‘Ռուսաստանի մամուլ. Օնիշչենկոն՝ խարդավանքների և աշխարհաքաղաքականության միջև’

819

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոյի պաշտոնանկության մասին լուրն այսօր ռուսաստանյան թերթերում ամենաքննարկվողն է, փոխանցում է BBC-ն:

«Коммерсант»-ը հիշեցնում է, որ Օնիշչենկոն այդ պաշտոնն զբաղեցրել է 2004 թվականից: Իսկ նրան պաշտոնանկ է արել  սոցիալական հարցերով փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: Հայտարարությունն արվել է Պեկինում, որտեղ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարած պատվիրակության կազմում էր նաև Գոլոդեցը: Վերջինս հայտարարել է, որ Օնիշչենկոյի պաշտոնավարման ժամկետը սպառվել է, ուստի նա լքում է այդ պաշտոնը, որն այսուհետ կզբաղեցնի Օնիշչենկոյի տեղակալ Աննա Պոպովան: Թերթը հաղորդում է, որ այս հայտարարությունից հետո վարչապետ Մեդվեդևի բանակցությունները ՉԺՀ իր գործընկեր Լի Կեցյանի հետ «մղվեցին երկրորդ պլան»: Վարչապետի մամլո քարտուղարը ստիպված եղավ հանդես գալ պարզաբանմամբ. « Օնիշչենկոյի պաշտոնանկության մասին հրաման չի ստորագրվել: Նման փաստաթուղթ չկա»: Ինքը Գենադի Օնիշչենկոն, որ այդ ժամանակ Մոսկվայում էր, արձագանքել է իր ոճով. «Այն տարօրինակ պերսոնաժը, որն արել է այս հայտարարությունը, չի պատկանում որոշում կայացնող մարդկանց թվին»: Ըստ «Коммерсант»-ի՝ Օնիշչենկոյի պաշտոնանկությունը, ամենայն հավանականությամբ, համաձայնեցվել է Դմիտրի Մեդվեդևի հետ, և նա զոհ է գնացել երկու պետական կառույցների՝ Ռոսսելխոզնադզորի և Ռոսպոտրեբնադզորի միջև եղած հակասություններին:

«Ведомости»-ն իր խմբագրականում նշում է, որ մթերքների արտահանման բազմաթիվ արգելքներով և կարանտինային միջոցառումներով Օնիշչենկոն վաստակել էր ռուսաստանցիների առողջության համար պայքարող մարտիկի և «արտաքին մանրէների նախարարի» փառքը: «Գործածեցին-գործածեցին, ու հանկարծ անպիտա՞ն դարձավ: Գուցե ասիմետրիկ պատասխանները դադարեցի՞ն արդյունավետ լինել (Ուկրաինան մտնում է ԵՄ): Գուցե ժողովուրդն սկսեց ուշադրություն դարձնել սեփակա՞ն մանրէներին»,- հեգնանքով եզրակացնում է թերթը:

 «Известия»-ն հրապարակել է «Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Միխայիլ Վինոգրադովի մեկնաբանությունները: Վերջինս նշում է, որ իր ինքնիշխանությամբ և քաղաքական նշանակալիությունն ի ցույց դնելով ՝Գենադի Օնիշչենկոն իրեն պահում էր ուժային նախարարի պես, թեպետ նրա կարգավիճակը մի քանի աստիճանով ցածր էր, և գուցե հենց դա էլ նյարդայնացրենում էր գործարար հանրությանը և իշխող էլիտային:

«Московский комсомолец»-ը նշում է, որ ՌԼԴԿ-ն և ՌԴԿԿ-ն մտադիր են հանդես գալ գլխավոր սանիտարական բժշկի պաշտպանությամբ և թույլ չտալ նրա պաշտոնաթողությունը: 

 

Նախորդ հոդվածը‘«Կոռուպցիան Հայաստանում». Բնույթը և հետևանքները’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Յուրիկ Վարդանյանի որդու ձերբակալությունից. Մամուլ’