‘Ռուբեն Հայրապետյան. Յուրա Մովսիսյանը մեկ օրով հեռացված է եղել հավաքականից’

1392

Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել էր լրագրողների հարցերին, որոնք հիմնականում կապված էին Հայաստանի ազգային հավաքականի եւ հայկական ֆուտբոլի հետ:

 Ներքին առաջնության մասին. «Իմպուլսի» հրաժարվելը ինչպե՞ս կանդրադառնա մեր ֆուտբոլի վրա, «Ուրարտուի» դժգոհությունը ու Սարգիս Իսրայելյանի հրաժարականի մասին ի՞նչ կասեք:

 -Երբ «Ուրարտուի» ղեկավարներն եկան ինձ մոտ, հետաքրքրվեցի, թե որն է իրենց նպատակը: Նրանք ասացին, որ ուզում են թիմ բացել: Թիմը չեն բացում, որովհետև ոնց որ բացում են, հետո նույն ձև էլ փակվում են: Խոսելով նրանց հետ՝ հասկացա, որ նրանք լուրջ չեն: Հարցնում եմ՝ որտեղի՞ց է ֆինանսական աղբյուրը, ասում են` դեռ պետք է հովանավոր ճարենք:

Ինչ վերաբերում է «Բանանցին», կարծում եմ` Սարգիս Իսրայելյանը զուտ արդյունքների համար է հրաժարական տվել: «Բանանցը» ուժեղ հիմքերով ակումբ է, և մյուս ակումբները պետք է օրինակ վերցնեն այդ ակումբից: Սեփականատերը շատ է սիրում ֆուտբոլ ու ամեն ինչ կանի, որ թիմն ուժեղանա:

Առաջնության վերաբերյալ. իհարկե ինձ մեր առաջնության մակարդակը չի բավարարում: Ներդրումներ չկան, խոսում եմ գործարարների հետ, բայց առաջընթաց չկա՝ ֆինանսական խնդիրների պատճառով:

Դանիայի հավաքականի հետ խաղից հետո Վարդան Մինասյանը նշեց, որ հավաքականը յուրաքանչյուր խաղում խաղալու է հաղթանակի համար, դուք որպես ֆեդերացիայի նախագահ դրան հավատու՞մ եք:

-Եթե ամսի 10-ին ինչ որ մեկն ասեր, որ մեր հավաքականը հաղթելու է 4-0 հաշվով, ոչ ոք չէր հավատա, բայց մենք էլ, Մինասյանն էլ լավ գիտի մեր թիմի ներուժը: Մարզիչը ճիշտ է ասել: Եթե հավաքականը յուրաքանչյուր խաղի այդ նվիրումով մտնի խաղադաշտ, ապա լուրջ խնդիրներ կստեղծի ցանկացած թիմի համար: Այո՛, կարող ենք հաղթել, և դրա համար ունենք բոլոր հնարավորությունները:

 — Ձեր կարծիքը Մալթայի դեմ խաղի կազմի մասին:

 -Կազմի մասին չեմ ուզում խոսել, նորմալ կազմ էր: Կազմը չի կարող վատ խաղի պատճառ լինել: Ունենք 4 հարձակվողներ: Նրանցից ցանկացածը կարող է խաղալ: Մարզչից լավ որևէ մեկը չի հասկանում իրադրությունը: Մարզումների ժամանակ նա ամեն ինչ տեսնում է:

Հասկանում եմ, որ դուք խոսում եք Յուրայի մասին: Նա չէր կարող խաղալ: Մի օր առաջ օվկիանոս էր կտրել-անցել: Երկրորդ խաղակեսում նա մտավ, սակայն չկարողացավ որևէ բան անել: Մարտավարության մասին չեմ կարող ասել: Ես մասնագետ չեմ: Մարզիչը կազմը ճիշտ էր ընտրել: Կազմի խնդիր չի եղել, Մալթային պարտվել են մեր ֆուտբոլիստները: Մեր խնդիրն է չթողնել, որպեսզի  նրանք կտրվեն գետնից: Մեր բոլորիս մեղքն է: Ինչու՞ օրինակ` Մխիթարյանը սայթաքեց, սարքեցինք քննարկման թեմա: Ես չեմ հերքում, որ հնարավոր է՝ մեկ երկուսը իրարից նեղանան: Հավաքականում 23 ֆուտբոլիստ կա, բայց չի նշանակում, որ պետք է ազգովի քննարկման թեմա սարքենք: 

— Երիտասարդական հավաքականի խաղից հետո Ռաֆայել Նազարյանն ասաց, որ գոհ է խաղից, կիսու՞մ եք այդ կարծիքը:

— Ի՞նչպես կարող եմ կիսել: Զարմանում եմ, որ այդպիսի բան է ասել: Չի կարող  պարտված թիմը լավ հանդես գա: Դա նույնն է, որ բժիշկը վիրահատությունն անի շատ լավ, բայց հիվանդը մահանա: Մարզիչը ճիշտ արտահայտություն չի արել:

Չեխիայի հավաքականի դեմ խաղը ցույց տվեց, որ վնասվածքների ու որակազրկումների դեպքում լուրջ խնդիրներ ունենք, ի՞նչ է ձեռնարկվում, որպեսզի նման խնդիրներ չլինեն:

 -Ցանկալի է, որ նման հարցերը մարզիչներին տրվեն, բայց ես էլ կպատասխանեմ: Երբ որ մեկ երկուսն են վնասվածք ունենում, հեշտ է, բայց երբ որ 6-7 հոգի… Չեխերի դեմ խաղում մեր պաշտպանությունում կային վնասվածքներ, որակազրկումներ: Պետք չէ որևէ մեկին մեղադրենք: Պետք է ամենօրյա աշխատանքով ձգտենք, որ ուժեղ հավաքական ունենանք ու երկար պահեստայինների նստարան: Օրինակ` կարծում եմ մեր հարձակման գծում ուժեղ ֆուտբոլիստ հայտնվեց` Սարգիս Ադամյանը:

 Խոսվեց պաշտպանության մասին, հարցս Դենիս Թումասյանի մասին է:

— Խնդրում եմ Թումասյանի մասին հետս չխոսեք:

 Տեղյա՞կ էիք, որ Մովսիսյանը մեկ օր ուշանալու է:

 — Իհարկե ոչ: Ասեմ ավելին, Յուրան մեկ օրով հեռացված է եղել հավաքականից: Հաջորդ օրը Յուրայի հետ խոսել եմ, բացատրել է, ներողություն է խնդրել: Հասկանում եմ ձեզ, բայց հիշու՞մ եք, մի անգամ քննադատեցի Մանուչարյանին, հարձակվեցին վրաս: Մարզադաշտը վանկարկում է Յուրա: Բայց դա ճիշտ չէ: Մարդը մեկ օր առաջ է եկել: Իսկ ի՞նչ կլիներ, եթե հանկարծ մտներ ու մկանը կտրեր:

Խաչատուրովի մասին ի՞նչ կասեք:

 — Խաչատուրովը հավաքականի անդամ է: Ներկա պահին, մարզիչները գտնում են որ նրանից ավելի ուժեղ ֆուտբոլիստներ կան, բայց նա թիմի ֆուտբոլիստ է, թիմի անդամ է, նա կստանա իր հնարավորությունը:

— Ի՞նչ կարծիք ունեք Հարոյանի մասին:

 -Շատ բարձր կարծիք: Ընդամենը մի անգամ սխալվեց: Աստված տա, որ նա շարունակի նույն տեմպով: Գերազանց խաղաց: Եթե ուշադրություն դարձրեցիք, բարձրից եկած բոլոր գնդակները նա հաղթել է:

Ես ներկայացնում եմ այն լրատվամիջոցը, որտեղ ամենաշատ քննարկումներն են արվում` վիրտուալ դաշտում, որտեղից շատ են պահանջում Ձեր հրաժարականը, ինչպե՞ս պետք է դիմեն ձեզ

-Կարելի է դուրս գալ վիրտուալ շրջանից, թող գան նստենք, որտեղ ուզեն քննարկենք, հնարավոր է խնդիրներ կան, կքննարկենք, ոչ ոք չի կարող հրաժարական պահանջել, ոչ ոք չի կարող ստիպել, ես կարող եմ ցանկացած պահի հրաժարական տալ, ես խնդիր ունեմ իմ առաջ դրված, ես անում եմ աշխատանք, հետո կհասկանաք, թե ինչ էի անում, եթե սկսեք ուսումասիրել իմ աշխատանքը, կհասկանաք, ով է իմ չափ արել, որ ես չեմ արել, թող մեկն ասի, որ ինչ որ սպորտդպրոց է կառուցել: Ես էլ կարող եմ մարդկանց վարձել, իմ PR-ով զբաղվել, բայց ես շոուներ չեմ ուզում, ուսումնասիրեք ինձ:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության հոլովակ. Սրտի բանալին՝ թրաֆիքինգի վտանգ (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Վկան «դեմքով՝ ոչ անձամբ» ճանաչեց Վազգեն Խաչիկյանին’