‘Ռուսական ակումբների տրիումֆը եւ ուկրաինական ակումբների ֆիասկոն’

985

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլը նշանավորվեց ռուսական երեք ակումբների տրիումֆով: «Ռուբինը», «Անժին»  եւ «Զենիթը» երկու հանդիպումների արդյունքով հաղթելով իրենց մրցակիցներին, դուրս եկան 1/8 եզրափակիչ:

Զարմանալիորեն, երեք ակումբներն էլ գրեթե նույն կերպ հաղթահարեցին 1/16-ի արգելքը: Առաջին հանդիպումներում երեքն էլ իրենց մրցակիցներին հաղթել էին 2 գնդակի տարբերությամբ: «Ռուբինը»՝ 2:0 հաշվով մրցակցի հարկ տակ սենսացիոն հաղթանակ էր տարել Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր «Աթլետիկոյի» նկատմամբ, նույն հաշվով «Զենիթը» հաղթել էր «Լիվերպուլին», իսկ «Անժին» 3:1 հաշվով՝ գերմանական «Հանովերին»:

Պատասխան հանդիպումները բավական ծանր ստացվեցին ռուսական թիմերի համար: Բոլոր երեք հանդիպումներն էլ դրամատիկ ընթացք ունեցան, որտեղ բախտը ժպտաց ռուսներին:

«Ռուբինը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին», սակայն երկու խաղերի արդյունքում հաղթող դուրս եկավ: Միակ գոլը խփեց Ռադամել Ֆալկաոն:

«Անժին» Գերմանիայում մինչեւ հանդիպման վերջին վայրկյանները պարտվում էր 0:1 հաշվով «Հանովերին» եւ մի կերպ պաշտպանվում դաշտի տերերի խելահեղ գրոհներից: Եվ միայն վերջում Տրաորեն հակագրոհի արդյունքում հավասարեցրեց հաշիվը եւ դաղստանյան թիմն էլ անցավ հաջորդ փուլ:

Իսկ ամենահետաքրքիր հանդիպումը, թերեւս ամբողջ փուլի, կայացավ Լիվերպուլում: Դաշտի տերերը հենց խաղասկզբից մեծ առավելություն ունեին: Սակայն փորձառու Ջիմի Կարագերի կոպիտ սխալից հետո «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը բացեց հաշիվը: «Լիվերպուլին» հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր 4 գոլ խփել: Եվ անգլիացիները մոտ էին հրաշք գործելուն: Մինչեւ 60-րդ րոպեն դաշտի տերերը երեք գոլ խփեցին: Սակայն չորրորդ եւ հաղթական գնդակը այդպես էլ չգրանցվեց, չնայած դրա համար մերսիսայդցիները ունեին բազմաթիվ հնարավորություններ: Արդյունքում՝ «Զենիթը» պարտվեց 1:3 հաշվով, սակայն դրսում խփած գոլի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ:

Ռուսական ակումբների հաջող մրցելույթների ֆոնին արժե ընդգծել ուկրաինական ակումբների կատարյալ ձախողումը: Երեք թիմերն էլ՝ Կիեւի «Դինամոն», «Դնեպրը» եւ «Մետալիստը» անհաջող հանդես եկան եւ դուրս թռան մրցաշարից, չնայած նրանց մրցակիցները ամենաուժեղներից չէին՝ «Բորդոն», «Բազելը» եւ «Նյուքասլը»: Միակ ուկրաինական թիմը, որը մնաց եվրոգավաթներում՝ «Շախտյորն» է:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ռուբին» — «Աթլետիկո»՝ 0:1(առաջին հանդիպում՝ 2:0)

 Ռադամել Ֆալկաո, 84 

«Լիվերպուլ» — «Զենիթ»՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Լուիս Սուարես, 28, 59, Ջո Ալեն, 43 – Հալկ, 19

«Հանովեր» — «Անժի»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 1:3)

Սերժո Պինտո, 70 – Լասինա Տրաորե, 90+8

Նախորդ հոդվածը‘Որտեղ են «կերել-խմել» միջազգային դիտորդները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Այս շոուին տալիս եմ մեկ շաբաթ. Մամուլ’