‘Ռուսական օդուժի նոր էսկադրիլիա Հայաստանում’

990

«Էրեբունի» օդանավակայանում ստեղծվել է ռուսական օդուժի նոր էսկադրիլիա: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությանը:

Ծառայությունը մանրամասնում է, որ եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդուժը նախկինում բաղկացած էր միայն МиГ-29 կործանիչներից, ապա այժմ նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո ռազմակայանը կունենա նաև Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ, «որոնք կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի լուծման համար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի զորքերի ավիացիոն օժանադակության ժամանակ»:

Նշվում է, նաև որ «Էրեբունի»-ում տեղակայված նոր էսկադրիլիան ավիատեխնիկայով կհամալրվի 2014 թվականի ընթացքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը ընդգծում է՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական օդուժի խնդիրն է ապահովել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը:

Հիշեցնենք, Հայաստանի կառավարության անցած տարվա նոյեմբերի 21-ի որոշմամբ հավելյալ տարածքներ փոխանցվեցին երկրում տեղակայված ռուսական ռազմակայանին, ներառյալ՝ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ ու Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 7 ռազմական ավանը:

Կառավարության այդ որոշման համար նախատեսված՝ Հայաստանի պաշտպանության նախարարության պատրաստած տեղեկանքում ասված է․ — «Ռուսական կողմը առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը և այդ նպատակով [2013 թվականի] նոյեմբերին ծրագրվել է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 18 ուղղաթիռներ: Այդ նպատակով «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման նպատակով պլանավորվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ)»:

Նախորդ հոդվածը‘Ամենաշախմատային, ամենաշատ սոխ օգտագործող ու փորհարքով հիվանդացող երկրները. Աղյուսակ ‘
Հաջորդ հոդվածը‘Լոռիում ծառից կախված 83-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել’