‘Ռուբեն Վարդանյան. «Զվարթնոցում» ոչ հազվադեպ են անցկացվում հարսանիքներ և այլ ժամանցային միջոցառումներ’

1247

Նախորդ շաբաթվա վերջին «Զվարթնոց» տաճարի հարակից տարածքում «Տրոյկա Դիալոգ» ընկերության գործընկերների կողմից անցկացված միջոցառման վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումների և ԶԼՄ-ներում հրապարակումների կապակցությամբ Մեդիամաքս-ի թղթակիցը մեկնաբանության խնդրանքով դիմել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին, ով երկար տարիներ գլխավորել է «Տրոյկա Դիալոգը»:

««Տրոյկա Դիալոգ» ընկերության գործընկերների հրաժեշտի «պարահանդեսի» շրջանակներում, Հայաստանի մշակույթի նախարարության համապատասխան կառույցների կողմից հաստատված տարածքում անցկացվել է բարեգործական երեկո-աճուրդ` տաղանդավոր ֆինանսիստ-ուսանողներին աջակցելու համար հիմնադրամ ստեղծելու նպատակով: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել է 250 մարդ ամբողջ աշխարհից, որոնցից շատերն առաջին անգամ էին այցելել Հայաստան` իրենց ընտանիքների անդամների հետ միասին:

Տվյալ տարածքում ոչ հազվադեպ են անցկացվում հարսանիքներ և այլ ժամանցային միջոցառումներ, որոնք չգիտես ինչու պակաս հետաքրքրության կամ ոչ հավաստի մեկնաբանությունների առիթ են դառնում, քան «Տրոյկա Դիալոգի» գործընկերների բարեգործական երեկոն, որոնցից շատերը «Տաթևի վերածնունդ», UWC Dilijan միջազգային դպրոցի և Հայաստանում մեր այլ նախագծերի դոնորներն են:

Միևնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ զանգվածային միջոցառման կազմակերպումը զերծ չի մնացել կապալառուի կողմից թույլ տված ցավալի թերություններից: Մասնավորապես, տարածքում աշխատող աշխատակիցներից ոմանք բարեգործական երեկոյի ավարտից հետո հագնված են եղել ոչ պատշաճ կերպով, և կապալառուի կողմից արվել են համապատասխան եզրակացություններ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը վարորդների հաշիվները սառեցնելու հարցով դիմելու է ՍԴ. tert.am’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սամվել Գևորգյանի հիշատակը’