‘Ռուսաստանը հետաձգել է Սիրիային սպառազինություն տրամադրելու ժամկետները’

792

Ռուսաստանը երկարաձգել է Սիրիային ըստ պայմանագրերի սպառազինության մատակարարման ժամկետները: Ինչպես գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով «Ռոսօբորոնէքսպորտում» իր աղբյուրներին, մասնավորապես, առաջին ՄիԳ-29Մ/Մ2 ինքնաթիռները, որոնք պետք է Սիրիա ուղարկվեին այս տարվա ընթացքում, կմատակարարվեն միայն 2016-2017 թվականներին: Պարբերականի տվյալներով, կարող են երկարաձգվել նաեւ ուսումնա-ռազմական Յակ-130 եւ ՀՕՊ Ս-300 համակարգերի մատակարարման ժամկետները:

Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների, հետաձգման հիմնական պատճառը սիրիական կողմի ֆինանսական դժվարություններն են: Մասնավորապես, ՄիԳ-երի համար Սիրիան վճարել է արժեքի ընդամենը 30 տոկոսը, ինչից հետո վճարումը դադարեցվել է:

Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ նշված սպառազինության մատակարարման պայմանագիրը կնքվել է 2007-ին: Ձգձգումը նախ պայմանավորված էր տեխնիկական պատճառներով, այնուհետեւ՝ 2011-ին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմով:

Միեւնույն ժամանակ, «Կոմերսանտի» աղբյուրը փոխանցել է, որ քաղաքական որոշման առկայության պայմաններում մատակարարումների հարցը կլուծվեր անգամ անկախ ֆինանսական խնդիրներից, սակայն վերեւից որեւէ նման հրահանգ չի իջեցվել:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են ԼՂՀ անկախության տարեդարձը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը սկսել է օգտագործել նոր քարոզչական հնարք’