‘Ռուբեն Հակոբյան. Նիստի ժամանակ կքննարկենք Քոքոբելյանի հարցը, վարչությունը կորոշի ‘

881

Հոկտեմբերի 21-ին կայանալիք «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստի ժամանակ տարբեր հարցեր են քննարկվելու, այդ թվում՝ խմբակցության հետ կապված հարցերը: Այս մասին iLur.am-ին ասաց ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նիստի օրակարգում քննարկվելո՞ւ է Խաչատուր Քոքոբելյանի հարցը:  

Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ նիստի ժամանակ որոշում կայացվի Քոքոբելյանին հեռացնել «Ժառանգություն» խմբակցությունից: «Մենք նիստի ժամանակ կքննարկենք, վարչությունը կորոշի»,- պատասխանեց Հակոբյանը:  

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ iLur.am-ին ասաց, որ նիստի ընթացքում տարբեր հարցեր են քննարկվելու, սակայն նպատակահարմար չհամարեց հրապարակել ամբողջ օրակարգը:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի հարաբերությունները սրվել էին պատգամավորական մանդատները վայր դնել-չդնելու առիթով: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ինքն ու Քոքոբելյանը պայմանավորվել են, թե մանդատները պետք է վայր դնեն միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար: Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել էր մանդատից, իսկ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, որ նման պայմանավորվածություն չի եղել, և դա թյուրըմբռնման արդյունք է:

Նախորդ հոդվածը‘Սպանություն Թբիլիսյան խճուղում ‘
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոց» օդանավակայանը վերականգնել է չվերթների սպասարկումը ‘