‘ Ռուբեն Թովմասյան. 70 տարիները դարձան հայ ժողովրդի պատմության ադամանդը’

982

Նոյեմբերի 7-ը Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության օրն է: Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը, Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7) Պետրոգրադում տապալեց 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։ 

Այս օրը տոն է նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության համար: Կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետության ողջ տարածքում գտնվող 45 շրջանային կոմիտեներն իրենց փոքրիկ միջոցառումները կանցկացնեն, իսկ Ժամը 13-ին շրջանային կոմիտեների ղեկավարները քաղաքային կոմիտեի բյուրոյի անդամների հետ միասին ծաղիկներ կդնեն Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Գայի արձաններին: 

«Նախկինում բավականին մեծ, մարդաշատ շքերթ էր լինում, մասնակցում էին երկրի արդյունաբերական ձեռնարկությունները և զեկուցում էին՝ ով ինչ հաջողության է հասել վերջին ժամանակաշրջանում, անցնում էր գիտությունների ակադեմիան՝ Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ, անցնում էր Գրողների միությունը՝ մեր հիանալի գրողների ղեկավարությամբ՝ Սիլվա Կապուտիկյան, Վադգես Պետրոսյան և այլք, անցնում էին շինարակական կազմակերպությունները, աշխարհահռչակ հայ սպորտսմենները, դպրոցականները և այլք», — հիշում է Ռուբեն Թովմասյանը: 

Նրա խոսքով՝ սոցիալիստական հեղափոխությունը համարվում է 20-րդ դարի գլխավոր իրադարձությունը, իսկ 1922 թվականին՝ Սովետական Միության կազմավորումից հետո, Հայաստանը ծաղկեց: 

«Ասում էին՝ Ռուսաստանը փոցխից հասավ մինչև ատոմային ռումբ, մինչև տիեզերք և այլն: Հաջողությունները շատ մեծ էին, և դա ոչ ոք ուրանալ չի կարող: Սովետականացումից հետո Հայաստանը ծաղկեց և դարձավ 15 հանրապետությունների, ինչու չէ՝ ամբողջ աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հայ ժողովրդի 5000 տարվա պատմության մեջ 70 տարիները դարձան նրա ադամանդը», — ասաց Թովմասյանը:

 

Նախորդ հոդվածը‘Բաղդադում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել ‘
Հաջորդ հոդվածը‘Հարավային Աֆրիկայում Մանդելայի դիմանկարով թղթադրամներ են թողարկվել ‘