‘Ռուսաստանը և ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում’

886

Ռուսաստանը և ԱՄՆ-ը զարգացնում են համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում, և թմրանյութերի շրջանառության վերահսկողության վերաբերյալ 2002 թ.  ստորագրված պայմանագրից դուրս գալը չի արտացոլվի այդ գործունեության վրա, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Թմրանյութերի վերահսկողության դաշնային ծառայության  տնօրեն Վիկտոր Իվանովը: Նա ավելացրել է, որ այդ գործունեության լավագույն ապացույցը Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ վերջերս իրականացրած խոշոր օպերացիաներն են՝ Աֆղանստանի տարածքում հերոինի արտադրության լաբորատորիաների վերացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի գործողությունը՝ իրավապահ գործունեության և թմրանյութերի շրջանառության ոլորտներում համագործակցության վերաբերյալ, որն ստորագրվել է 2002 թ. սեպտեմբերի 25-ին: Համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ը ռուսաստանյան իշխանություններին  կանոնավոր կերպով  ֆինանսական օգնություն էր ցուցաբերում՝ հակաքրեական նախագծերն իրականացնելու համար:

Նախորդ հոդվածը‘Dolce&Gabbana-ի նորածինների օծանելիքը արդեն կարելի է ձեռք բերել 45 դոլարով’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Պետք է նախ աշխատատեղ ստեղծել, որ գոյություն չունի’