ-ում, սակայն 2010 թվականի ապրիլից պարապուրդի է մատնված ֆինանսական դժվարությունների առնչությամբ: Գործարանի պարտքը գնահատվում է 130 մլն դոլար-խմբ): Փոխնախարարն ավելացրել է, որ նոր գործարանն արտադրելու է բութադիեն-ստիրոլային կաուչուկ, որն ավելի մեծ պահանջարկ է վայելում համաշխարհային շուկայում և օգտագործվում է, հիմնականում, ավտոդողերի արտադրությունում:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Տայր Ռուսիա» և «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել բութադիեն-ստիրոլային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետ. Փողի մասին խոսակցությունը մոնտաժ է’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Դիագնոզը հաստատվեց ‘