‘Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել արձագանքել «Ռուսթավի 2»-ի հարձակումներին’

829

Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, որի հաղորդավարն ուղիղ եթերում հայհոյախոսել է Վլադիմիր Պուտինի հասցեին, երկուշաբթի գիշերը դադարեցրել է հեռարձակումը: Հեռուստաընկերության հաղորդավար Գեորգի Գաբունիան իր կիրակնօրյա «P.S» հաղորդման ընթացքում դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգտագործելով հայհոյանքներ:

Ինչպես հայտարարել է գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիան, հեռուստաընկերության աշխատակիցներին վտանգ է սպառնում շենքի մոտ բողոքի ակցիայի պատճառով:

 Հարյուրի չափ ակտիվիստներ հավաքվել են հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով, որ Գերորգի Գաբունիան հրապարակավ ներողություն խնդրի:

Վրաստանի իշխանությունները խստորեն դատապարտել են հաղորդավարին: «Սա սադրիչների պատերազմ է ընդդեմ սեփական երկրի, կողտոտ ու զզվելի խաղ՝ պետության և քաղաքացիների անվտանգության հետ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նույնպիսի հայտարարություններ են արել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարը, խորհրդարանի խոսնակը, Թբիլիսիի քաղաքապետը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ռուսաստանը միջազգային կազմակերպություններին կոչ է արել արձագանքել վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքում Ռուսաստանի ղեկավարության հասցեին արված հարձակումներին: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ երկուշաբթի տարածված մեկնաբանության մեջ: «Ակնկալում ենք համարժեք արձագանք միջազգային և տարածքային մասնագիտական կազմակերպությունների և լրագրողական հանրության կողմից: Նման կարգի դրսևորումները չպետք է տեղ գտնեն քաղաքակիրթ երկրներում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Փոխանցում են BBC-ն և tass.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘AS. ԿՈՆՄԵԲՈԼ-ը կարող է 2 տարով որակազրկել Մեսսիին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականը՝ աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ)’