Ռուսաստանից հազարավոր մարդիկ են հեռացել

835

Ռուսաստանի հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքացիներ (ստույգ տվյալներ չկան) հեռացել են երկրից՝ Ուկրաինա ներխուժումից հետո։

Մարդիկ փախչում են վախից և անորոշությունից, ծայր առնող տնտեսական ճգնաժամից, չցանկանալով ասոցացվել պատերազմ սանձազերծած պետության հետ։

Ամենանախընտրելի ուղղությունն առայժմ Վրաստանն է։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից երկիր է ժամանել ավելի քան 20 հազար ռուսաստանցի։ ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին պնդում է, որ ժամանածներից մոտավորապես 3 հազարը կմնա երկրում։

Ամենահասանելի ուղղություններից են Հայաստանը և Թուրքիան, ուր հասնելը հեշտ է՝ չնայած տոմսերի կտրուկ թանկացմանը։ Բացի այդ, մարդիկ ժամանակավորապես կամ ընդմիշտ՝ առայժմ իրենք էլ չգիտեն, ժամանում են Ադրբեջան, ԱՄԷ, Ղազախստան, Ղրղզստան, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի առանց վիզայի երկրներ։

Նրանք, ովքեր հնարավորություն և վիզա ունեն, ավիահաղորդակցության դադարեցման պայմաններում երրորդ երկրներով հասնում են Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Եվրամիություն․ գնացքով՝ Ֆինլանդիա, կամ ավտոբուսով՝ Ռիգա։

Այդ հոսքն արդեն իսկ բարձրացրել է բնակարանների վարձավճարները։ Ժամանողներից շատերը անբարյացակամ ընդունելության են արժանանում․ նույն Թբիլիսիում վարձու տրվող բնակարանների հայտարարություններում հաճախ նշվում է, որ դրանք չեն տրվում ռուսաստանցիներին և բելառուսցիներին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոուրինյո․ Դուրս եկա բանտից
Հաջորդ հոդվածըՌուսաստանը խոստովանել է, որ Ուկրաինա են ուղարկվել ժամկետային զինծառայողներ