‘Ռուսաստանը սպառնում է ոչնչացնել Ասադի զորքերին սպառնացող ցանկացած վտանգ’

9384

Ռուսաստանը չի հապաղի կիրառել վերջերս Սիրիա տեղափոխած և սիրիական զորքերին սպառնացող ցանկացած թիրախ ոչնչացնելու համար նախատեսված ՀՕՊ համակարգերը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Այսպես են արձագանքել այդ գերատեսչությունում ամերիկյան լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, հնարավոր է, հարվածներ հասցնի սիրիական զորքերի դիրքերին:

Կոնաշենկովը հայտարարել է, որ սիրիական կառավարական զորքերի դիրքերին հարվածներ հասցնելու դեպքում Ռուսաստանը գործի կդնի իր ՀՕՊ համակարգերը՝ անկախ նրանից, թե ով է հասցրել այդ հարվածները:

Երկու օր առաջ Պենտագոնը մտահոգություն էր հայտնել ռուսաստանյան C-300 զենիթային համակարգերը Սիրիա տեղափոխելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ այդ տարածաշրջանում դրանց միակ նպատակակետը կարող է լինել դաշինքի օդուժը: Ո՛չ «Իսլամական պետություն» խմբավորումը, ո՛չ «Ֆրոնտ ան-Նուսրան» ավիացիա չունեն, որոնց դեմ պայքարելու համար են նախատեսված C-300 համակարգերը, մասնավորապես՝ նշել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամլո քարտուղար Փիթեր Քուքը:

Մինչդեռ Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, թե զենիթային համակարգերը բերվել են բացառապես պաշտպանական նկատառումներով «և ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում» դաշինքի ուժերի համար:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի հանձնակատարը պատրաստ է անձամբ Հալեպից դուրս ուղեկցել իսլամիստներին’
Հաջորդ հոդվածը‘Վարուժան Սուքիասյան․ Տղաներն աջակցության կարիք ունեն’