Ռուսաստանը խոստովանել է, որ Ուկրաինա են ուղարկվել ժամկետային զինծառայողներ

399

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հաղորդել է, որ Ուկրաինայում գերի են ընկել ռուսաստանցի ժամկետային զինծառայողներ։

Այն մասին, որ ռուսաստանցի ժամկետային զինծառայողները մասնակցում են ռազմական գործողություններին, հայտնի է դարձել ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հերթական զեկույցից։

«Ցավոք, հայտնաբերվել են ժամկետային զինծառայողների ներկայության մի քանի փաստեր ռուսաստանյան զինված ուժերի զորամասերում, որոնք մասնակցում են Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողությանը։ Գործնականում՝ բոլոր այդ զինծառայողները վերադարձվել են Ռուսաստանի տարածք»,- հայտարարել է Կոնաշենկովը։

Գեներալը չի նշել, թե ինչպես են նրանք «վերադարձվել»։

Մինչև հիմա Մոսկվան կտրականապես հերքում էր ժամկետայինների ներկայությունն Ուկրաինայում։ ՊՆ-ն հայտարարել էր, թե ռազմական գործողություններին մասնակցում են միայն սպաներ և պայմանագրային զինծառայողներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հերքում էր ժամկետայինների մասնակցությունը պատերազմին։ «Այս գործողությանը մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինվորականներ՝ սպաներ և պայմանագրայիններ։ Ոչ մի զորակոչիկ չկա, և մենք չենք պատրաստվում դա անել»,- ասել էր նա կանանց հետ մարտի 5-ի հանդիպմանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանից հազարավոր մարդիկ են հեռացել
Հաջորդ հոդվածըԱնթալիայում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը