‘Ռուբեն Հակոբյան. «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին’

807

«Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2013 թվականի բյուջեի նախագծին: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա դրա համար երեք պատճառներ նշեց:

«Այս բյուջեն չի արատացոլում ֆինանսատնտեսական այն գործառույթները պետության ներսում, որը կա: Մեզ համար անհասկանալի է, որ ընդամենը 16.8 մլրդ դրամ, որն անհրաժեշտ է, որ նվազագույն աշխատավարձը համապատասխանեցվի նվազագույն զամբյուղին, կառավարությունն ասում է՝ փող չունենք, այն դեպքում, երբ մենք հստակ ասում ենք՝ որտեղ է փողը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ իշխանությունը քաղաքական կամք չունի, որ ստվերային տնտեսությունը բերի օրինական դաշտ, բացի այդ էլ՝ բյուջեն պաշտպանված չէ կոռուպցիայից:

Հակոբյանի համոզմամբ՝ քաղաքական մեծամասնությունը չի ուզում, որ բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողություն սահմանվի: Բյուջեին դեմ քվերակելու պատճառներից մեկն էլ, Հակոբյանի խոսքով, այն է, որ գիտության ոլորտը քիչ է ֆինանսավորվում:

«Ամենաքիչ վարձատրվող քաղաքացիները նրանք են, ովքեր գիտության ոլորտում են ընդգրկված: Պատահական չէ, որ գիտնականների թիվը կամաց-կամաց քչանում է: Երիտասարդությունը չի ձգտում դեպի գիտություն»,- ասաց Հակոբյանը:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» կդառնա աշխարհի հինգ ամենաշահութաբեր ակումբներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Խորխե Օռիկոն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին’