‘Ռուսաստանի նոր դեսպանը մեծ ուշադրություն է դարձնելու ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծմանը. Քաղաքագետ’

1021

Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան Իվան Վոլինկինը կշարունակի Վյաչեսլավ Կովալենկոյի դիվանագիտական ուղենիշը և կօգտագործի դիվանագիտական իր մեծ փորձառությունը՝ հայ-ռուսական հարաբերություններն ավելի ամրապնդելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ամենափորձառու դիվանագետն էր և պատահական չէ, որ նա եղել է Ռուսաստանի դեսպանը Վրաստանում ամենալարված շրջանում:

«Նախկին դեսպանը մեծ աշխատանք է տարել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև 2010 թ.-ի երկկողմ մեծ պայմանագրի կնքման հարցում, բացի այդ, Կովալենկոն բավականին խորը տեղեկություններ ուներ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ»,- Սերգեյ Մինասյան խոսքերն է մեջբերում PanArmenian.net-ը:

Քաղաքագետը նաև նշեց, որ Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը նույնպես լավ տեղեկացված է Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ և նաև Ռուսաստանի արտգործնախարարությունում աշխատաքային մեծ փորձառություն ունի: Սերգեյ Մինասյանը կարծում է, որ նոր դեսպանը շեշտը դնելու է հայ-ռուսական ռազմա-քաղաքական, առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացման վրա, ինչպես նաև` մեծ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծմանը:

Ավելացնենք, որ մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Իվան Վոլինկինը նշանակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան: Այս պաշտոնում Իվան Վոլինկինը փոխարինում է Վյաչեսլավ Կովալենկոյին, ով 2009 թվականից գլխավորում էր ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունը Երևանում:

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ-ում դժգոհ դասախոսների թիվը շատանում է’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Եթե չխաղա Օզբիլիսը՝ կխաղա Էդգար Մանուչարյանը’