‘Ռուսաստանի ԱԳՆ. «ԵՄ-ն տառապում է մարդու իրավունքների հիվանդություններով»’

797

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2012-2013 թթ. «Եվրամիությունում մարդու իրավունքների ապահովման վերաբերյալ» զեկույցը, որում համոզմունք է հայտնում, թե ԵՄ-ն տառապում է մարդու իրավունքների լրջագույն հիվանդություններով: Զեկույցի հեղինակները վկայակոչում են տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի, Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարի զեկույցները, ԵԱՀԿ փաստաթղթերը, ինչպես նաև իրավապաշտպանների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացրած նյութերը:

«Եվրոպական միությունը շարունակում է իրեն ներկայացնել որպես աշխարհում մարդու իրավունքների համար պայքարի գլխավոր ֆորպոստ: Սակայն նրա սեփական իրավակիրառական գործունեությունն այդ ասպարեզում չի հաստատում նրա հավակնությունները», այս խոսքերով է սկսվում ռուսաստանյան արտաքին գերատեսչության 93 էջանոց զեկույցը: Ըստ զեկույցի հեղինակների՝ ԵՄ-ում ազգային փոքրամասնությունների և միգրանտների վիճակը «հեռու է կատարյալ լինելուց», անդամ-երկրներում նրանց շրջանում գործազրկությունը գերազանցում է այդ երկրի բնիկ ժողովրդի ներկայացուցիչների ցուցանիշը, ընդ որում՝ եկվորները հիմնականում զբաղեցնում են ցածր վարձատրվող և ժամանակավոր աշխատատեղեր: Բացի այդ, զեկույցի հեղինակների կարծիքով՝ ԵՄ երկրներում հասարակական կարծիքն ակնհայտորեն «թերագնահատում է նեոնացիզմի սպառնալիքը», մինչդեռ ազգայնականության գաղափարները և պրակտիկան բացասաբար են ազդում ողջ Եվրամիության կենսագործունեության տարբեր բնագավառների, այդ թվում՝ արտաքին քաղաքականության վրա: «Եվրամիությունը և նրա անդամ պետությունները գերակա են համարում իրենց նոր ազատական արժեքների տարածումը՝ որպես միջազգային ողջ հանրության կենսագործունեության համընդհանուր հիմք: Դա հատկապես երևում է նրանց կողմից սեռական փոքրամասնությունների իրավունքների ագրեսիվ առաջմղման օրինակով, երբ  փորձ է արվում այլ երկրների պարտադրել ընդունելու իրենց համար օտար տեսակետները համասեռականության  և համասեռ ամուսնությունների վերաբերյալ», BBC-ի փոխանցմամբ՝ ասված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության զեկույցում:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը Հարավային Սուդանի հակամարտող կողմերին հումանիտար օգնությունը գողանալու մեղադրանք է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Բացահայտվել է Գալուստ Սահակյանի «էկոնոմիա» անելու գաղտնիքը. «ՀԺ»’