‘Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները կհանդիպեն Մինսկում’

1090

Չորեքշաբթի, փետրվարի 11-ին, Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հանդիպում կունենան Մինսկում: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը, ում խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:

Հանդիպման մասին տեղեկատվությունը հաստատել է նաեւ Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի մամլո ծառայությունը: Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ կողմերը ակնկալում են, որ իրենց ջանքերը Մինսկի հանդիպման ընթացքում կհանգեցնեն «անհապաղ եւ անվերապահ երկկողմանի կրակի դադարեցմանը»:

Զայբերտի խոսքերով՝ նույն օրը Մինսկում պետք է հանդիպեն նախորդ տարի Մինսկի հուշագիրը ստորագրած կողմերը, այդ թվում՝ ԵԱՀԿ, Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները:

Նա հաստատել է նաեւ, որ կիրակի, փետրվարի 8-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անցկացրել են հեռախոսային կոնֆերանս նույն հարցի վերաբերյալ:

«Խոսակցության ընթացքում նրանք շարունակել են աշխատանքը Ուկրաինայի արեւելքում հակամարտության համապարփակ լուծում մշակելուն ուղղված իրենց ջանքերի համատեքստում միջոցների փաթեթի վրա»,- նշել է Զայբերտը: «Այդ աշխատանքը կշարունակվի վաղը (փետրվարի 9-ին՝ այսօր) Բեռլինում նպատակ ունենալով  «նորմանդական ձեւաչափի» գագաթնաժողով անցկացնել չորեքշաբթի Մինսկում»,- ավելացրել է ԳԴՀ կառավարության ներկայացուցիչը:

Անցած տարվա դեկտեմբերի վերջին Պետր Պորոշենկոն հայտարարել էր, որ «նորմանդական քառյակի» հերթական հանդիպումը հնարավոր է կայանա հունվարի 15-ին Աստանայում (Ղազախստան), բայց այն այդպես էլ չկայացավ:

Վերջին անգամ, Պորոշենկոյի, Պուտինի, Մերկելի եւ Օլանդի միջեւ բանակցություններ անցկացվել են «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի ֆորումի շրջանակներում Միալնում 2014թ հոկտեմբերին: Համաշխարհային առաջնորդները, մասնավորապես, քննարկում էին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումն ու գազի հարցը:

Նույն տարվա հունիսին, դաշնակիցների զորքերի ներխուժման 70-ամյակին նվիրված միջոցառումերի կապակցությամբ Նորմադիա ժամանած 4 պետությունների ղեկավարները «ոտքի վրա» էին զրուցել Ուկրաինայի արեւելքի իրավիճակի շուրջ: Որպես հետեւանք Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների միջեւ կապը «նորմանդական ձեւաչափի» անունը ստացավ: 

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է՝ մոտ ժամանակներս Իրաքում սկսվի խոշոր ցամաքային հակաահաբեկչական գործողություն ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում եւ Իրաքում ոչնչացվել են «Իսլամական պետության» 7 հազար ահաբեկիչ’