‘Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները կհանդիպեն Մինսկում’

1065

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Մաքսային միության երկրների ղեկավարների` Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նուրսուլթան Նազարբաեւի, ինչպես նաեւ` Ուկրաինայի  նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը: Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մինսկում նախատեսված բանակցությունները կկայանան օգոստոսի 26-ին:

Կրեմլից հայտնում են նաեւ, որ գագաթնաժողովի ընթացքում Պուտինը մի շարք երկկողմանի հանդիպումներ կանցկացնի: Ընդ որում, չի հստակեցվում, թե մասնակիցներից կոնկրետ ում հետ Պուտինը երկկողմ հանդիպում կունենա:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ИТАР-ТАСС-ին տեղեկացրել է, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսված է «քննարկել Մաքսային միության երկրների հարաբերությունները Ուկրաինայի հետ`Կիեւի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքման ֆոնին»:

Եվրահանձնաժողովից տեղեկացնում են, որ հանդիպմանը ԵՄ-ից կմասնակցեն արտաքին քաղաքականության, առեւտրի եւ էներգետիկայի հարցերով հանձնակատարները: 

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը. կա 3 տուժած’
Հաջորդ հոդվածը‘Բացահայտվել են մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր ‘