‘Ռուբեն Հայրապետյան. Մինասյանը դեռ նվազագույնը 5 տարի պետք է մարզի Հայաստանի հավաքականը’

840

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդմանը: Armfootball.com-ը ներկայացրել է հաղորդման ընթացքում հնչած առավել հետաքրքիր մտքերը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

— Դանիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը խաղաց այնպես, ինչպես պարտավոր էր:

— Պատահականություններ չեն լինում, Մալթայից կրած պարտությունը նույնպես պատահական չէր:

— Ֆուտբոլիստներից ոմանց ոտքերը կտրվել էին երկրից, նրանցից մի քանիսը կարիք ունեին կրկին զգալու, որ խաղում են իրենց ժողովրդի և ազգի համար:

— Ես ժողով հրավիրեցի ու բոլոր ֆուտբոլիստներին ասեցի, որ ինձ համար հեղինակություններ չկան: Նրանցից մեկին ստիպված էի մեկ օրով հեռացնել հավաքականից, և նա վերադարձավ միայն մարզչի միջնորդությամբ:  

— Մալթայից կրած պարտությունը ինձ համար շատ ծանր էր, ու Դանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը չի կարող փոխհատուցել դա: Ես տղաներին ասել եմ, որ երևի միայն Իտալիային դուրսը հաղթելու դեպքում կարող եմ մոռանալ դա:

— Այս հավաքականը մեծ հաջողությունների կարող է հասնել: Ես լավ գիտեմ իմ ղեկավարած հավաքականի, իմ ղեկավարած ֆեդերացիայի ներուժը:

— Ազատության ռադիոկայանի թղթակցին կատակով եմ պատասխանել, սակայն կարող եմ հաստատել. եթե ժողովորդը իսկապես պահանջի, ես հրաժարական կտամ: Բայց հիմա, ամեն մեկը կայք է բացում ու իր կարծիքը հայտնում:

— Մեր առաջնությունը շատ ցածր մակարդակ ունի, և այստեղ ֆուտբոլիստները չեն կարող առաջընթաց ունենալ: Ամեն ինչ պետք է անենք, որ նույն Մանոյանին, Հարոյանին շուտ դուրս տանենք, թե չէ, եթե նրանք խաղան Հայաստանի առաջնությունում, կմնան նույն մակարդակին:

— Այս շրջափուլում դժվար կլինի խմբից դուրս գալ, քանի որ շատ միավորներ ենք կորցրել: Բայց եթե հաջորդ փուլում մենք Եվրոպայի առաջնության ուղեգիր ձեռք չբերենք, ապա ֆուտբոլում անելիք չունենք:

— Ես ինքս հեշտ հանձնվող չեմ, չեմ սիրում պարտվել: Ես նպատակ ունեմ` հասցնել հավաքականին խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ: Երբ կհասցնեմ նպատակին ու մեր թիմը դուրս կգա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, հենց այդ պահին հրաժարական կտամ, խոսք եմ տալիս:

— Վարդան Մինասյանը հայազգի լավագույն մարզիչներից է: Նա կարող է հավաքականին նոր հաջողությունների առաջնորդել: Մինասյանը դեռ նվազագույնը 5 տարի պետք է մարզի Հայաստանի հավաքականը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը դեմ չէ գեներալ Մանվելի եւ գեներալ Սարոյանի նախաձեռնությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Սա մի լրացուցիչ գործիք է՝ մարդկանց վերահսկելի դարձնելու համար ‘