Ռուբեն Վարդանյան․ Արցախը լիակատար շրջափակման մեջ է

402

Դեկտեմբերի 13-ին դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազամատակարարումը։ Հանրապետության ղեկավարությունը, որը Բաքվին մեղադրում է տրանսպորտային շրջափակման համար, հիմա նաև մարզը էներգետիկ առումով խեղդելու մեղադրանք է ներկայցնում Ադրբեջանին։

Ադրբեջանական կողմն այդ մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, թե «ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքներում գազամատակարարումն իրականացվում է Հայաստանի կողմից, այդ տարածքները ընդգրկված չեն մեր երկրի գազամատակարարման համակարգում»։ Նշվել է նաև, որ ցուրտ եղանակի պատճառով «Ադրբեջանի այլ բնակավայրերում նույնպես գազամատակարարման խափանումներ են լինում»։

Ստեփանակերտում, սակայն, պնդում են, որ հենց Բաքուն է պատասխանատվություն կրում գազն անջատելու համար։

«Նրանք ինչ ասես կարող են ասել։ Խողովակն անցնում է նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Հնարավոր չէ հավատալ, որ պատահաբար վթար է տեղի ունեցել։ Այս տարի՝ արդեն երկրորդ անգամ (նախորդ անգամ գազն անջատվել էր մարտ ամսին),- Коммерсант-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն աշնանն է Մոսկվայից տեղափոխվել Ստեփանակերտ և պետնախարարի պաշտոնն ստանձնել է նոյեմբերի սկզբին։

Արցախում ստեղծված իրավիճակը նա այսպես է նկարագրել․ «Որպեսզի Ռուսաստանի ընթերցողներին հասկանալի լինի՝ ստեղծված իրավիճակը Լենինգրադի բլոկադան է, երբ փակվել էր «կյանքի ճանապարհը»։ Եվս մի օրինակ՝ Արևմտյան Բեռլինի տարբերակը, ուր ածուխը ինքնաթիռներով էին հասցնում (խոսքը վերաբերում է ԽՍՀՄ-ի գործողություններին 1948-1949 թթ․)»։

Վարդանյանը հույս է հայտնել, որ Ղարաբաղի իշխանություններին «կհաջողվի օդային միջանցք կազմակերպել և բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում»։

«Մենք դեռ էլեկտրականություն և հեռախոսակապ ունենք, բայց այն պահը, երբ դրանցից էլ կարող ենք զրկվել, մոտ է։ Այժմ 120 հազար մարդ, որից 30 հազարը՝ երեխաներ, կտրված են տառացիորեն ամեն ինչից։ Բայց, միևնույն ժամանակ, մեզ մոտ ամեն ինչ աշխատում է, գործում է, ամեն ինչ հաղթահարելու անկոտրում կամք կա»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ որ հարկավոր է Արցախը ճանաչել բանակցությունների կողմ։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ կարելի է քննարկել։ Այստեղ մարդկանց ամբոխ չի ապրում, սա երկիր է, սա պետություն է։ Կան ինստիտուտներ, խորհրդարան, կառավարություն, նախագահ, հասրակական կազմակերպություններ։ Հարկավոր է նստել և բանակցություններ վարել, այլ տարբերակ չկա»,- մեկնաբանելով ներկա և այլ ճգնաժամերը հաղթահարելու համար Բաքվի հետ հնարավոր փոխգործակցության մասին հարցին՝ նշել է Վարդանյանը։

Նախորդ հոդվածըՍտամբուլի քաղաքապետին դատապարտել են ազատազրկման իշխանությանը վիրավորելու համար
Հաջորդ հոդվածըԱրգելափակումը պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով