‘Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու’

1089

Վրաստանն անում է ամեն հնարավորը Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին տեղի ունեցած սողանքների հետևանքով վնասված ենթակառուցվածները արագ վերականգնելու համար: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Միր 24» հեռուստաընկերությունը, հաղորդում է, որ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է դեպքի վայր, ուր շարունակում են մարդկանց որոնողական աշխատանքները: 

Վերականգնողական աշխատանքներում ներգրավված են ծանր մեքենաներ: Հանձնաժողովը որոշում է վնասի չափը: 

«Դարիալի կիրճով անցնող Ռազմավիրական ճանապարհը, որը Վրաստանը կապում է Ռուսաստանին և ուր երեկ գիշեր սողանք է տեղի ունեցել, կվերականգնվի մոտ երկու շաբաթից»,- ասել է Վրաստանի Նախագահը: 

Այս կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության` Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու: 

Հաշվի առնելով վերոնշյալը` ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի դերն ու հեռանկարը ‘
Հաջորդ հոդվածը‘Ցմահների վերաբերյալ օրենսդրական փաթեթը դեռ հում է. «Հրապարակ»’