‘Ռուսաստանի դատախազությունը պատասխանել է Գեւորգ Կոստանյանի դիմումին’

1717

Ռուսաստանի Դաշնության դատախազությունը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիմումին՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության գործով վարույթը Հայաստանին հանձնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:

Ընդ որում, ՌԴ դատախազության պատասխանում երեւում է, որ Կոստանյանի դիմումն ուղարկվել է փետրվարի 3-ին, մինչդեռ պատասխանը թվագրված է փետրվարի 20-ով:

«ՌԴ Գլխավոր դատախազությունում կազմակերպված է ՀՀ Գլխավոր դատախազության 03.02.2015-ի դիմումը՝ ՌԴ քաղաքացի Վ. Պ. Պերմյակովի մեղադրանքով գործը  Հայաստանի Հանրապետությանը  հանձնելու վերաբերյալ: ՌԴ դատախազության կողմից  դիմումի քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ՝ մոտակա ժամանակներս», — ասվում է ՌԴ դատախազության պատասխանում:

Հայաստանի դատախազությունը հրապարակել է պատասխանի լուսապատճենը: Ինչ վերաբերում է սեփական դիմումի լուսապատճենը հանրությանը ներկայացնելու հարցին, ապա Դատախազությունից նշում են, որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, «ուստի գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել», — ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի ծրագիրը՝ իմպիչմենտի ենթարկել Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեֆորմ» ՀԿ-ն միանում է մարտի 1-ին կայանալիք համաժողովրդական հանրահավաքին ‘