‘Ռուսաստանը նախաձեռնել է Եվրասիական տարածքում միասնական պատմության դասագրքի ստեղծումը ‘

848

Մոտ ապագայում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների արագացման համար կստեղծվի ցանցային համալսարան եւ պատմության միասնական դասագիրք հետխորհրդային երկրների համար: Այս մասին օրերս Ռուսաստանի Դաշնային Խորհրդին կից ինտեգրացիոն ակումբի նիստի ժամանակ հայտարարել են ՄԳԻՄՈ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի) ռեկտոր Անատոլի Տորկունովը եւ ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «Իզվեստիան»:

«Անշուշտ, հեշտ խնդիր չէ` անցյալի վերաբերյալ ընդհանուր մոտեցում մշակել: Բայց նման փորձ արդեն Եվրոպայում գոյություն ունի», — նշել է Մատվիենկոն «Եվրասիական միության կայացման հարցում պատմական արմատների ընդհանրությունները» թեմային նվիրված նիստի ժամանակ:

Նրա կարծիքով, կարելի է սկսել ԱՊՀ կազմավորման, նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների եւ ժողովուրդների մշակութային կապերի մասին դասագրքերում առանձին գլուխ զետեղելով:

Խոսնակի առաջարկած գաղափարին հավանություն է տվել ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Տորկունովը` իր հերթին առաջարկելով ԱՊՀ երկրների համար միասնական համալսարան ստեղծել:

Նրա խոսքով, գաղափարը կայանում է նրանում, որպեսզի առաջատար բուհերի հենքի վրա ստեղծվի ցանցային համալսարան, նախ` մագիստրոսական ծրագրերով, որտեղ կուսումնասիրվեին եվրասիական տարածքում ինտեգրման խնդիրները:

«Կան մասնագետներ, որոնք պատրաստակամ են դասավանդել: Արդեն գրված գրքեր, մենագրություններ կան, դասավանդման ձեռնարկներ: Կարծում եմ, կարելի է սկսել ուսանողների ոչ մեծ թվով` հետագայում այն մեծացնելու ակնկալիքով», — նշել է Տորկունովը` շեշտելով, որ կարելի է ՄԳԻՄՈ-ի հենքի վրա նման ծրագիր ձեռնարկել արդեն հաջորդ տարի:

Նիստի ժամանակ միասնական պատմության դասագիրք մշակելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի պատմության միասնական դասագրքի հեղինակ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը: Նրա խոսքով, արդեն համատեղ դասագրքի ստեղծման աշխատանքներ են տարվում ղազախստանցի մասնագետների հետ միասին:

Չուբարյանը նաեւ առաջարկել է Դաշնությունների խորհրդի ակումբին կից «երիտասարդ եվիասիացիների» ամառային դպրոց բացել, որը կադրեր կպատրաստի ցանցային համալսարանի համար:

Նիստին ներկա փորձագետներից ոմանք, մասնավորապես, ակադեմիկոս, Ռուսաստանի նախկին ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովը եւ քաղաքական էքսպերտիզայի նինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն քննադատաբար են արտահայտվել միասնական դասագրքի եւ ցանցային դասագրքի գաղափարներին: Նրանք հիմնականում փաստարկել են, որ եվրասիական միության կայացման համար նախ պետք է տնտեսական ամուր հիմքեր ստեղծել, ապա` քաղաքական եւ մշակութային:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.50 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդեւի հետ’