‘Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի դոնորների մեծ համաժողով է նախատեսվում ‘

851

Ռուսաստանի  աջակցությամբ աշխատանքներ կտարվեն Հայաստանի համար դոնորների մեծ համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, ենթադրվում է, որ Համաշխարհային բանկի մասնակցությամբ կայանալիք այդ համաժողովը կարող է տեղի ունենալ 2014-ի առաջին կիսամյակում:

«Եվ հիմնական խնդիրը այս համաժողովի, լինելու է գտնել ֆինանսավորում մեծ ծրագրերի համար, որոնք ունեն ենթակառուցվածքային նշանակություն Հայաստանի տնտեսության հետագա խթանման համար: Դա է այն նորը, որը կարելի է արձանագրել մեր հարաբերություններում՝ երեկվա (Պուտին-Սարգսյան-խմբ.) հանդիպումից հետո», — նշել է Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի համար դոնորների մեծ համաժողով կազմակերպելու մասին խոսակցություններ են գնում 2011-ից ի վեր: Նախապես հայտարարվում էր, որ համաժողովը պետք է տեղի ունենա 2012-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Այնուհետեւ համաժողովը հետաձգվեց մինչեւ 2013-ի երկրորդ կիսամյակ, սակայն Սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ԵՄ պաշտոնյաները հասկացնել տվեցին, որ դոնորների համաժողովը տեղի չի ունենա:  

Նախորդ հոդվածը‘Հայերն ու բուլղարացիներն իրենց համարում են «ամենաբազմատանջ» ժողովուրդները’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելը այս իշխանության գլխավոր բնութագիրն է’