‘Ռուբիկ Հակոբյան. Իշխանությունների հետ ինտելեկտուալ զրույցներ վարելն անիմաստ է (տեսանյութ)’

1568

Իջեւանում հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն իր ելույթը սկսելուց առաջ հետաքրքրվեց, արդյո՞ք կանգնածների շարքերում ՀՀԿ-ի կողմից ուղարկված «քույրիկներ» կան: «Առանց իրենց հետաքրքիր չի», — բացասական պատասխան ստանալով՝ ասաց պատգամավորը:

Նա ասաց, որ մարզային այցելությունների պատճառը այն է, որ հարցնեն ժողովրդին՝ կո՞ղմ եք ՀՀԿ-ի հետ «ապահով Հայաստան» կառուցելուն:  

«Հողը առանց մարդու, առանց բովանդակության սովորական աշխարհագրական տարածք է: Մարդիկ գնում են Հայաստանից անվերադարձ, որովհետեւ հեռանկար չեն տեսնում: Մի բան հստակ է՝ մենք իրավունք չունենք այս իրավիճակը հանդուրժել: Այսօր հիմնական քաղաքական ուժերը մի նպատակ ունեն եւ մեկ օրակարգ՝ ազատվել այս իշխանություններից: Մենք այն ուժերն ենք, որ մայդաններ չենք անի, բայց գիտենք, թե հավաքական ուժն ինչպես օգտագործել: Իշխանությունների հետ ինտելեկտուալ զրույցներ վարելն անիմաստ է: Նրանք վախենում են միայն նրանից, որ ժողովուրդը գա ու իրենց քաղաքական օրակարգ պարտադրի», — ասաց Հակոբյանը:

Նա ասաց, որ բոլորին հայտնի է իշխանության պահվածքը՝ ճանապարհներ փակել, «պրոֆիլակտիկ» զրույցներ անցկացնել, շահարկել Ղարաբաղի հարցը:

«Բայց մենք պետք է կարողանանք նրանց ոչ ասել: Մենք տեսնում ենք, թե հրապարակում ինչ քանակի ու որակի քաղաքացիներ են հավաքվում՝ միասնաբար կարող ենք լուծել մեր խնդիրը», — ասաց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Ա. Մարտիրոսյան. Հոկտեմբերի 10-ին դնելու ենք իշխանափոխության խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. 7-րդ խաղափուլի այս հանդիպումները բաց մի թողեք’