‘Ռուսաստանի գրողների միությունը հանդես է եկել ի պաշտպանություն Պուտինի ‘

964

Ռուսաստանի գրողների միությունը բաց նամակով դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին և Դաշնային ժողովին, որում աջակցություն է հայտնում իշխանությունների գործողություններին Ուկրաինայում: Նամակի տեքստը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Նամակի հեղինակները կարծիք են հայտնել, թե Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելով՝ «Արևմուտքի ապակառուցողական ուժերը անցել են բացահայտ հարձակման երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր բարոյական արդյունքի ՝ ֆաշիզմի և նացիզմի գաղափարախոսությունների արգելքի և դատապարտման նկատմամբ»: Նամակը ստորագրողների կարծիքով՝ Կիևի նոր իշխանությունները զբաղված են ոչ թե քաղաքացիաների անվտանգության և կարգուկանոնի պահպանմամբ, այլ «ռուսաց լեզուն արգելելով և հետապնդելով բոլոր նրանց, ովքեր ռուսերեն են խոսում»: «Դա նշանակում է, որ շուտով, ինչպես երրորդ ռայխում, կայրվեն համաշխարհային գրականության մեծագույն ներկայացուցիչների գրքերը», հայտարարվում է նամակում:

Նամակի վերջում գրողները շնորհակալություն են հայտնում Վլադիմիր Պուտինին՝ «ամուր կամքի և կշռադատված որոշումների համար» և հույս են հայտնում «դեպքերի արդարացի զարգացման» նկատմամբ:

Նամակը ստորագրել են մի քանի տասնյակ գրողներ, մասնավորապես՝ Անդրեյ Պեչյորսկին (արձակագիր, «Русь державная» թերթի գլխավոր խմբագիր), Անդրեյ Ռեբրովը (բանաստեղծ, «Родная Ладога» ամսագրի գլխավոր խմբագիր), Ալեքսանդր Բոբրովը (բանաստեղծ, հրապարակախոս,  «Советская Россия» թերթի թղթակից), Ստանիսլավ Կունյաևը («Наш современник» ամսագրի գլխավոր խմբագիր) և այլք: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի 47 երկրներ դատապարտել են Պուտինի գործողություններն Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Սարատովում 10 հազար ռուսաստանցիներ ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի’