‘Ռուբեն Հակոբյան. Ընտրությունների քաղաքական գնահատականը կտրվի այսօր ժամը 17։00-ին Ազատության հրապարակում’

1230

Այսօր Մեդիա կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյան հայտնեց, որ իրենք հավաքագրել են բազմաթիվ խախտումների մասին տվյալներ, որոնք կարող են առանձնացնել հետևյալ կերպ. «Առաջինը՝ ընտրակաշառքն է, որը մեծ թիվ է կազմում, հաջորդ խոշոր խախտումը, բաց քվեարկությունն է եղել, որն արտահայտվել է հատկապես մարզերում, և ոչ պակաս իրավախախտում էր լրացուցիչ ցուցակների առկայությունը: Տարբեր տեղամասերում մինչև երկու հարյուր ընտրողներ էին գրանցված, ընդ որում, այդ մարդիկ ոչ թե ժամանակավորապես փոխել էին հաշվառման վայրը, այլ` հատուկ տրանսպորտով բերվում էին Երևան քվեարկելու համար ու նորից հետ վերադառնում: Եվ հաջորդ կարևոր խախտումն է` թանաքի հետ կապված հարցը, որը նույնիսկ խոնավ անձեռոցիկով կամ մատով մաքրվում է ու ամեն ինչ այս թանաքի հետ կապված՝ թե այն հատուկ էր, սուտ էր: Ընդ որում` այն  ցնդում էր նույնիսկ ինքն իրեն: Սա պատահական չէր: Ինչի  արդյունքում թույլ տրվեցին բազմաթիվ կրկնակի քվեարկության դեպքեր»: Aravot.am-ի փոխանցմամբ, Խուրշուդյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ գիշերվա ասուլիսին, ասաց. «Որոշ լրատվամիջոցներ այնպես էին մոնտաժել այդ ասուլիսը, որ տպավորություն էր ստեղծվել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին»: Նա սա բացատրեց այն հանգամանքով, որ ավարտվել է ԶԼՄ-ների նկատմամբ մշտադիտարկումը:

«Վաղը կներկայացնենք մեր մարտավարությունը»,- անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջիկա քայլերին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը։

Ըստ «Ա1+»-ի, նա, այնուամենայնիվ, տեղեկացրել է, որ ընտրությունների քաղաքական գնահատականը կտրվի այսօր ժամը 17։00-ին Ազատության հրապարակում։ «Մենք տրամադրված ենք տեր կանգնել արժանապատվության այս համախմբումին»,-ասել է Ռուբեն Հակոբյանը։ Նա զգուշացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցների առաջիկա քայլերը «համարժեք են լինելու ժողովրդի տրամադրություններին»։

Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, այս ընտրություններում իշխանությունները կիրառել են նախորդ բոլոր ընտրություններում իրականացրած կեղծիքները։ «Վարդենիսից ահազանգ եմ ստացել, որ 10 տեղամասում գրեթե 80-20 հարաբերակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է եւ նորից նույն տեխնոլոգիաներով կեղծել են քվեարկության արդյունքը։ Տեսել ենք, որ լցոնեն, բայց այս աստիճան չենք տեսել։ Շատ տեղամասերից զանգում ասում են, որ այն թվերը, որ հրապարակում են, կապ չունի այն թվերի հետ, որոնք եղել են իրականում։ Հայաստանի քաղաքացին իր ընտրությունն արդեն կատարել է։ Ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Իշխանությունը պետք է ընդունի իր պարտությունը»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը։

Նախորդ հոդվածը‘Վրաստանի դատախազությունը հետաքննում է ավելի քան 700 կալանավորների մահվան պատճառները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ավարտվել է Patriot համակարգերի տեղակայումը’