‘Ռուբեն Հակոբյան. Սեւանի քաղաքապետը շահագրգռված էր, որ արյուն թափվեր (տեսանյութ)’

1337

Այսօր Ազատության հրապարակում մամուլի ասուլիս էր հրավիրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով խոսեց մարտի 9-ին Սևանում տեղի ունեցած միջադեպի մանրամասների մասին:

Նրա խոսքով՝ շատ հստակ երևում էր, որ իշխանությունը ավելի է սրացնում պայքարը: Դրա գագաթնակետը Սևանի դեպքերն էին: Ռուբեն Հակոբյանը հավաստիացրեց, որ իշխանության ներկայացուցիչների կողմից քրեական աշխարհի հանցագործ տարրերը կոորդինացվել էին այդտեղ, և կար հստակ որոշում այդտեղ բախում կազմակերպելու մասին:

«Սևանի քաղաքապետը (հանրապետական Ռուդիկ Ղուկասյանը-խմբ.) դիմավորեց մեզ, և նրա առաջին խոսքն այն էր, որ այստեղ մարդիկ կան, որ եկել էին մեզ խփելու, ծեծելու, և իբրև թե ինքը հազիվ էր իրենց զսպում: Մեր կողմից հասկանալի էր, որ դա պարզ շանտաժ է»,- մանրամասնեց «Ժառանգություն» փոխնախագահը: Պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել Սևանում, արդյոք նա իսկապես սևանցիներին թո՞ւրք է անվանել և դրա պատճառով ստացել ապտակ՝ Ռուբեն Հակոբյանը պարզաբանեց.

«Ես երբ տեսել եմ, որ ժողովուրդը վախեցած մեզ է նայում, ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր կեղծել են ընտրությունները, ովքեր ահաբեկում են ժողովրդին, ովքեր եկել կանգնել էին այստեղ և թույլ չեն տալիս, որպեսզի ժողովուրդը գա, մասնակցի մեր հանրահավաքին, դրանք մեր ներսի թուրքերն են: Ես որևէ մեկին թուրք չեմ անվանել: Ես ասել եմ՝ թուրք է այնքանով, որքանով պատմականորեն կերպավորում է մեր թշնամու կերպարը: Դա եմ ասել:

Քաղաքապետը, ով շահագրգռված էր, որ արյուն թափվեր, սկսեց ապատեղեկատվություն տարածել, թե իբր ես ասել եմ, որ իրենք թուրքեր են ու տղամարդ չեն: Այդ պահին հանցագործ այդ տարրը հարձակվեց մեզ վրա, և այդ պահից արդեն պարզ էր, որ ամեն ինչ կազմակերպված է եղել»:

Ռ. Հակոբյանի խոսքով, սակայն, իրեն այդ ժամանակ չեն ապտակել: 

Նախորդ հոդվածը‘Հրայր Թովմասյանը հիշել է, որ ինքը եղել Սահմանադրության կազմողներից’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում Յուրի Բաշմետի համերգն ուղեկցվել է բողոքի ցույցով’