‘Ռուբենիչին հիշելով. Ինչպիսի ելքեր են հնարավոր ստեղծված իրավիճակից. Մամուլ’

940

«Առավոտն» այսօրվա խմբագրականում գրում է. «Մեզ մոտ իրավաբանների պակաս, կարծես թե, չկա: Այդ մասնագիտության մարդիկ կան նաև Ազգային Ժողովում: Իրավաբան է հանրապետական Հովհաննես Սահակյանը, որն, ըստ էության, ասում է, թե իշխանությունները մեծ լավություն են անում խաղաղ ցուցարարներին` բիրտ [կամ կոշտ] ուժ նրանց դեմ չկիրառելով: Իրավաբան է նաև Զարուհի Փոստանջյանը, որը շնորհավորում է բոլորիս Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ` ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա: Իսկ ես մտածում եմ, որ երկու կողմերն էլ կշահեին, եթե ունենային Վլադիմիր Նազարյանի [Ռուբենիչի] մակարդակի պետական իրավունքի մասնագետ, որը ոչ միայն կբացատրեր սահմանադրական նորմերը, այլև գուցե կհուշեր, թե ինչպիսի ելքեր են հնարավոր ստեղծված իրավիճակից:

Բնականաբար, իմ դատողություններն այս խնդիրների շուրջը կլինեն սիրողական: Բայց ինձ նախ թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իմանալավ մեր իշխանության «հակումները»` պետք է ունենար 1988 վստահելի վստահված անձ բոլոր տեղամասերում, և այդ վստահված անձինք հնարավորություն կունենային ոչ միայն հետևելու ընտրությունների ընթացքին, այլև վերահաշվարկ պահանջելու, ու նույնիսկ մերժում ստանալու դեպքում կուժեղացնեին իրենց թեկնածուի իրավական դիրքերը: Նույն նպատակներով ՀԱԿ-ը և Դաշնակցությունը նույնպես պետք է բոլոր տեղամասերում ունենային հանձնաժողովի վստահելի անդամներ: Հիմա կարծես թե իրավական որոշակի գործընթացներից ընդդիմությունը ուշացել է: Երկրորդ` համաձայն եմ նրանց հետ, ովքեր պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դիմի Սահմանադրական դատարան և ներկայացնի ընտրակեղծիքների բոլոր հավաքած փաստերը: Ի դեպ, դրանք, իմ տպավորությամբ, ավելի քիչ են, քան 2008-ին Տեր-Պետրոպանի` ՍԴ ներկայացրածները, և ըստ երևույթին պատահական չէ, որ դրանից առաջ` մարտի 1-ին, իշխանությունը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, և այն դատավարությունը տեղի էր ունենում արտակարգ իրավիճակի, այդ թվում` լրատվամիջոցների վրա դրված խիստ գրաքննության պայմաններում:

Երրորդ` որքան ես հասկանում եմ, Հայաստանը կիսանախագահական հանրապետություն է, և նախագահի լիազորությունները մեր երկրում բավականին սահմանափակ են: Այսինքն` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, ապա նա կամ պետք է աշխատի հանրապետական մեծամասնության հետ, կամ, որը ավելի հավանական է` «Ժառանգական» դարձած «առնետների» հետ: Կամ էլ` ցրի խորհրդարանը: Հետևաբար, գուցե արժե՞ մտածել այդ ուղղությամբ:

Եթե Ռուբենիչը լիներ, գուցե ավելի հետաքրքիր բան առաջարկեր»:

Նախորդ հոդվածը‘Մի թեթև չեն հասկացել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մոտ 23 տեղամասում Սերժ Սարգսյանը 100-ից 100 ա խփել’