‘Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ռազմաբազայի ներքին կարգապահական ռեժիմը’

1285

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատասենյակում հունվարի 18-ին տեղի է ունեցել փակ խորհրդակցություն, որին ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Սերգեյ Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:

Ի պատասխան, ռուսական կողմը նշել է, որ համակարծիք է առաջարկությունների հետ և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ:

Նշենք, որ Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանությունից հետո, որի մեջ մեղադրվում է ռուսաստանցի զինծառայողը, օրերս միջադեպ է տեղի ունեցել ռուսական ռազմաբազայում ծառայող զինվորականների միջև: Վերջիններս Գյումրիի փողոցներից մեկում վիճաբանել են քաղաքացիների հետ, նույնիսկ քաշքշոց է առաջացել: Այնուհետև զինծառայողները դեպքի վայրից հեռացվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Ճիշտ է՝ ոստիկանությունը հերքել է միջադեպի մասին տեղեկատվությունը, սակայն սոցիալական ցանցերում միջադեպի ականատեսները նույնիսկ լուսանկարներ են հրապարակել:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու ողբերգության գործով հայկական կողմը հարցաքննել է մի քանի տասնյակ մարդու’