‘Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում կկայանա Սարյանի գործերի ցուցահանդեսը ‘

1397

Հռչակավոր հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը մոտ օրերս տեղի կունենա Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում: Միջազգային մշակությային ֆորումի շրջանակներում նախատեսվող ցուցահանդեսի համար Հայաստանից Ուլյանովսկ են տարվել 1908-ից 1972թթ.  նկարչի կողմից ստեղծված գործերը:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, սա Ռուսաստանում Սարյանի գործերի առաջին ցուցահանդեսը կլինի: Ներկայացվող ցուցանմուշները Ռուսաստան են տարվել Սարյանի թոռնուհու՝ գեղանկարչուհի Սոֆյայի եւ նրա որդի Դավիթի ուղեկցությամբ:

Ուլյանովսկի ՝ Արկադի Պլաստովի թանգարանի տնօրեն Տատյանա Վերեշչագինայի խոսքերով, սեպտեմբերի 27-ին մեկնարկող ցուցահանդեսը կմիավորի երկու գեղանկարիչների՝ Մարտիրոս Սարյանի եւ Արկադի Պլաստովի ցուցանմուշները, որոնք բարեկամական ամուր կապերով էին կապված երկար տարիների ընթացքում:

«Նկարիչների կենսագրությունն ուսումնասիրելիս մեզ զարմացնում էր նրանց ճակատագրերում եղած զուգահեռները, որոնք կապված են բազմաթիվ նուրբ թելերով: Դա վերաբերում է նրանց մանկությանը, ուսմանն ու նույնիսկ մահվան հանգամանքներին՝ նրանք երկուսն էլ կյանքից հեռացան գրեթե միաժամանակ՝ ստեղծագործական կատարելության զենիթում», — ռուսական գործակալությանը տված հարցազրությցում ասել է Վերեշչագինան: 

Սարյանի թոռնուհի Սոֆյան իր հերթին նշել է, որ Ռուսաստան են տարվել նկարչի ստեղծագործական կյանքի գրեթե բոլոր փուլերն ընդգրկող աշխատանքներ: Դրանց թվում է Սարյանի ամենավաղ՝ 1908-ին ստեղծված գործերից մեկը, ինչպես նաեւ՝ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ եւ 1972-ին՝ Սարյանի կյանքի վերջին տարում ավարտած նկարը: Նկարչի ժառանգները թանգարանին են հանձնել նաեւ Սարյանի մասին պատմող ֆիլմը:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական Բաքուն բողոքում է Սաֆարովի մասին Ժիրինովսկու արած արտահայտությունների կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Վ. Համբարձումյանի անվան մրցանակ է հանձնել մերձբալթյան գիտնականների’