Ռուսաստանը հայտարարել է «Ազովստալը» գրավելու մասին

259

Ռուսաստանը պնդում է, որ «Ազովստալ» մետալուրգիակն գործարանը՝ Մարիուպոլում ուկրաինական դիմադրության վերջին պատվարը, ինչպես և ամբողջ քաղաքը, գտնվում են իրենց լիակատար վերահսկողության տակ։ Հաղորդվում է, որ երկուշաբթի օրվանից հանձնվել է ուկրաինացի 2439 մարտիկ, այդ թվում 500-ից ավելին՝ ուրբաթ օրը։

Ռուսաստանի պետական հեռուստատեսության թղթակիցը Telegram-ում հայտնել է, որ ուրբաթ օրը հանձնվածների թվում է նաև «Ազով» գնդ հրամանատար Դենիս Պրոկոպենկոն։ Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, թե Պրոկոպենկոյին կոմբինատի տարածքից դուրս են բերել հատուկ զրահապատ ավտոմեքենայով, քանի որ, իբր, «մարիուպոլցիները ատում են նրան և ուզում են հաշվեհարդար տեսնել նրա գործած գազանությունների համար»։   

Ուկրաինական իշխանությունները գործարանի հանձնումը ռուսաստանյան զորքերին պաշտոնապես չեն մեկնաբանել։ Ավելի վաղ նրանք տեղի ունեցողն անվանել էին «զինվորականներին փրկելու գործողություն»՝ խուսափելով «գերություն» կամ «կապիտուլյացիա» տերմիններից։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ «Ազովստալի» վիրավոր պաշտպանները կուղարկվեն բուժհաստատություններ ինքնահռչակ ԴԺՀ-ի տարածքում։ Ռազմագերիների մեծ մասին ուղարկել են ուղղիչ գաղութ Դոնեցկի մերձակա Ելենովկա գյուղում, առնվազն 89 հոգու տեղափոխել են Ռուսաստան՝ Տագանռոգի քննչական մեկուսարան։ Մամուլի տեղեկատվության համաձայն՝ ՌԴ քննչական կոմիտեն մտադիր է նրանց հարցաքննել «ուկրաինական ռեժիմի հանցագործությունների» հետաքննության շրջանակներում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԷդին Տերզիչը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ եւ հռչակվեց չեմպիոն, «Լիվերպուլը» երկրորդն է (տեսանյութ)